ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ |armenpress.am|
14:34 - 12 փետրվարի, 2020

ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է համայնքներին հնարավորություն տալ իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում անել կապիտալ ծրագրերում:

Տեղական ինքնակառավարման մասին օրենքում  լրացում կատարելու մասին և ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 12-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Համայնքներին հնարավորություն ենք տալիս իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում»,-ասաց Տերտերյանը:

Նա նշեց՝ համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն, օրինակ՝ պետական որևէ ծրագրի կամ ներդրումային ծրագիր կարող է համաֆինանսավորվել համայնքի ֆոնդային բյուջեից:

Փոխնախարարը նկատեց՝ կան շատ դեպքեր, երբ համայնքներում կատարվում են ներդրումներ հատկապես համայնքային սեփականության ենթակառուցվածքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել