Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|
16:22 - 20 փետրվարի, 2020

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այս մասին տեղեկությունը հաստատեց Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը։

Նախկինում Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր  Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Այսինքն՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։

Պաշտպանը նշեց, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն Աբրահամյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեր հարցին՝ Աբրահամյանը որևէ անձի հետ առերեսվե՞լ է, պաշտպանը պատասխանեց, որ որևէ առերեսում տեղի չի ունեցել՝ չնայած հանգամանքին, որ գործում առկա են Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ։

Կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել փետրվարի 18-ին։ Այն քննվել է երեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նիստը տևել է մինչև ուշ գիշեր, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել