Քննությունը հիմա էլ շարունակվում է, եւ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում․ Մարտի 1-ի գործով դատախազ |news.am|

07:55 - 31 հունվարի, 2020

news.am։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է դատախազությունը հակառակվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի բոլոր նյութերը հանձնելուն։

Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրել է, որ քննությունը հիմա էլ շարունակվում է, եւ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում։ Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի մասը առանձնացվել է առանձին վարույթով, համապատասխանաբար՝ դրան վերաբերող նյութերը հանձնվել են պաշտպանության կողմին։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գործի նյութերի լրիվ ծավալին ծանոթանալու արգելքը սահմանափակում է իր պաշտպանյալի իրավունքները։ Փաստաբանի խոսքով՝ դատախազությունը ընրովի է ներկայացրել նյութերը, օրինակ, կան մեկ ոստիկանի ցուցմունքները ինչ-որ դրվագի մասին, բայց չկան այդ դրվագի մասին մյուս ոստիկանի ցուցմունքները։ Փոխարենը կան նյութեր իրադարձությունների մասին, որոնք ոչ մի կապ չունեն Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, նշել է Հովհաննես Խուդոյանը։ «Դա անվստահություն է ներշնչում դատախազության գործունեության նկատմամբ»,- ավելացրել է փաստաբանը՝ նշելով, որ պաշտպանության կողմը չի խնդրում քննության վերականգնումից հետո ստացված նյութերը։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանության կողմը կարող է նյութերի հետ ծանոթանալ քննության գաղտնիքի շրջանակում՝ համապատասխան գրություն տալով չհրապարակման մասին, իսկ եթե հայտնաբերվեն պաշտպանության իրականացման համար կարեւոր նյութեր՝ միջնորդել դատարանում դռնփակ դրանց դիտարկման մասին։

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր փաստաբանների միջնորդությունը գործի բոլոր նյութերը հանձնելու մասին։ Դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել