Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքների վրա։ Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։
Ներկրման հաղորդակցությունում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ բեռնափոխադրումներն առաջին եռամսյակում նվազել են 2,4 տոկոսով։
Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում նույնպես անկում է գրանցվել 8 տոկոսով՝ մինչև 74,4 հազար ուղևոր։
Հարկ է նշել, որ մարտի կեսերից չեղարկվել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների երթևեկը։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղևորահոսքի նվազում նախորդ տարվա հետ համեմատ։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցության ընթացքում կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Նա նաև պատասխանատու անձանց և ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։
comment.count (0)