Մեր քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել բեռնափոխադրումերի համար Իրան տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց․ Նիկոլ Փաշինյան
12:58 - 02 մարտի, 2020

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել բեռնափոխադրումերի համար Իրան տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց․ Նիկոլ Փաշինյան

Այն հայրենակիցներին , որոնք որևէ ախտանիշ չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության նախարարության  հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել անձնական հիգիենայի կանոները, նրանց, ում մոտ կան որոշակի ախտանշաններ՝ կոչ եմ անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հաստատություններ և սպասել պատասխաններին։ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բնական է, որ վերջին օրերին ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար,  այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք»,- նշել է նա։

Վարչապետն ասել է, որ աշխատանքային խումբն այսօր կպատրաստի կառավարության որոշումները, իսկ կառավարությունը  հեռակա նիստով այդ որոշումները կընդունի։ Վաղվանից արդեն դրանք կմտնեն ուժի մեջ։

«Կա արդեն որոշում որ ուսումնական  հաստատություններում մեկ շաբաթ  արձակուրդը առաջ է բերվել,  շաբաթվա վերջում կտեսնենք իրավիճակը և, ըստ այդմ,  կկայացնենք որոշումներ։  Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու  այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում։ Նախ, չենք կարող բոլոր ուղղությունները փակել, որոհետև դա նշանակում է՝ 100 տոկոսով մեկուսանալ։ Այս  պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները  և ավելի  ինտենսիվ աշխատանքներ ենք տանում ամենառիսկային ուղղություների մասով»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ կխստացվեն նաև բեռնափոխադրումների տեղափոխման գործընթացները։ Այսօր ՊԵԿ-ը և Էկոնոմիկայի նախարարությունը  միասին կաշխատեն, բեռների համար էլի կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության ։

«Պետք է խնդրենք, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումերի համար Իրան տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել