armtimes.com: Նախորդ տարի Տավուշի մարզում տասնապատիկ կրճատվել են անտառահատման դեպքերը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները:
«30 տարի շարունակվող անտառի թալանի պրոցեսը նախորդ տարի կանգնեցվել է: Անտառներն այժմ գտնվում են պետական հոգածության ներքո: Անօրինական հատումն այլեւս չի լինելու շարունակական պրոցես»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ ապօրինի անտառահատման դեպքերի 90 տոկոսն այժմ բացահայտվում է անտառի կառավարման նոր միջոցառումների շնորհիվ: Չոբանյանը նշեց, որ իրականում ապօրինի անտառահատումների դեմ պայքարելը հեշտ չէ, քանի որ այս ոլորտում տարեկան 500 մլն դոլար սեւ եկամուտ է շրջանառվել:
Մարզպետը կարծում է, որ մարզպետարանին հաջողվել է կրիմինալ ենթակառուցվածքների դեմ գործընթաց տանել: Նա, սակայն, հույս ունի, որ տարիների ընթացքում կկարողանան հասնել նրան, որ անտառի պահպանումն իրականացվի միայն կառավարման համակարգով՝ անտառապահների օգնությամբ, քանի որ այժմ դեռ իրավապահներ են ներգրավված այս գործընթացում:
comment.count (0)