Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 (թարմացվող)
01:17 - 24 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 (թարմացվող)

00։49- Հույս կա, որ վաղը շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։ Որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր։  [Արսեն Թորոսյան]

 

00։47- Կոչ եմ անում խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից։ [Արսեն Թորոսյան]

 

00։46- Հատկապես ցավալի է Իտալիայի պատկերը, որտեղ այսօրվա դրությամբ ունենք 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր։ Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից։ [Արսեն Թորոսյան]

 

00։43- Ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա կիրառվում են հիվանդության բուժման համար։ Բայց քանի որ ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինենք՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում, որոնք կիրառվում են։ [Արսեն Թորոսյան]

 

00։21- 14 օր մեկուսացված շուրջ 70 մարդ վաղը կթեստավորվի, նախադրյալներ կան մտածելու, որ մեծ մասը բացասական կլինի ու նրանք կվերադառնան իրենց առօրյա կյանքին։ [Նիկոլ Փաշինյան]

 

00։20- 235-ից 26 մարդ ունի թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է: Ապաքինվել են 2-ը: [Նիկոլ Փաշինյան]

 

00։19- Պարետատունը առավոտյան կհրապարակի այն օբյեկտների ցանկը, որոնց գործունեությունը մի շաբաթով կասեցվելու է։ Ռեստորաններն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունները։  [Նիկոլ Փաշինյան]

 

00։16- Պետք է հնարավորինս սահմաանփակել մարդկանց տեղաշարժը։ Հնարավորինս շատ մնացեք տանը, միայն անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, գնումների համար։ Խուսափեք բազմամարդ հավաքներից, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, խուսափեք վտանգավոր շփումներից, մեզնից յուրաքանչյուրը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխարգելվի։ [Նիկոլ Փաշինյան]

 

00։14- Այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում․Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Մենք այս պայմաններում պիտի մի շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք։ [Նիկոլ Փաշինյան]

 

00։13- Վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։[Նիկոլ Փաշինյան]

 

00։11- 41 հաստատված նոր դեպք ունենք։ Հանրագումարում՝ 235 դեպք։ [Նիկոլ Փաշինյան]

 

00։03-Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: 
Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից: [Արսեն Թորոսյան]

 

20:56- Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք շտապօգնության ծառայություն դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում, քանի որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Շատերի կարծիքով՝ եթե իրենց մոտ կա կորոնավիրուսի առկայության վերաբերյալ կասկած, ապա կարող են զանգել շտապօգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն և կբերեն տուն: Այդպես չէ, ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]


20:20-
1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով,

2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ.
- այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,
- երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,
- մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

3. Գիտակցաբար այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն: [Արարատ Միրզոյան] |armenpress.am|


20:15- Շտապօգնության ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։ [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]


20:10- ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից։ Եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ։ Հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են։ Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը եւս նվազել է․ հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ։ [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]


19:15- Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական նշանակության ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններում գտնվողները՝ ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրողները և այլ անձինք, ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրն Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները կիրականացնեն շուրջրյա հերթապահություն: [Արցախի տեղեկատվական շտաբ]


19:00- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը։ Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները եւ գրությունները կարող են ներկայացնել [email protected] էլփոստի հասցեով: Գործում է նաեւ հեռախոսահամար՝ 060 544 994։ [ՊԵԿ]


18:30- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398 մլն 401 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2210: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


18:20- Արցախի ազատամարտիկների միությունը տեղեկացնում է, որ 3 մլն դրամ է հատկացվել միայնակ և տնային պայմաններում սպասարկվող 162 տարեցների և հաշմանդամություն ունեցողների համար (որից 112-ը Ստեփանակերտում, իսկ 50-ը Արցախի Հանրապետության շրջաններում) ՝ հիգիենայի պարագաներ և մեկամսյա սննդի անհրաժեշտ պաշար պատրաստելու ու այն նշյալ անձանց հասցնելու համար:


18:10- ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։ [ԲԴԽ]


18։00- Արցախի ԿԸՀ-ն հայտնում է, որ հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Տեղամասային կենտրոններում գտնվողները ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը ԱՀ բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:

 

17։52- Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ: [ԲԴԽ]

 

17։33- ԿԳՄՍՆ-ն և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 158 դասավանդողների համար կանցկացվի «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» առցանց դասընթացը։ ՀՈՒԱՑ փորձագետները մշակվել են դասընթացների շարք, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ էլեկտրոնային ուսուցման ռազմավարության մշակում և կառավարում, ուսումնամեթոդական ձևավորման մշակում, էլեկտրոնային բովանդակության մշակում և առցանց դասավանդում:

 

17։23- Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների այն ուսուցիչների, որոնք հեռավար ուսուցում չեն կարողանում կազմակերպել՝ կապված տեխնիկական միջոցների բացակայության և ինտերնետ կապի որակի հետ:

  • Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել:
  • Ցանկացողները կարող են գրանցվել և ժամանակացույցը հստակեցնել Տեղեկատվական կենտրոնում, որը տեղակայված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

17։15- Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ: 
|armenpress.am|

 

16։51- Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն։ [ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան] |armenpress.am|

 

16։40- «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան]

 

16։20- «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանից տուն նամակագրություն», «Կտոր մը հումոր»: Այս և այլ ծրագրերով Հովհաննես Թումանյանի թանգարանը երեխաներին խրախուսում է տանն անցկացրած ժամանակահատվածում չմոռանալ կրթվելու և օրն առավել հագեցած դարձնելու մասին: Թանգարանն իրականացնում է մի շարք ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, որոնք կարող են բավարարել արվեստի տարբեր ոլորտներով հետաքրքրված աշակերտների, ինչու չէ նաև մեծահասակների պահանջները: |armenpress.am|

 

15։49- Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

15։43- Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։ ՀԷՑ  ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ։ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար:  |hetq.am|

 

15։33- Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել

  • փաստաբաններին էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը.
  • դատավարության մասնակիցներին մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:

 

15։30- «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23 ամյա Վաչե Ասատրյանը ու 30 ամյա Արգամ Հովհաննիսյանը: Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից: Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի: Շնորհակալ եմ մեր բժիշկներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

14։57- Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին,  քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հավատացե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ։
[Ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյան]

 

14։48- Կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել՝ իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ։ Չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը և կառավարում է այն: [Նիկոլ Փաշինյանը՝  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին]

 

14։38- Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային
տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110․000 ԱՄՆ դոլարի չափով:

 

13։44 - Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:

 

13։21 - Տնտեսական գործունեության սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում։ Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, ինչպես նաև շարժական կետերից խմիչքների ու ըմպելիքների վաճառքի վրա: Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից: [Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյան]
|lragir.am|

 

13։06 - Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։
[Գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]

 

13։04 - ‼️Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին:
[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

12։48 - ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: 
ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:  [ՀՀ ԱԳՆ] 

 

12։44 - Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև՝
📌ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,
📌 ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՌԴ արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար։
[Գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]

 

11։57 - Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
[Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11։52 - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց   «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։ |aysor.am|

 

11։36 - էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը:

 

10։52 - Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։ [ՀՌՀ մամուլի ծառայություն]

 

10։44 - Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված, Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիս ամսին: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

 

10։42 - Կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները: [«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն]

 

10։21- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի, ղեկավարությունը որոշել է արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։ Նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել ավելի քան 1000 ուսումնական նյութ առցանց ուսուցման անցնելու համար։ |hetq.am|

 

10։18- Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել։ Ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, հատկապես նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում: [ԱՆ]

 

10։16- Պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: Արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները։
✅Ամերիկայի Միացյալ Նահանգներ
✅Ավստրալիայի Միություն
✅ԵՄ անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)
✅Թուրքիայի Հանրապետություն
✅Իսրայելի Պետություն
✅Իրանի Իսլամական Հանրապետություն
✅Կանադա
✅Կորեայի Հանրապետություն
✅Ճապոնիա
✅Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
✅Նորվեգիայի Թագավորություն
✅Շվեյցարիայի Համադաշնություն
✅Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
✅Ռուսաստանի Դաշնություն
✅Վրաստան

 

09։28- Ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ [Նիկոլ Փաշինյան]

 

08:36- Նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հեռախոսազրույցից հետո Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Հեռախոսային խոսակցության ընթացքում կողմերը կիսվեցին երկու երկրների փորձով և ճշգրտեցին կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել