Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը ևս պետք է ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը. Լենա Նազարյան
 |1in.am|
20:55 - 13 ապրիլի, 2020

Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը ևս պետք է ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը. Լենա Նազարյան |1in.am|

1in.am: – Տիկին Նազարյան, վերջին շրջանում պարգևավճարների թեման կրկին արդիականացել է։ Չե՞ք կարծում,որ պարգևավճարների ինստիտուտը պետք է վերանայվի, որովհետև իշխանությունն անընդհատ թիրախավորվում է։

– Ուզում եմ մտածենք ոչ թե թիրախավորումից խուսափելու, այլ հանրային խնդիրները ձևակերպելու և լուծելու մասին։ Այդ իմաստով, անկախ նույնիսկ անձամբ ինձ ուղղված թիրախավորումից, ես ցանկանում եմ պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների հետ կապված քննարկումը ծառայեցնել հանրային խնդիրներ ձևակերպելու և լուծումներ գտնելու համար։ Փորձեմ հերթով ներկայացնել։

Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարց, այլև ամբողջ համակարգի՝ վարից վեր։ Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում։ Իհարկե, դա է ամենաարդար մոտեցումը։ Շատ լեգիտիմ հարցադրում է, և իմ պատասխանը հետևյալն է. այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Այսինքն՝ պարգևավճարների տրամադրման որոշումների հիմքում մտահոգությունը ոչ թե նախարարների կամ գործադիր մարմնի ղեկավարների բարեկեցությունն է, այլ նրանց ենթակա ոլորտների բարեփոխումների հարատևության և ոլորտում աշխատողների աշխատավարձերի հարցը։ Իրական կյանքից օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու. մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում վերջին երկու տարում ավելացել է համայնքային բյուջեն, և ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու։ Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք ընտանիքի և հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան։ Կամ՝ ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք Հայաստանում իր ծնողների, իր կամ զավակների կյանքի ու առողջության փրկության համար չմեկնի արտագնա աշխատանքի կամ չվաճառի վերջին ունեցածը։ Կրկին համապատասխան գերատեսչության պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ առողջապահության նախարարության։ Ուրեմն մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողները ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը և դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու։

Այո, անշուշտ, շատ ավելի արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձը բարձրանար համաչափ և միանգամից։ Բայց դա այս պահին ռեսուրսների սղության հարց է և սուղ ռեսուրսների շրջանակում միջանկյալ լուծումների հարց է։ Այս ճշմարտության վկայությունն է այն, որ հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց հարյուր հազարավոր ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են։ Բոլորովին չեմ համարում, որ արվածը բավարար է։ Դա ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ՝ շարունակական գործընթացի սկիզբը։ Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ նախարարների, փոխնախարարների ու քաղաքային իշխանության գործադիր մարմնի ղեկավարների վարձատրության հարցի մասին՝ դա դիտարկում եմ ողջ հանրության բարեկեցության բարձրացման համատեքստում։ Բնականաբար, նախարարների բարեկեցության հարցը չէ, որ դնում եմ, և բնականաբար դա չէ այն մտահոգությունը, որով մենք ստանձնել ենք մեր քաղաքական հանձնառությունները։ Ի վերջո՝ բոլոր բարձրակարգ մասնագետները կարող են գտնել իրենց տեղը ամենուր պետական համակարգից դուրս, եթե իրենց հուզի միայն սեփական բարեկեցության հարցը։ Քննարկմանը մասնակցելով՝ ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն է և հանրային բարեկեցության աճը։ Կան բազմաթիվ օրինակներ, բայց նորից անուններ չեմ նշի. երբ նախարարները կամ փոխնախարարները ստանձնել են պետական ծառայությունը՝ հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։ Բնականաբար, դա չեն արել՝ սպասելով շնորհակալությունների, այլ արել են այն գիտակցումով, որ բոլորիս համատեղ ներդրման արդյունքում ընդհանուր բարեկեցության պայմաններն ենք զարգացնելու՝ ինստիտուցիոնալ լուծումներ բերելով, երկիրը զարգացնելով։ Իմ ասելիքն այն է, որ այսօր պետք է այս մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որպեսզի բարեփոխումները ի վերջո կայանան։ Քանի որ ոչ մի ոլորտ չի կարող զարգանալ մի քանի ամսում. տարիների ներդրում է պետք։

Կառավարության կադրային քաղաքականության նպատակով կատարվող այս քայլերի տրամաբանությունը՝ որպես ժամանակավոր լուծում, ինձ համար ընդունելի է։ Բայց այստեղ թերևս մի բայց կա։ Կարծում եմ, որ արդարացի քննադատության առիթն այն է, որ մարդկանց համար տեսանելի չէ պետական համակարգում բոլոր աշխատողների վարձատրության համաչափ բարձրացման պլանավորված ռազմավարությունը։ Մարդիկ չեն տեսնում, թե երբ, ինչ ժամկետներով և որքան է նախատեսվում բարձրացնել այս կամ այն ոլորտի հանրային ծառայողների աշխատավարձերը։ Այս քաղաքականությունները կրկին մշակում են առանձին գերատեսչությունները, և գուցե կարիք կա, որ դրանք ամփոփիչ ձևով հանրությանը ներկայացվի։

Տարօրինակ կթվա, բայց ես նույնիսկ ուրախ եմ, որ այս հարցը այսօր քննարկելու առիթ ունենք։ Ինչո՞ւ եմ այդպես մտածում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը նույնքան կարևոր և, շեշտում եմ, հանրային խնդիր է, որքան պետական համակարգի մյուս աշխատողների, կրթական, առողջապահական և հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի հարցը։ Նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել։ Մենք երբևէ հետաքրքրվե՞լ ենք, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում պաշտոնյան. ո՛չ։ Ինքնըստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի հույսին չեն. նրանք բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ ունեին իշխող կուսակցության, բիզնեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով։ Հետևաբար նախկինում պետական պաշտոնյան կախյալ վիճակում էր իր կուսակցական վերնախավի քմահաճույքից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից։ Այժմ նոր իրականություն է, որտեղ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար նա մեծ հաշվով պետք է կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, այն է՝ իր աշխատավարձից ու պարգևավճարներից, օրենքի շրջանակում այլ միջոցներից։ Ահա, հարցի այս կողմն է, որ կարևորում եմ այս քննարկման մեջ։ Ես հարկ եմ համարել և հիմա էլ հարկ եմ համարում արձանագրելու, որ պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցը անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է։ Եվ հանրությունը պետք է թույլ տա այս խնդիրը լուծել, ինչպես արդեն ասացի, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները շարունակելու նպատակով։

Հատկապես համավարակի ճգնաժամի այս օրերին հանրությունը տեսնում է կառավարության, նախարարների և նրանց անձնակազմերի աշխատանքի բնույթը, նրանց ճկուն արձագանքը, ներդրված ջանքերի ծավալը։

– Վերջերս Դուք Ֆեյսբուքում, անդրադառնալով խնդրին, նշել եք, որ ամսական հինգ հարյուր հազար դրամով աշխատող նախարարը քանի ամիս, քանի տարի պետք է աշխատի, որ այդ գումարը քիչ է, քանի որ նրանք աշխատում են գերծանրաբեռնված։ Ձեր հասցեին ուղղված մեղադրանքները ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է, որ Ձեր տեսակետը փոխվել է։

– Առհասարակ քննադատություններ ստանալը և դրանց շուրջ աշխատանքը, կարծում եմ, ցանկացած քաղաքական գործչի ակտիվ գործունեության կարևոր մասերից է։ Ինքս քննադատություններից պաշտպանվելու նպատակ չունեմ. դրանք ընդունում եմ ըստ իրենց բովանդակության և հաշվի առնում, երբ փաստարկված են։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ դեպքին, ապա ասացի, որ քննարկումն ինքնին կարևոր եմ համարում, քանի որ այս ընթացքում, իրոք, հնչեցին նաև արժեքավոր քննադատություններ. խոսքը հատկապես հանրային ծառայությունների ոլորտի աշխատողների աշխատավարձերի համաչափ բարձրացման քայլերի ժամանակացույցին, դրա պլանավորված ընթացքին է վերաբերում։ Բայց այս քննարկումը կարևոր եմ համարում նաև իմ կողմից բարձրացրած հարցերի և տված մեկնաբանությունների առումով։ Պարգևավճարների և վարձատրության հարցի անձնավորման, կուսակցականացման փորձերը, իրոք, անհիմն եմ համարում։ Կրկնում եմ՝ այո, հանրային պաշտոնյայի վարձատրության հարցը նույնքան հանրային հարց է, որքան բանակի բարեփոխումների, նորոգվող ճանապարհների, կրթության և առողջապահության և այլ հարցերը։ Հետևաբար պետք է նաև այդ հարցն ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը։ Այո, նշել եմ նախարարների գերծանրաբեռնվածության հանգամանքը, բայց էականն այստեղ  գերծանրաբեռնվածության կողմը չէր, այլ նախարարի գործառույթի հարցն էր։ Հարցը ավելի բարձր կամ ցածր, մեծ կամ փոքր աշխատանքի մասին չէ, այլ թե այդ աշխատանքի արդյունքում որքանով է այլ մարդկանց բարեկեցության ընթացիկ խնդիր լուծվում հենց այսօր։ Բնականաբար, տարբեր գործունեության տեսակներով զբաղվող մարդիկ նույնպես ծանրաբեռնված են կամ գերծանրաբեռնված են։ Սուպերմարկետի կամ կարի արտադրամասի աշխատողները, օրինակ, դա խոսքով չի, որ գիտեն, այլ իրենց սեփական փորձով։ Հետևաբար որևէ աշխատանքի առավելության հարց չի քննարկվում, բոլորովին։

Առիթ ունեցել եմ արդեն գրառումներիս ասելիքը մանրամասնելու, որի իմաստն ընդամենը այս է. օրենքով սահմանված աշխատավարձերը, պարգևավճարները, այլ սոցիալական ու քաղաքական ինստիտուցիոնալ երաշխիքները նրա համար են, որ քաղաքական գործիչները, որոշում կայացնողները, պետական ոլորտի մասնագետները, անկախ նվիրումի մասին իրենց սուբյեկտիվ պատկերացումներից, գործեն համարժեք։ Որոշ դեպքերում, իհարկե, միտքս համատեքստից դուրս է մեկնաբանվել, որոշ դեպքերում դիտավորյալ նենգափոխվել։

Եթե բյուրեղացնեմ մեկնաբանությունում ասված միտքս, ապա դա այն է, որ կառավարությունը խնդիր ունի կադրային քաղաքականության միջոցով լուծելու հանրային բարեկեցության խնդիրներ։

Ավելին կարդացեք 1in.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել