Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը
17:12 - 18 մարտի, 2020

Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ` կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»։

Պատասխանում մասնավորապես ասված է․

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել առևտրային բանկերի, տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի վարկային պարտականությունների վերանայմանն ուղղված Ձեր առաջարկը ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ուշի ուշով հետևում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ինչպես միջազգային շուկաներում, այնպես էլ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը և այլ պայմանները փոփոխված դրամական հոսքերին համապատասխանեցնելու տարբերակներ։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջիններս շատ արագ արձագանքել են մեր հորդորին։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ առևտրային բանկերի կողմից ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները չեն կարող կրել համատարած բնույթ։ Դրանք միտված են լինելու կոնկրետ ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին՝ ելնելով իրենց գործունեության ոլորտից և դրանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված հետևանքներից։

Միաժամանակ հայտնում ենք, որ թե՛ Բանկերի և վարկային կազմակերպությունների միությունները, թե՛ առանձին բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել իրենց պատրաստակամությունը աջակցելու  հաճախորդներին։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական համակարգում ներկայումս տիրող իրավիճակին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է կիրառել ցանկացած գործիքակազմ՝ ապահովելու ինչպես իր հիմնական նպատակ հռչակված գների և ֆինանսական կայունությունը, այնպես էլ վարկառուների և ավանդատուների շահերի պաշտպանությունը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել