ԱԺ-ում քննարկվում է պատգամավորների` դատապարտյալներին ու կալանավորված անձանց անարգել տեսակցելու նախագիծը |hetq.am|
14:19 - 14 ապրիլի, 2020

ԱԺ-ում քննարկվում է պատգամավորների` դատապարտյալներին ու կալանավորված անձանց անարգել տեսակցելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այս նախագիծը մի քանի տարիների պատմություն ունի, քանի որ տարիներ շարունակ ընդդիմադիր պատգամավորների մուտքը ՔԿՀ-ներ խոչընդոտվել է, մասնավորապես պատգամավորները չեն կարողացել տեսակցել դատապարտյալներին կամ կալանավորված անձանց:

Սիմոնյանի խոսքով` օրենսդրությունն այնպիսին է, որ պատգամավորների մուտքն ու ելքը ՔԿՀ-ների թույլատրվում է, սակայն դա չի ենթադրում տեսակցություն, ուստի առաջարկում են օրենքով ամրագրել նաև տեսակցելու դրույթը:

Չնայած հանձնաժողովը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, սակայն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգում, առաջին ընթերցմամբ ընդունվել` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի հեղինակը աշխատանքներ կտանի կառավարության հետ, և վիճելի դրույթները կհստակեցվեն:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով` պատգամավորները իրավունք ունեն տեսակցել այն դատապարտյալին կամ կալանավորին, ում վերաբերյալ տեսակցության արգելք չկա: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կա տեսակցությունների սահմանափակում, ապա կառավարությունն առաջարկել է նման դեպքերում պատգամավորները դիմեն վարույթ իրականացնող մարմնին և նրանից ստանան տեսակցության թույլտվություն կամ մերժում: Մերժումը, սակայն, պետք է հիմնավորված լինի:

Գալյանի խոսքով` նման առաջարկով են հանդես եկել, քանի որ նախագծի հեղինակն ի սկզբանե նշում էր, որ տեսակցություն ասելով հասկանում են ոչ թե կարճաժամկետ տեսակցությունը, այլ շփում, հանդիպումը, ուստի առաջարկ է եղել, որ տեսակցության արգելք ունեցող դատապարտյալին հնարավոր լինի հանդիպել, հարց ուղղել, սակայն վարչակազմի ներկայությամբ: Նախագիծը հեղինակը, սակայն, մերժել է կառավարության առաջարկը:

Արդարադատության փոխնախարարը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ այն որևէ շահ չի սպասարկում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել