Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 25–ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում: Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ Մհեր Գրիգորյանի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին: Գրիգորյանը նշել է, որ ՄՖԿ-ի հետ գործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները:
Ջորջինա Բեյքերը նշել է, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահի՝ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին՝ հասկանալու համար կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ-ի կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին:
Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին:
comment.count (0)