shantnews.am: ՊՊԾ գնդի գրավման գործով վկա, քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, որը նախորդ նիստին ներկայացել էր դատարան, բայց հրաժարվել էր պատասխանել դատավորի ու կողմերի հարցերին, այսօր ևս դատարանում էր և ցանկություն հայտնեց ցուցմունք տալ:
Էդգար Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել առանց իր պաշտպանյալի և խնդրեց հանրային պաշտպան ներգրավել: Դատարանը որոշում կայացրեց դատարան հրավիրել Ավետիսյանին, որը նախորդ նիստին պաշտպանում էր Էդգար Սողոմոնյանի շահերը: Ընդմիջում հայտարարվեց, մինչ պաշտպանը կներկայանար դատարան:
Ավետիսյանի ժամանելուց հետո Էդգար Սողոմոնյանը փոխեց իր՝ նախկինում տված ցուցմունքը:
«Արմեն Բիլյանի ձեռքին զենք չեմ տեսել, հետս մի քիչ լարվածություններ են եղել, բայց ես իրականում չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց։ Ես ինքնակամ ցուցմունք եմ տալիս, ուղղակի իմ խղճի համար, խիղճս տանջում էր և որոշեցի խոսել, ոչ ոք ինձ չի ասել։ Ես այն ժամանակ վախի զգացում եմ ունեցել. մի խոսքով, ես այդ ցուցմունքից հրաժարվում եմ և բոլորի մոտ ասում` ես Բիլյանին կրակելուց չեմ տեսել»,- ասաց Էդգար Սողոմոնյանը:
Այդ ցուցմունքից հետո Արմեն Բիլյանը շնորհակալություն հայտնեց նրան։
Էդգար Սողոմոնյանը նաև ասաց դատարանին, որ ցուցմունք տալիս իր վրա ճնշումներ են եղել, բայց ֆիզիկական բռնություն չի եղել: Դատավորի հարցերին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Էդգար Սողոմոնյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, միայն ասաց, որ ճնշումներ են եղել:
comment.count (0)