Մուրացիկի սերունդ են դաստիարակել. ինչո՞ւ են դուրս եկել ՀՀԿ-ից եւ ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը |araratnews.am|
23:10 - 04 մարտի, 2020

Մուրացիկի սերունդ են դաստիարակել. ինչո՞ւ են դուրս եկել ՀՀԿ-ից եւ ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը |araratnews.am|

araratnews.am: ՀՀԿ-ի շարքերը շարունակում են նոսրանալ: Մամուլն այսօր գրել է, որ ՀՀԿ-ից դուրս են եկել «հնաբնակներ» Լեռնիկ Ալեքսանյանն ու Ֆիրդուս Զաքարյանը՝ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը:

Araratnews.am-ը զրուցել է Ֆիրդուս Զաքարյանի հետ՝ ՀՀԿ-ից դուրս գալու եւ ներքաղաքական գործընթացների մասին:

Պարոն Զաքարյան, մամուլը գրել է՝ դուրս եք եկել ՀՀԿ-ից: Հաստատե՞ք, թե՞ հերքեք տեղեկությունը:

Հունվարի 13-ին մի քանի անդամներով ՀՀԿ-ից դուրս ենք եկել:

Ի՞նչն էր պատճառը: Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն այլեւս ակտուալ չէ՞ր, չուներ այն հզորությունը, որը կար նախկինում:

Պատճառների մասին գրել ենք: Անհամաձայնություն կար այն իրավիճակի հետ, որը կար կուսակցությունում: ՀՀԿ-ը չի ցանկանում նորանալ, իր անցյալի հետ առերեսվել: Դա էլ մեր կողմից քննադատության է արժանացել:

Ձեզ հետ դուրս է եկել նաև Լեռնիկ Ալեքսանյա՞նը:

Այո, ես, Լեռնիկ Ալեքսանյանն ու Ռազմիկ Մարտիրոսյանը: Տեսել ենք՝ ոչինչ չի փոխվում, չեն էլ ուզում փոխվել, հին մեթոդներ, հին մոտեցումներ, խորհրդի նիստ էլ չեն հրավիրում, համագումար էլ չեն անում, այսինքն՝ մեռյալ վիճակ, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Տարվա ընթացքում մի քանի անգամ զբաղվել են ուտուշխմուշային միջոցառումներով, որը մենք չէինք կարող հանդուրժել: Ես հոդվածներից մեկում գրել եմ՝ ՀՀԿ-ը դարձել է Սերժ Սարգսյանին գրպանային կուսակցություն, որը ապագա չունի, նմանվում է մի աչքը կույր, մի ոտքը կաղ կուսակցության, որը մի ծառի տակ կնստի ու կմնա: Կուսակցության մեջ կան ազնիվ մարդիկ, որոնք հեռու են մնացել այն երեւույթներից, որոնք արել է կուսակցության ղեկավարը մի խումբ մարդկանցով՝ իր սեփական շահի համար՝ թքած ունենալով կուսակցության շարքային անդամների հեղինակությանը ու մեր երկրի շահերին:

Երբ այս ամենն ասացիք Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ում, ի՞նչ ասաց:

Մի անգամ՝ ՀՀԿ-ի վերջին խորհրդի նիստում՝ 2018 թ-ի նոյեմբերին, երեքս էլ ելույթ ենք ունեցել, խոսել ենք, բայց արժանացել ենք բացասական վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը հեգնանքով ասաց՝ չեք ուզում, կարող եք դուրս գալ:

Իսկ մյուս ՀՀԿ-ականներն ի՞նչ էին ասում՝ համեմատաբար երիտասարդները, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:

Չգիտեմ: Հիմա մանրամասները չեմ հիշում: Դրանից հետո խորհրդի նիստ չի եղել: Մենք ուզում էինք՝ լինի եւս մի խորհրդի նիստ, որպեսզի առաջարկեինք Սերժ Սարգսյանին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալ: Նիստն այդպես էլ տեղի չունեցավ, մեզ էլ հասկացրին՝ Սերժ Սարգսյանը չի թողնելու կուսակցությունը:

Ձեր մեկնաբանությունն ընթերցելուց հետո ընթերցողները մոդայիկ հարց կտան՝ բա Սերժ Սարգսյանի ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում: Այն ամենը, ինչ Դուք հիմա եք ասում, ասե՞լ եք մինչեւ հեղափոխությունը Սերժ Սարգսյանին:

Ես համարյա քաղաքականությունից հեռու եմ եղել՝ որպես քաղծառայող, որպես աշխատակազմի ղեկավար: Այսպես ասած «աջս քաշած» եմ պահել: Երբ մի սենյակի մեջ են, ծխում են, ծխի վնասակարությունը չես զգում: Հանկարծ պատուհանը բացվում է, թարմ օդից զգում ես՝ ինչ մթնոլորտում ես: Ապրիլյան հեղափոխությունն այդ հնարավորությունը տվեց: Այն գաղափարները, որոնք որդեգրել է ՀՀԿ-ը 1998-ին, ինձ խորթ չեն, դրանցից ես չեմ հեռացել: Մենք ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ձեւավորել ենք մի հասարակական կազմակերպություն՝ «Միասնություն» դաշինքի գաղափարակիրների ակումբ: Հիմա հասկացանք՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ժառանգությունից ՀՀԿ-ն այնքան է հեռացել… Հասկացանք՝ ՀՀԿ-ն այսօրվա ղեկավարության պատճառով վաղուց հեռացել է այդ գաղափարներից, այլասերվել է, անգամ դավաճանել դրանց: Այսօրվա ՀՀԿ-ը դարձել է խոշոր բուրժուազիայի կուսակցություն, պաշտպանել դրա շահը, այսօր էլ պատրաստվում է պաշտպանել այն: Տեսեք՝ օլիգարխներից մի քանիսն են հավաքվել ՀՀԿ-ի շուրջը, հասարակ ժողովուրդ չկա: Մարդկանց համոզելով, խնդրելով բերում են, որ ցույց տան՝ իբր ՀՀԿ-ում մարդ է մնացել: ՀՀԿ-ի կողքին մնացել են մարդիկ, որոնք իրենց հարստությունը բազմապատկել են այս տարիներին: Սա վաղ թե ուշ կհասկանան նաև ՀՀԿ-ի շարքային անդամները, որոնք կամ դուրս կգան այդ կուսակցությունից, կամ կհարեն այլ գաղափարներով առաջնորդվող քաղաքական կառույցների:

Ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ի վերածնունդ հնարավո՞ր է կուսակցությունից դուրս եկածների շնորհիվ:

Ես հիմա նման բան չեմ տեսնում, քանի որ քաղաքական վերադասավորումներ են: Բայց եթե Սերժ Սարգսյանը թողներ կուսակցությունը, ինքնըստինքյան դա կլիներ: Շատերի հետ եմ զրուցել, բոլորն էին սպասում, որ Սերժ Սարգսյանը կհեռանա նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից, քանի որ թողել է նաև երկրի ղեկավարի պաշտոնը, հնարավորություն կտա երիտասարդներին, չվարկաբեկվածներին աշխատել, կուսակցությունը վերադարձնել ակունքներին: Սակայն դա տեղի չունեցավ:

Որպես պետական ապարատի փորձառու աշխատակից՝ պատրա՞ստ եք աջակցել իշխանությանը՝ հանուն երկրի զարգացման:

Երբ նոր նախարարը նշանակվեց (նկատի ունի Մխիթար Հայրապետյանին- հեղ.), դիմում գրեցի եւ դուրս եկա, քանի որ պարկեշտ չէ՝ նոր իշխանության հետ աշխատեր ՀՀԿ խորհրդի անդամը: Բայց նաև գրել եմ, որ պատրաստ եմ աջակցելու իշխանությանը, ողջունում եմ այս փոփոխությունները՝ անկախ նրանից՝ այս իշխանության վերեւում եմ, թե ներքեւում: Այս ընթացքում հանդես եմ եկել հրապարակային հոդվածներով: Այնպես, ինչպես ընկալում եմ երեւույթները, այդպես էլ արտահայտվում եմ: Հին նավը չեմ լքել, բայց հասկացել եմ՝ նավի ղեկավարությունը վաղուց դավաճանել է նավի անձնակազմին:

Ինչքան էլ Դուք ձեր «աջը քաշած» եք եղել, որպես ՀՀԿ-ական, իշխանավոր՝ անուղղակի չունե՞ք պատասխանատվություն 10 տարիների իրավիճակի համար:

Այն ժամանակ էլ, հիմա էլ ես պատասխանատու եմ ինձ համարում, ունեմ այդ մեղքի զգացումը: Ամեն ինչ չէ, որ իմացել եմ: Ամեն անգամ ընտրակաշառքներով ընտրություններից հետո իմ անձնական դրաման եմ ապրել ու չեմ արտահայտվել՝ այսպես ասած՝ խեցու մեջ փակված եմ եղել: Հարգում եմ նրանց, ովքեր բարձրաձայնել են: Ընտրակաշառքների առաջին հարվածը զգացել եմ իմ մաշկի վրա 2003 թ-ին, երբ համատարած փող բաժանելու պարագայում ես, իմ ընկերներն ինչպիսի անհարմար վիճակում էինք. ազգուտակ, բարեկամներ մի քանի հազար դրամի համար մուրացիկի պես վազում էին այն կենտրոնները, որտեղ այդ փողը բաժանում էին: Բայց հետագայում ինձ համարում եմ քաղաքականությունից հեռացած մարդ:

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց համակիրները հայտարարում են՝ այս իշխանությունը շուտով տապալվելու է, անում են ամեն ինչ՝ նորից իշխանություն ունենալու համար: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս ամենի մասին, արդյոք հնարավոր է վերադարձի սցենարը:

Մարդկանց մի տեսակ կա, որ անտառ մտնելիս այնքան է վախենում, որ սկսում է ձայներ հանել, մտածելով՝ կարող է վախեցնել դիմացինին: Վախից ինչ ձայներ ասես հանում են: Անկախություն սերունդ դաստիարակելու փոխարեն դաստիարակել են մուրացիկների սերունդ, որով մենք առաջ չենք գնա: Նոր իշխանությունը, ինչքան էլ վրիպումներ, բացթողումներ ունենա, մի շատ կարևոր հարց լուծեց՝ ժողովրդին վերադարձրեց գործոն լինելու իրավունքը: Այս առումով Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն անելիք չունեն: Ովքեր հույս ունեն՝ պետք է վերադառնան, չեն վերադառնա այս զինակիցների տեսքով: Ինչ իրավիճակ էլ լինի, ժողովուրդը նորից գնալու՝ ոչ է ասելու, ասելու է մերժիր Ռոբերտին, Սերժին: Նրանք սպառել են իրենց, այնպիսի վերք են թողել մարդկանց հոգիներում, որ այս սերունդը, որ մի անգամ հավաքվել է հրապարակում, նորից կհավաքվի ու նորից կմերժի նրանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել