lragir.am: Ռուսական Գազպրոմ գազային կազմակերպությունը դեռ չի պատասխանել Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու մասին ՀՀ կառավարության առաջարկին: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Դեռևս պատասխան չկա։ Կարծում եմ՝ այսօր աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասաց փոխվարչապետը։
Նա անդրադարձավ նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտին՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ։
«Այն հարցը, որը ներկայացվել է Գազպրոմ Արմենիայի կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները կսկվեն հանրային կերպով, և բոլորի համար հասկանալի կդառնա՝ ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան տվյալ ներդրումներն ապագայի համար»,- ասաց նա։
comment.count (0)