Հայաստանին տրված մեքենաների ներկրման արտոնությունը ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ.Մհեր Գրիգորյանը՝ ավտոներկրողների խնդիրների մասին|tert.am|
19:57 - 12 փետրվարի, 2020

Հայաստանին տրված մեքենաների ներկրման արտոնությունը ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ.Մհեր Գրիգորյանը՝ ավտոներկրողների խնդիրների մասին|tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ավտոներկրողների խնդիրները, որոնց հետ ավելի վաղ հանդիպում էր ունեցել:

Պատգամավորի խոսքով՝ նախորդ տարի Հայաստան է ներկրվել է 189 հազար ավտոմեքենա, որից 22 հազարն արտահանվել են Ղազախստան, 37 հազարը Ռուսաստան. «Նշանակում է, որ մեր Հանրապետությունում 130 հազար մեքենայից ավելի մնացել են, որոնց մեծ մասը իրացման ակնկալիքով է»,- ասաց նա:

Ղազախական իշխանությունները հորդորել էին հայկական համարանիշներով մեքենաներ ունեցող Ղազախստանի քաղաքացիներին հաշվառել մեքենաներն իրենց երկրում, ինչից հետո նրանք արդեն հայ ավտոներկրողներից մեքենաներ չեն գնել: 

«Հունվարի 1-ից հետո ավտոներկրողներն իրենց մեքենաների իրացման հետ կապված որոշակի խնդիրների առաջ են կանգնել: Մարդիկ իրենց ռիսկերն ունեն, վարկեր են վերցրել, խնդիրներ կան: Իրավական առումով՝ հաշվի առնելով հաշվառման հետ կապված հայտնի պատմությունները, մենք խնդիր ունե՞նք: Կառավարությունն ինչ է մտածում ԵԱՏՄ շրջանակում ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու հետ կապված քայլեր իրականացնելու ուղղությամբ, որ մեր ավտոներկրողները կարողանան իրենց մեքենաներն արտահանել՝ ոչ միայն Ղազախստան, այլևս ԵԱՏՄ այլ երկրներ»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան պատգամավորի հարցերի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ 2015թ. Հայաստանին տրված արտոնությունն ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ:

«Իսկապես, բարդ հարց եք բարձրացնում: Արտոնությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ն ստացել է ժամանակին, ունեցել է սոցիալական բնույթ, ոչ թե բիզնես, առևտրային կամ սպեկուլյատիվ բնույթ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական արտադրություն, երբեք չեն համաձայնվել, չեն էլ համաձայնվի, որպեսզի լինի կոմերցիոն արտոնություն: Այս հարցին պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք»,- նշեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև հայտնեց, որ որևէ իրավական վտանգ չկա Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք մեքենաների առքուվաճառքի գործարքներ են իրականացրել Ղազախստանի քաղաքացիների հետ:

«Ի՞նչ կլինի ապագայում, կարծում եմ, որ պետք է մոբիլիզացվենք՝ խորհրդարանը՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում, մենք էլ՝ միջկառավարական հարաբերությունների շրջանակներում, փորձենք մեղմել»,- ասաց նա:

Արձագանքի ժամանակ Միքայել Մելքումյանը համաձայնեց, որ խնդիրն իսկապես հեշտ չէ լուծել, բայց պրոցեսները կանխատեսելի են եղել. «Այսինքն՝ ոչ թե գար խնդրի ժամանակը ու հիմա սկսենք զբաղվել»,- նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել