Արթուր Ջավադյան

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ։

1981-1986թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում՝ ինժեներ-մեխանիկ, 1986-1989թթ.՝ «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ-ի ասպիրանտ, 2002թ. սովորել է Միջազգային ֆինանսների ճապոնական կենտրոնում, 2001թ. Տորոնտոյի վերին ղեկավարության միջազգային կենտրոն, 2000 թ. Բանկային ոլորտին վերաբերող միջազգային սեմինարներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ; 1998 թ. Շվեյցարիայի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն, 1994 թ. Նյու-Յորքի Ամերիկյան բանկային գործի ինստիտուտ։ Աշխատանքային գործունեություն․ 20.08.1986 թ.-23.12.1986 թ. «Հայգյուղտնտմեքենայացում» ԳԱՄ, ինժեներ-կոնստրուկտոր, 1987-1989 թթ. «Գլխհայջրշին» տրեստ, երկրորդ կարգի ինժեներ, 1989-1991 թթ. «Երևան» բանկ, մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ, վարչության անդամ,1991-1997 թթ. «Հայինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ: 1997-1999 թթ. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ, 1999-2000 թթ. «Հայինվեստբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահի ֆինանսների գծով խորհրդական, 2000-2001 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 2001-2003 թթ. ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ, 01.09.2003 թ.-20.10.2003 թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:

2003-2008 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։ 2008 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ)։ 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի կառավարիչ։

2008 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ։ 2014 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ 2014 թ. հունիսի 12-ից վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ 2020 թվականին լքել է պաշտոնը։ Հունիսին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Խորհրդի կազմում նիստին մասնակցել են «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Եվգենի Կանդելը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Տնտեսական խորհրդի հարգելի անդամներ, մասնակիցներ, Ուրախ եմ ընդունելու խորհրդի անդրանիկ նիստը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորհրդի անդամներին հրավերն ընդունելու և տնտեսական քաղաքականության ձևավորման վերաբերյալ օբյեկտիվ տնտեսական խորհրդատվություն տրամադրելու միջոցով Հայաստանի կառավարությանն աջակցելու է, երբ համաշխարհային տնտեսությունն անցնում է տրանսֆորմացիոն ալեկոծությունների միջով, որպես համաճարակի, թվային փոխակերպման արագացող տեմպերի, կլիմայի փոփոխության և աշխարհաքաղաքական լարվածության հետևանք։ Որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են գնաճի արագացումը և մատակարարման շղթաների խզումը, հատկապես դժվար են փոքր տնտեսությունների համար: Հայաստանը բացառություն չէ: Մենք տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, բայց հասկանում ենք, որ ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը մեծապես կախված կլինի այսօրվա մեր բարեփոխումների և նախագծերի ճկունությունից և արդյունավետությունից: Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի և կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, և ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը։ Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ քննարկում»: Այնուհետև քննարկվել են խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ խորհրդի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները կնպաստեն տնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, գաղափարների ու առաջարկությունների ձևավորմանն ու արդյունավետ լուծումներ գտնելուն: Նախատեսվում է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսին՝ Հայաստանում:
12:30 - 06 հունիսի, 2022
Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին

Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացող միջազգային տնտեսական համաժողովին։ Վերջինիս շրջանակներում կազմակերպված «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով։ ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին, դրանց կանխարգելմանը, առկա մարտահրավերներին և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների ձեռնարկած պայքարի կառուցակարգերին: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նման դրսևորումների հակազդման, քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձը, բիզնեսի հայաստանյան ներպետական իրավական պաշտպանության համակարգը: Շետադրում է կատարվել Հայաստանում ազատ տնտեսավարման և ներդրումների իրավական պաշտպանության ուղղությամբ իրականացված բարեփոխումների վրա: Ֆորումի ընթացքում քննարկվել են բիզնեսի զարգացման, տնտեսվարողների իրավունքների պաշտպանության միջոցների ունիվերսալացման, դրանց խոչընդոտող՝ հատկապես հաղորդակցային տեխնոլոգիաների միջոցով իրականացվող հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության, փորձի փոխանակման մեխանիզմների կատարելագործման խնդիրները: 
18:54 - 04 հունիսի, 2021
Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

Նախարարը պետության համար կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը. պետբյուջեն հենց այդ ծրագիրն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ հատկապես այս իրավիճակում պետության համար կենսական նշանակություն ունի առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը, և պետբյուջեն հենց այդ առաջիկա ժամանակահատվածի ծրագիրն է: Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ հետպատերազմյան շրջանում: «Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Պետբյուջեն՝ ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ, սահմանվում է որպես պետության՝ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Որպես պետություն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր ճանաչվում է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ անձ: Եվ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, աշխարհը ճանաչում է պետությանը և ուզում է հարաբերվել վերջինիս հետ որպես ինստիտուտի, այլ ոչ թե որպես փոփոխականների (ներողություն եմ խնդրում բոլոր անհատներից), որովհետև ենթադրվում է, որ մենք բոլորս կարողանում ենք մեր սեփական շահերը ստորադասել հանրայինին»,-ասաց նախարարը: Անդրադառնալով ինստիտուցիոնալ ներդրողներին՝ Ջանջուղազյանն ասաց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ նրանք կարո՞ղ են 10, 30 կամ ավելի տարով ներդրում անել մի միջավայրում, մի պետության մեջ, կամ այդ պետության որևէ բիզնեսում, որի ապագան կախված լինի միայն այս պահի իրավիճակից, և հնարավոր չլինի կանխատեսել, թե հիմնարարները ո՞ր ուղղությամբ են առաջնորդելու տվյալ երկրին»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ դա գործնականում անհնար է: Նախարարը կարևորեց ներկայացնել նաև, թե երկիրը ինչ զարգացումների արդյունքում է հասել այսօրվան: Անդրադառնալով 2019-ի տնտեսական միջավայրին՝ Ջանջուղազյանն ասաց. «Մենք ունեցել ենք հարաբերական կայուն ընթացիկ հաշվի պակասուրդ, որը ցույց է տալիս արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները՝ մասնավորապես արտաքին առևտրի դիրքը: Համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7.6 տոկոսով»,-ասաց Ջանջուղազյանը: Նա հիշեցրեց՝ 2017-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 222 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 1.9 տոկոսը, 2018-ին՝ 247 մլն կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2019-ին՝ 397 մլն՝ շուրջ 60 տոկոսով ավելի, քան 2018-ին կամ ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Մշակող արդյունաբերության ճյուղը 2019-ին ունեցել է առաջանցիկ աճ: Անդրադառնալով բյուջետային հատվածին՝ Ջանջուղազյանը նշեց. «Մենք 2017-ին ունեցել ենք 267 մլն դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 4.8 տոկոսը: Դա հանգեցրել է նրան, որ մենք վերանայել ենք մեր վերաբերմունքը հարկաբյուջետային կանոնների նկատմամբ, որպեսզի կառավարելի միջակայքում պահենք մեր պետական պարտքը: 2018-ին ունեցել ենք 105 մլրդ դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 1.8 տոկոսը, 2019-ին՝ 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը: Սա հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վկայությունն է»,-ասաց նախարարը: Հարկային եկամուտները 2019-ին 2018-ի համեմատ անվանական արտահայտությամբ աճել են 16 տոկոսով, այն կազմել է 1 տրլն 464 մլրդ դրամ:
12:21 - 09 դեկտեմբերի, 2020
Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ

Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Արթուր Ջավադյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ տեսանելի չէ հասարակության համար: Սակայն արդյունքն ակնհայտ է. մենք ապահովել ենք այս տարիների ընթացքում երկրում մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Կենտրոնական բանկը մշտապես ներդրել է իր ուժերի առավելագույնը՝ ի շահ մեր պետության և ժողովրդի: Նախ` ցանկանում եմ առանձնակի արժևորել և իմ խորին երախտիքի խոսքն ուղղել Կենտրոնական բանկի թիմին, մեր ողջ անձնակազմին, ովքեր այս տարիների ընթացքում պատվով և ամենայն պատասխանատվությամբ իրականացրել են իրենց պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական և աշխատանքին նվիրվածության անգնահատելի որակներ: Ուզում եմ շնորհակալական խոսքս ուղղել նաև իմ պաշտոնավարման տարիներին գործող Հայաստանի Հանրապետության և միջազգային կառույցների մեր գործընկերներին, որոնց հետ արդյունավետ աշխատանքը մշտապես ուղղված է եղել երկրի զարգացմանն ու բարեկեցիկ ապագային: Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաև Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին, որոնց հետ անցած ուղին եղել է փոխհամագործակցային և կառուցողական: Պետք է շեշտել, որ Հայաստանի բանկային համակարգը մեկ անգամ չէ, որ ապացուցել է տնտեսության դժվարին պահերին իր պետականաշինության և հասարակությանն ընդառաջ գնալու բարձր պատրաստակամությունն ու խոհեմությունը:  Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը հաջողությամբ իրականացրել է օրենսդրորեն ամրագրված իր խնդիրները: Անցնող տարիները զերծ չէին տարաբնույթ մարտահրավերներից՝ համաշխարհային ճգնաժամ, տարածաշրջանային և ներքին շոկեր: Սակայն ֆինանսական ինստիտուտների ճկուն ռազմավարության և Կենտրոնական բանկի կողմից կայունության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունքում` այս տարիները եղել են ոչ միայն շոկերին դիմագրավելու, այլ ֆինանսական համակարգի համար կայունության և զարգացման տարիներ: Դրա ցայտուն վկայությունն են ինչպես ֆինանսական միջնորդության, ֆինանսական ծառայությունների հասանելիության և այլ ցուցանիշների շեշտակի աճերը, այլ նաև միջազգային կառույցների՝ Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությանը և ֆինանսական համակարգին տրված գնահատականները: Հատկանշական են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի ամփոփված արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացները համապատասխանել են օրինակելի համարվող Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով: Մեզ հաջողվել է Հայաստանում պահպանել և ամրապնդել գների կայունությունը. 2008-2019 թվականների ընթացքում տարեկան միջին գնաճը կազմել է 3.9 տոկոս: Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը կարողացել է դիմակայել տարբեր տնտեսական ցնցումների, դժվարագույն պայմաններում գների կայունությունը պահպանելուց զատ կարողացել է նվազեցնել և ավելի լավ խարսխել հասարակության գնաճային սպասումները: Դա լավագույնս արտացոլվեց 2018 թվականի քաղաքական փոփոխությունների և այս տարի՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում մեր հասարակության վարքագծային դրսևորմամբ: Տպավորիչ հաջողություններ են գրանցվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: Սա վերաբերում է թե՛ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին մեր երկրի ֆինանսական ու ոչ ֆինանսական համակարգերի համապատասխանությանը, թե՛ մի շարք հնչեղ գործերով ֆինանսական հետախուզության գործողությունների շնորհիվ արձանագրված արդյունքներին: Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մշակված խաղի կանոններն ու գործող կառուցակարգերը հիրավի բարձր գնահատականի են արժանանում ոլորտի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից: Շատ երկրներ հետաքրքրված են, և իրենց մոտ ներդնելու նպատակով, ուսումնասիրում են սպառողների շահերի պաշտպանության հայաստանյան մոդելը: Այս տարիներին հիմնադրվել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը: Արժույթի թողարկման բնագավառում՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի շրջանակում Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց նոր՝ երրորդ սերնդի թղթադրամները, որոնք աչքի էին ընկնում թղթադրամի որակական և պաշտպանական նորագույն և լավագույն չափանիշներով: Կենտրոնական բանկը էական առաջընթաց գրանցեց հուշադրամների թողարկման ասպարեզում, արժանացավ  տարբեր բարձր մրցանակների՝ ընդլայնելով դրանց միջազգային ճանաչումը և մեր պատմամշակութային ու գիտական ժառանգության հանրահռչակումը: Օրենքով ամրագրված անմիջական խնդիրներից բացի, Կենտրոնական բանկը ջանք չի խնայել իր աջակցությունը ցուցաբերել տնտեսության և հասարակության բարօրությանն ուղղված ամենատարբեր ծրագրերում: Մշտապես մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել Կառավարության կողմից իրականացվող բազմապիսի սոցիալական և տնտեսություն կարևոր ոլորտների վարկային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում, ինչպես նաև Կառավարության ամենատարբեր ծրագրերում (կենսաթոշակային ռեֆորմ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ և այլն): Այս տարիներին հիմնադրված «Ազգային հիփոթեքային» և «Բնակարան երիտասարդներին» ընկերություններն էական նպաստում են ունեցել հիփոթեքային շուկայի ձևավորմանն ու սոցիալական և ոլորտային ծրագրային վարկավորման իրականացմանը: Հպարտության և գոհունակության զգացումով արձանագրելով մեր ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ես չեմ կարող, իհարկե, չարձանագրել, որ մենք ունեցել ենք նաև բացթողումներ, թերացումներ, սակայն Կենտրոնական բանկի թիմը մշտապես միտված է եղել դեպի զարգացում, դեպի առաջընթաց և նախանշված ռազմավարական նպատակների իրականացում: Անձնակազմի կրթումը և մասնագիտական որակների զարգացումը շարունակել է մնալ որպես մեր գործունեության կարևոր գրավական: Կենտրոնական բանկում աշխատում են ինչպես փորձառու և տարբեր ոլորտներում միջազգային մասնագիտական որակավորումներ ունեցող, այնպես և երիտասարդ, բայց ներուժ ու զարգանալու ձգտում ունեցող մասնագետներ: Որոշ առումով Կենտրոնական բանկը նաև գիտելիքի ձեռքբերման և կատարելագործման յուրօրինակ դարբնոց է, որտեղից որակյալ մասնագետները հաճախ շարունակում են աշխատանքը նաև Հայաստանի պետական և մասնավոր այլ ոլորտներում: Սիրելի գործընկերներ՝ դուք հիրավի մեր հպարտությունն եք, և Կենտրոնական բանկի ձեռքբերումների ապահովման թիվ մեկ երաշխավորը: Շնորհակալ եմ ձեզ: Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման մասով չի կարելի չնշել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման հանգամանքը, ինչը հնարավորություն ընձեռեց մեզ նոր մակարդակի վրա բարձրացնել Կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների և առաջատար գիտակրթական հաստատությունների հետ: Այս տարիների ընթացքում մենք կարողացանք Դիլիջանում ընդունել աշխարհի առաջատար բուհերի ուսանողներին, անցկացնել տարածաշրջանային և միջազգային նշանակության բազմաթիվ միջոցառումներ: Կենտրոնական բանկի արժեքներից է հավատարմությունը կառույցին և նրա մշակույթին: Այն իր մեջ ներառում է նաև քաղաքականության և բանկի կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովումը: 12 տարի առաջ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը՝ ես մեծ նշանակություն տվեցի շարունակականության ապահովմանը: Վստահ եմ, որ գործին ու առաքելությանը նվիրված Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, ժամանակի հրամայականին համահունչ, նորովի կշարունակի իրագործել Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրները՝ ապահովելով մեր քաղաքացիների ու պետության շահերը, և մնալով Կառավարության ու միջազգային կառույցների վստահելի գործընկեր: Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ: Ուրախ եմ, որ կարողացել ենք պատվով ծառայել մեր երկրին ու ժողովրդին, և մեր լուման ներդնել պետականաշինության գործընթացում: Տարիների ընթացքում ձեռք բերած իմ փորձով և գիտելիքներով մշտապես պատրաստակամ եմ կիսվել տարբեր հարթակներում և օգտակար լինել մեր երկրի զարգացմանը: Ամենայն բարիք և խաղաղություն բոլորիս: Շնորհակալություն»:
16:44 - 12 հունիսի, 2020
Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու․ Արթուր Ջավադյան |armtimes.com|

Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու․ Արթուր Ջավադյան |armtimes.com|

armtimes.com: Վաղվանից Մարտին Գալստյանը կստանձնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով այն շուրջ 12 տարի ղեկավարող Արթուր Ջավադյանին։ Նա երեկ վերջին անգամ էր այդ կարգավիճակում մասնակցում ՀՀ Կառավարության նիստին: Ջավադյանը պաշտոնը լքեց Կառավարության անդամների ծափերի ներքո: ՀՀ վարչապետը նրա ղեկավարման տարիները անվանեց բուռն՝ նկատելով, թե Կենտրոնական բանկն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը նշեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերում, եւ առաջիկայում այդ մասին որոշումներ կկայացվեն։ Հարցազրույցում Արթուր Ջավադյանը խոսել է կորոնավիրուսի, Կենտրոնական բանկի աշխատանքի եւ հետագա պլանների մասին։ - Պարո՛ն Ջավադյան, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում եւ աշխարհում, ըստ էության, 2 ճգնաժամային իրավիճակ է արձանագրվել՝ 2008-ին եւ հիմա։ Եթե համեմատականներ տանենք դրանց միջեւ, ապա ո՞րն էր, ըստ Ձեզ, ավելի մեծ ճգնաժամ ֆինանսական առումով, եւ որի՞ ժամանակ ենք գոնե այս պահին ունեցած հաշվարկներով ավելի մեծ կորուստներ ունեցել։ - Կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը կարծում եմ՝ շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, քան եղել է նույնիսկ 2008-ին։ Մենք, իհարկե, մի ճգնաժամային իրավիճակ էլ ունեինք 2014-15 թվականներին, բայց դա ավելի ռեգիոնալ ճգնաժամ էր եւ համաշխարհային տնտեսությանն այդքան չէր վերաբերում, ինչքան ԱՊՀ երկրներին։ Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մենք արդեն սովորել էինք այն դասերը, թե ինչ պետք է անել ճգնաժամային իրավիճակում, մենք ունեինք արդեն կայացած հակաճգնաժամային մենեջերներ, որոշումների կայացման բիզնես պրոցեսներ ու նաեւ փորձ։ Այդ ամեն ինչից ելնելով՝ մենք շատ ավելի լավ պատրաստվեցինք այս ճգնաժամին, քան պատրաստ էինք նախկինում։ Հատկապես առաջին ճգնաժամի ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ Հայաստանի կողքով է անցնելու, բայց հետո խոր տնտեսական անկում ունեցանք, ավանդների արտահոսք, ոչ այդքան բարվոք վիճակ վարկային համակարգում: Այս անգամ շատ ավելի հանգիստ էինք, քանի որ կար մի առանձնահատկություն. դա անորոշությունն է։ Այդ անորոշությունը մինչեւ հիմա էլ կա, եւ ոչ ոք չգիտի, երբ է ավարտվելու, ինչ հետեւանքներ է ունենալու, եւ ինչպես պետք է դուրս գանք սրանից։ Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու, ավելին՝ ոչ միայն մենք, այլեւ շուկայի մասնակիցները՝ բանկերը։ Բանկերն ունեն բուֆերներ, լավ կապիտալիզացված են, վիճակները լավ է, եւ այս առումով կարծում եմ, որ մեր խնդիրները շատ ավելի քիչ են։ Բայց այս ամենը կախված է մի քանի գործոնից, ամենակարեւորը, թե ինչքան դեռ կտեւեն կորոնավիրուսի ստեղծած վայրիվերումները։ Որովհետեւ բոլորի մոտ զգացողություն կա, որ սա շուտ չի ավարտվի։ Անշնորհակալ գործ կլինի, որ ինչ-որ մեկը կանխատեսի, թե, օրինակ, նոյեմբերին է լինելու երկրորդ ալիք կամ հակառակը։ Այն ինչ մեր երկրում է կատարվում, այդ սցենարն արդեն մի քանի երկրում կա։ Հիմա մեզ նոր լուրեր են հասնում, որ մեր հարեւան երկրում՝ Իրանում, իրավիճակը լավ չէ։ Ասիական երկրներում՝ Հնդկաստանում է սանիտարական նորմերի պահպանումը բարդ։ Դեռ հարց է, թե առողջապահական առումով վիրուսի դեմն առած երկրների հաջորդ քայլն ինչ է լինելու, քանի որ այդ երկրները բացել են իրենց սահմանները։ Ես չեմ կարծում, որ մենք մեծ սխալներ ենք արել։ Իրավիճակն այսօր վերահսկելի է ֆինանսական ոլորտում եւ մեր տնտեսությունում, բայց, իհարկե, ամեն ինչ կախված է սրա տեւողությունից։ - Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների միջոցառումների իրականացման շրջանակներում ԿԲ-ն օգտագործե՞լ է իր ունեցած ամբողջ պոտենցիալը, թե՞ դեռ կլինեն աջակցության նոր միջոցառումներ։ - Կենտրոնական բանկի պոտենցիալը բավականին մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա։ Մենք օգտագործել ենք առաջին հերթին պրուդենցիալ գործիքներ, որ թույլ չտանք ապագայում ինչ-որ խնդիրներ լինեն բանկային համակարգում։ Երկրորդը՝ մենք սկսել ենք պատրաստվել այս ճգնաժամին ոչ թե կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, այլ շատ ավելի շուտ, քանի որ նոր բուֆերներ, նոր գործիքներ ենք մտցրել, մեր բանկային համակարգն էլ բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Կարելի է ասել, որ մենք ունենք 17 առողջ, նորմալ առեւտրային բանկ։ Հետաքրքիր բան ասեմ՝ ներդրողների կողմից նույնիսկ այս պայմաններում հետաքրքրություն կար մեր բանկային համակարգի նկատմամբ։ - Վերջին շրջանում շատ են կարեւորվում անկանխիկ գործարքները, բայց դրան զուգահեռ բանկային համակարգը սկսում է այդ ծառայությունների գները բարձրացնել։ Ի վերջո, կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարքներ, ինչպե՞ս պետք է հավասարակշռել այս խնդիրը։ - Միանշանակ, մեր ուղղվածությունը եւ ռազմավարությունը անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն է եւ կանխիկ շրջանառության նվազեցումը։ Այսօր շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որը կարելի է ասել վերջնականապես քննարկվել է բոլոր պատկան մարմինների հետ, եւ արդեն շատ շուտով այն կգնա Ազգային ժողով։ Այդ նախագիծը էապես կրճատելու է կանխիկ գործարքները ու, իհարկե, ավելացնելու է անկանխիկը։ Անկանխիկ գործարքների առումով ունենք երկակի պրոցեսներ. առաջին պրոցեսն այն է, որ մրցակցության հաշվին անկանխիկ ծառայության գներն իջնում են՝ ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ, «Իդրամ»-ը, «ԱրՔա»-ի հավելվածը։ Շատ տարբեր առաջարկներ կան տարբեր առեւտրային բանկերի եւ տարբեր այլ պլատֆորմների կողմից։ Մյուս կողմից հնարավոր է, որ նոր գործիքներն ավելի թանկ լինեն պահի տակ, բայց մրցակցության հաշվին այդ գործիքները կնվազեն։ Մենք հետեւում ենք դրանց, քանի որ ունենք ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերով, ու մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը ֆինանսական կայունությունն է, իսկ դա ֆինանսական կայունության մաս է։ Խոսակցություններ կան, թե իբր մենք ենք լոբբինգ անում անկանխիկ գործարքները՝ բանկերի համար, բայց դա բանկերի համար չէ, դա մեր տնտեսության համար է։ Ինչքան շատ թափանցիկ ընկերություններ մենք ունենանք, այդքան բանկային միջնորդությունն ավելի կհեշտանա ու կավելանա։ Ասեմ, որ այստեղ հավասարակշռելու առումով այդքան մեծ խնդիր չկա։ Մենք պետք է օրեցօր այնպես անենք, որ մեր հասարակությունը, բանկերի բոլոր հաճախորդները քիչ-քիչ գնան օնլայն հեռահար բանկինգին։ - Հաճախ բանկային եւ վարկային կազմակերպությունների դեմ բողոքներ են լինում եւ նույնքան հաճախ էլ դրանք արդարացված են լինում։ Ինչպե՞ս պետք է անել, որ այդ կազմակերպությունները սկսեն որակյալ եւ վստահելի դառնալ: - Ֆինանսական համակարգի մոտ 80 տոկոսը բանկերն են ու ակնհայտ է, որ բանկերն այլ տիպի կազմակերպություններ են։ Նախ՝ կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտներն են ներդրված, երկրորդը՝ բանկերը սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություններ են, ի տարբերություն մնացած ֆինանսական կազմակերպությունների։ Բանկերը գործ ունեն հաճախորդների հետ եւ ավանդների հետ՝ ի տարբերություն մնացած կազմակերպությունների։ Մնացած կազմակերպությունները էլի միջնորդի դեր են կատարում, բայց նրանք միջնորդ են իրենց բաժնետերերի եւ հասարակության, իսկ բանկերը միջնորդ են մի խումբ ավանդատուների ու իրենց հաճախորդների միջեւ։ Մեր նախնական տվյալներով մենք 1 միլիոնից ավելի ավանդատու ունենք։ Այն կանոնները եւ վերահսկողությունը, որ մենք ներդրել ենք բանկերի համար՝ նույնիսկ մի քիչ կոշտ են, բայց դրանք պարտադիր են։ Դրա համար մենք ավելի շատ զբաղվում ենք բանկերով ու շատ ավելի քիչ զբաղվում ենք վարկային կազմակերպություններով։ Իհարկե, տոկոսների առումով կան դժգոհություններ, բայց միկրովարկավորումը բարձր տոկոսներ է։ Մի քանի երկրի փորձ էինք ուսումնասիրում վերջերս, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, երբ ուզում էին սահմանափակումներ դնել՝ կար 1000 տոկոս, 600 տոկոս, 400 տոկոս։ Միկրովարկավորումը ամբողջ աշխարհում թանկ գործառույթ է, քանի որ դրա ռիսկերը շատ են՝ առանց գրավ, շատ դեպքերում առանց սքորինգ (վարկային պատմության գնահատական) համակարգի, բնական է, որ կորուստներն էլ 30-40 տոկոսի են հասնում տոկոսադրույքների տեսքով։ Դժգոհություններն ավելի շատ վարկային կազմակերպությունների հետ է առնչվում, քան թե բանկերի։ Բայց ավա՛ղ, մենք ունենք նաեւ ֆինանսական կրթվածության խնդիր։ Մեր ժողովրդի բավական մեծ զանգվածի համար՝ բոլոր տիպի կազմակերպությունների անունը բանկ է՝ նույնիսկ, եթե մեկը տոկոսով փող է տալիս, այդ երեւույթին ասում են բանկ։ Այստեղ մեր խնդիրն էլ կա։ - Շատ է խոսվում Հայաստանի ֆինանսական համակարգի բարձր դիմադրողականության, դրամի կայունության մասին։ Այս ճգնաժամային իրավիճակում էլ վայրիվերումներ չեղան։ Սա ինչի՞ արդյունքում է հնարավոր եղել։ - Վայրիվերումներ չեղան՝ շնորհիվ այն դասերի, որ մենք ուսումնասիրեցինք, այն թիմի, որ գոյություն ունի ԿԲ-ում, այս տարիների ընթացքում ձեւավորված մեր գիտելիքների եւ որոշում ընդունելու ունակությամբ, որովհետեւ մեզ մոտ բոլոր մակարդակներում մարդիկ պատրաստ են որոշում ընդունելու։ Եթե կան բոլոր մակարդակներում որոշում ընդունողներ, դա նշանակում է, որ վերջին ատյանում, որը պետք է որոշում ընդունի ֆինանսական կառույցի վերաբերյալ՝ ավելի սահուն է անցնում պրոցեսը, ավելի մեծ վստահություն կա։ - Պարո՛ն Ջավադյան, շուտով կներդրվի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ համակարգի մասին, ի՞նչ հնարավոր դրական եւ բացասական հետեւանքներ եք կանխատեսում: - Մենք նույնիսկ երեկ քննարկել ենք այս համակարգի հիմունքները եւ կարծում եմ, որ դեռ տեղ ունենք քննարկելու, քանի որ դեռ պետք է հստակ կողմնորոշվել մի շարք հարցերի շուրջ։ Գաղափարը պարտադիր գաղափարներից է ու ես ասեմ, որ սրա ջատագովներից մեկը հենց Կենտրոնական բանկն է ու մեր թիմը։ Առաջին օրերից մենք սրա մասին մշտապես խոսել ենք։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ավելացնելու է մեր բիզնեսի եւ քաղաքացիների թափանցիկությունը, որի շնորհիվ նույն սքորինգի ինստիտուտը ավելի սահուն կաշխատի եւ դրա հաշվին կավելանա ֆինանսների հասանելիությունը, իսկ դա բերելու է վարկային միջոցների կտրուկ աճի, ինչն էլ արդեն տնտեսական աճ է իր հետ բերելու։ - Աշխարհում ակտիվորեն զարգանում են թվային ֆինանսական ակտիվները։ Հայաստանը պոտենցիալ ունի՞ այդ ասպարեզում։ - Ես՝ որպես Կենտրոնական բանկի ղեկավար, շատ մեծ վերապահումով եմ մոտենում կրիպտոարժույթներին։ Նույնիսկ վերջերս բոլոր հարթակներում այս հարցը քննարկման առարկա է դարձել. թե՛ Բազելում, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամում այդ վտանգը տեսնում են։ Այսօր գաղտնիք չէ, որ թվային ակտիվներ օգտագործողները մի կողմից շատ առաջադեմ երիտասարդներ են, մյուս կողմից փողերի լվացմամբ զբաղվող, այսպես կոչված, հանցագործներն են զբաղվում դրանցով, տեռորիստական բոլոր կազմակերպություններն էլ օգտվում են թվային տարբեր ֆինանսական ակտիվից։ Պարզապես դրա մասշտաբները աշխարհում փոքր են։ Հնարավոր է, որ ապագայում դրա հետ կապված գործառույթներն ավելի ակտիվ լինեն։ Կենտրոնական բանկի ցանկացած պաշտոնյա պարտավոր է լինել ռիսկեր գնահատող, իսկ սրանք մեծ ռիսկեր են։ - Պարո՛ն Ջավադյան, արդեն մոտենում է Ձեր պաշտոնավարման ավարտը. այս ընթացքում արված աշխատանքներից ո՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը։ - Գլխավոր ձեռքբերումն այն է, ինչի մասին խոսեցի՝ մեր թիմը։ Մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք ունակ եղանք հաղթահարելու բոլոր ճգնաժամերը։ Ասեմ ավելին՝ այսօր ես վստահ եմ, որ մեր թիմն այնքան պրոֆեսիոնալ է, որ որեւէ խնդիր ապագայում էլ չենք ունենա։ Քանի որ նշանակվել է շատ բանիմաց երիտասարդ (Մարտին Գալստյանը), որը մեր թիմի անդամներից մեկն է. տարիներ առաջ է միացել ԿԲ-ին, բավականին փայլուն կրթություն ստացած անձնավորություն է, խոր գիտելիքների է տիրապետում։ Այս թիմն ունակ է լինելու հաղթահարել ցանկացած վայրիվերումներ ու ցանկացած ճգնաժամ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:44 - 12 հունիսի, 2020
Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա. ԿԲ նախագահ |armenpress.am|

Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019-ին հարկաբյուջետային բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը բյուջեի կատարման տարեկան հաշետվության վերաբերյալ: «ՀՀ պետական բյուջեի կատարումը 2019 թվականի ընթացքում  ընթացել է հարկաբյուջետայի կանոնների պահպանման սկզբունքի ներքո, նպաստել պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը»,-ասաց Ջավադյանը: Նա նկատեց, որ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը զսպող է եղել՝ պայմանավորված եկամուտների զգալի զսպող և ծախսերի ընդլայնող ազդակների ձևավորմամբ: Զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն արձագանքել է գնաճային զարգացումներին, տարվա ընթացքում երկու անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 1.3 տոկոսով նվազել է 2019-ի ՀՀ կառվարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը` կազմելով 50 տոկոս: Կառվարությունը տարվա ընթացքում վերանայել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա»,-ասաց ԿԲ նախագահը:
16:38 - 05 հունիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են․ Արթուր Ջավադյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են․ Արթուր Ջավադյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին և 2-րդ միջոցառումները։ «1-ին միջոցառումը վերաբերում է հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններին։ Այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 միլիարդ 851 միլիոն դրամի։ բաշխվածություն ունենք ամբողջ հանրապետությունով։ Ունենք գործունեության ոլորտով էլ բանականին լավ բաշխվածություն՝ հյուրանոցային, ռեստորանային բիզնես, վերամշակում, առևտուր, առողջապահություն»,- նշեց նա։ Արթուր Ջավադյանն ասաց, որ 1-ին միջոցառման մասով արդեն կան մերժված հայտեր։ Մերժումների հիմնական պատճառը անհամապատասխանությունն է դրված չափանիշներին․ հայտ ներկայացնողներն ունեն հարկային պարտավորություններ, խնդիրներ նախորդ վարկային պատմության հետ։ «Վարկերի հայտերի քանակը բավականին մեծ է։ Այս պահին ունենք 691 հայտ՝ ընդհանուր առմամբ մոտ 39 միլիարդ դրամի»,- նշեց նա։  Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2-րդ միջոցառուման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին։ Վարկերի արժեքը 1 միլիարդ 606 միլիոն դրամ է։ Իսկ երկու ծրագիրը միասին մինչ այս պահը կազմել են 10 միլիարդ 458 միլոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ երբ ընդունում էին մասնավորապես 1-ին միջոցառումը, շատ  հոռետեսական գնահատականներ կային, որ ոչ մեկն էլ չի դիմի, որովհետև մարդկանց այդպիսի վարկեր պետք չեն։ «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավականին լավ ակտիվություն կա։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկա օրերին թե՛ գյուղվարկերի մասով, թե՛ բիզնեսին աջացության մասով  ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- նշեց վարաչապետը։
13:01 - 13 ապրիլի, 2020
Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

Դեռևս մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ` կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»։ Պատասխանում մասնավորապես ասված է․ «Թույլ տվեք շնորհակալություն հայտնել առևտրային բանկերի, տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի վարկային պարտականությունների վերանայմանն ուղղված Ձեր առաջարկը ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ուշի ուշով հետևում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ինչպես միջազգային շուկաներում, այնպես էլ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով վարկառուների հետ քննարկել մարումների ժամանակցույցը և այլ պայմանները փոփոխված դրամական հոսքերին համապատասխանեցնելու տարբերակներ։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջիններս շատ արագ արձագանքել են մեր հորդորին։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ առևտրային բանկերի կողմից ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները չեն կարող կրել համատարած բնույթ։ Դրանք միտված են լինելու կոնկրետ ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին՝ ելնելով իրենց գործունեության ոլորտից և դրանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված հետևանքներից։ Միաժամանակ հայտնում ենք, որ թե՛ Բանկերի և վարկային կազմակերպությունների միությունները, թե՛ առանձին բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել իրենց պատրաստակամությունը աջակցելու  հաճախորդներին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական համակարգում ներկայումս տիրող իրավիճակին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է կիրառել ցանկացած գործիքակազմ՝ ապահովելու ինչպես իր հիմնական նպատակ հռչակված գների և ֆինանսական կայունությունը, այնպես էլ վարկառուների և ավանդատուների շահերի պաշտպանությունը»։  
17:12 - 18 մարտի, 2020
ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն. վարչապետ |tert.am|

ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն. վարչապետ |tert.am|

tert.am: Կառավարության արտահերթ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ հայտարարություն ունի անելու: «Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արձագանքեց՝ հաստատում է Փաշինյանի հայտարարությունը. «Այսօր հանրապետությունում որևէ խնդիր չկա. դրա մասին նաև փաստերն են խոսում: Սկզբից տարբեր հայտարարությունների ներքո շուկայում ունեցանք որոշ վայրիվերումներ և անկայուն վիճակ, բայց այն հիմա լրիվ վերահսկվում է, և կարելի է ասել, լրիվ կայուն է»,-ասաց նա:
18:45 - 16 մարտի, 2020
Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան

 |armenpress.am|

Բանկերն այսօրվանից հնարավորություն ունեն փոխել վարկային պայմանները. Արթուր Ջավադյան |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԿԲ-ն դիմել էր բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման համար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նաև Արթուր Ջավադյանը նշեց, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերը առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խնդրեց Արթուր Ջավադյանին բացել փակագծերը: «Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Արթուր Ջավադյանը: Վարչապետն էլ իր հերթին հիշեցրեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա , այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: Նախորդ տարի ՀՀ ԿԲ-ն շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բանկային համակարգում իրավիճակը կայուն է:
18:22 - 16 մարտի, 2020
ԿԲ նախագահը մեկնել է Ամստերդամ, որտեղ կմասնակցի Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին

ԿԲ նախագահը մեկնել է Ամստերդամ, որտեղ կմասնակցի Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը, համաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են տնտեսության և ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին և ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր: Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:
11:19 - 27 փետրվարի, 2020
Այս տարի տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս. ԿԲ նախագահ |lragir.am|

Այս տարի տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս. ԿԲ նախագահ |lragir.am|

lragir.am: Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի ցուցանիշները, և այս տարվա համար գնահատում է 7.3-7.4 տոկոս աճ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ իրենք կիսում են Էկոնոմիկայի նախարարության գնահատականները: Ավելի վաղ ԿԲ գնահատականով՝ այս տարին պետք է փակվեր 7.2 տոկոս տնտեսական աճով: «Տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարևոր գործոններից մեկն էլ պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունն է, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը և նվազող պետական պարտքը»,- ասաց ԿԲ նախագահը: Նրա խոսքով՝ սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների և տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ: Վարչապետ նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Նրա խոսքով՝ սեպտեմբերին ունեցել ենք 7.5, հոկտեմբերին՝ 8, իսկ նոյեմբերին 10.1 տոկոս տնտեսական աճ: «Այսինքն՝ այս դինամիկան ինքնին շատ կարևոր է, և կարևոր է նաև արձանագրել, որ պետական բյուջեի հավաքագրումների առումով նույնպես մենք շատ էական և շոշափելի ցուցանիշներ ունենք»,- հավելեց վարչապետը:
07:58 - 26 դեկտեմբերի, 2019