ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից. հայտարարություն
15:37 - 10 մարտի, 2020

ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից. հայտարարություն

ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակն ու ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը վաղ առավոտից ստանում են հարցումներ՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի` ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ: Հանրային խորհուրդը դատապարտում է բռնությունն արդարացնող կոչերը և պաշտոնապես հայտնում, որ ՀԽ անդամների և/կամ հանձնաժողովների անդամների որևէ հայտարարություն, կոչ, ուղերձ, գրառում կամ կարծիք չի կարող վերագրվել Հանրային խորհրդին, քանի դեռ տվյալ հայտարարությունը չի հաստատվել խորհրդի կամ հանձնաժողովի նիստում և չի արտահայտում բացարձակ մեծամասնության կարծիքն ու մոտեցումները:

Այնուհանդերձ, ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից և հաշվի առնելով Ա. Միրզոյանի՝ որպես ՀԽ անդամակցող անձի՝ իրավական նորմերին և էթիկական մի շարք սկզբունքներին հակասող հանրային անընդունելի վարքի դրսևորումը, ՀԽ առաջիկա նիստում պարտադիր քննարկման կդրվի հանձնաժողովում նրա հետագա անդամակցության հարցը:

Լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք համագործակցություն՝ ՀԽ անդամների և ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մի քանի հարյուր անդամների անձնական կարծիքները ներկայացնելիս ՀՀ Հանրային խորհուրդը վկայակոչելուց զերծ մնալու հարցում: Որևէ իրադարձության, խնդրի, հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում կարող է հրապարակվել բացառապես պաշտոնական աղբյուրներով՝ publiccouncil.am կայք և ՀԽ ֆեյսբուքյան էջ: ՀԽ գրասենյակը մշտապես հասանելի է բաց աղբյուրներով հրապարակված կապի բոլոր միջոցներով և պատրաստակամ է հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել լրագրողների հարցերին, ըստ անհրաժեշտության՝ տալ մեկնաբանություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել