armtimes.com: «Երեւի մոլորակի ամենաապահով երկիրն ենք համարվում կամ երկրներից մեկը. ընդամենը ունեցել ենք 8 վարակվածության դեպք, մնացել են 2-ը». «Զրույց քաղաքացու հետ» ձեւաչափով ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ այս մասին հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Այդ առումով նա շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին, պատասխանատուներին, գործող իշխանություններին:
«Մեղադրանք չլինի, բայց շատերը անհամբեր սպասում էին վատ լուրերի (անհամբերը չակրտավոր կամ բաց)՝ ամեն քայլափոխի կասկածի տակ դնելով ընտրությունները կամ ընտրություների կազմակերպումը: Ու չէին թաքցնում ոգեւորությունը, երբ որեւէ հիվանդի մասին խոսվում էր: Անհամբեր սպասում էին, որ այդ հիվանդից պետք է տարածվեր: Աստված մեզ հետ էր եւ Ղարաբաղում այսօր ունենք նորմալ իրավիճակ»,- հայտարարեց Հարությունյանը:
Չնայած սրան, նա ունի մտավախություն, որ կարող է տարածվել վիրուսը: Ասաց, որ երեկ քայլել է Ստեփանակերտի հրապարակում եւ տեսել հարյուրավոր, միգուցե նաեւ հազարավոր մարդկանց, որոնք քայլելիս են եղել առանց սոցիալական հեռավորությունը եւ մյուս կանոնները պահելու: Նորընտիր նախագահը զգուշացնում է, որ այսօրվանից սկսած ամեն մեկից է կախված վարակի տարածման ռիսկը, յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ եթե չգիտակցի դա՝ կարող է վարակել իր հարազատներին, բացի այդ վնաս հասցնել պետությանը:
«Վստահ եմ, որ Արցախը ապահովագրված է պարենային առումով: Գործող կառավարության կողմից բավականին մեծ աշխատանք է կատարվել առաջիկա ժամանակահատվածում մեր պարենային խնդրի լուծման ուղղությամբ. գարնանացան աշխատանքները արդեն ավարտվում են, աշնանացանի կատարած ծավալները թույլ են տալիս ոչ միայն ապահովագրել մեզ պարենային անվտանգության առումով, այլեւ լուրջ ներդրում ունենալ Հայաստանի պարենային անվտանգության խնդրում: Բայց Հայաստանն ունի այդ խնդիրը: մեր քույր ու եղբայրներն ունեն այդ խնդիրը եւ մեր առաջիկա աշխատանքները հենց ուղղված են լինելու ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ: Այն չօգտագործված ռեսուրսները, չօգտագործվող տարածքները, չօգտագործվող վարելահողերը, գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է ամբողջությամբ օգտագործել եւ, ինձ թվում է, Հայաստանի իշխանությունների հետ միասին հաջողվելու է իրականացնել այդ ամենակարեւոր խնդիրը»,- քաղաքացիներին ուղղված իր խոսքում ասաց Արցախի նորընտիր նախագահը:
Խոսելով էներգետիկ անվտանգության մասին՝ Հարությունյանը շատ կարեւորեց անկախության խնդիրը: Ըստ նրա, քանի որ Հայաստանի եւ Արցախի էներգետիկ ռեսուրսները հիմնականում ներկրվում են, ուստի դրանք ցանկացած պահի կարող են վտանգված լինել թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ֆինանսական խնդիրներով պայմանավորված:
Իսկ անկախության համար, ըստ Հարությունյանի, շատ կարեւոր են հիդրոէլեկտրակայանները:
«Նորից ուզում եմ կրկնել․ այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել․ էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն, չփորձե՛ք, չփորձե՛ք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արցախում մեծ դժգոհություն է առաջացնում հէկերի շինարարությունը: Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն անգամ հացադուլ էր ստեղծել դրանցից մեկի շինարարությունը կասեցնելու պահանջով:
Մյուս խնդիրը, որ Հարությունյանը առանձնացրել էր մայիսմեկյան տոնի առիթով անդրադառնալու համար՝ համերաշխությունն է.
«Վերջին օրերին ես իրականացրել եմ խորհրդատվական, համագործակցության հանդիպումներ 3 քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հետ: Հանդիմում եմ ունեցել ՀՅԴ-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների, Սամվել Բաբայանի, Մասիս Մայիլյանի հետ, շարունակելու եմ հանդիպումներս արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք ցանություն ունեն եւ այն դեմքերի հետ, որոնք մասնակցել են ընտրություններին, որպեսզի ունենանք համերաշխ հասարակություն:
Իրականում շատ կառուցողական հանդիպումներ էին: Մենք շարունակելու ենք խորհրդակցելու այդ հնարավորությունը, ստեզծելու ենք շատ արդյունավետ քաղաքական համակարգ՝ իմ գլխավորությամբ որպես երկրի նախագահ, բայց բոլորին տալով հնարավորություն մասնակցելու մեր երկրի ոչ միայն կառավարմանը, այլեւ այս պատվաբեր առաքելության իրականացմանը»,- մանրամասնեց Արցախի նորընտիր նախագահը:
Հիշեցնելով, որ ինքը պաշտոնը ստանձնելու է մայիսի 21-ին՝ նա ընդգծեց, որ դեռեւս որեւէ պաշտոնում որեւէ մեկի նշանակման մասով որոշում չունի.
«Շատ տարածված լուրեր կան, անհամբեր կամ համբերատար սպասում են կադրային նշանակումներին: Նշեմ, որ դեռ որեւէ որոշում չեմ կայացրել, կադրերի նշանակման առումով որոշումը կայացնելու եմ մայիսի 21-ից հետո՝ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը: Իհարկե հանդիպումների ժամանակ կարող է կարծիքներ են հնչում տարբեր քաղաքական գործիչների կամ տարբեր պաշտոնյաների հետագա դերակատարության առումով, բայց դրանք ընդամենը խորհրդակցելու կամ քննարկելու համար են, եւ այդ առումով այն խոսակցությունները, որ կան՝ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ երբ որ որոշումներ կայացնի՝ կհրապարակի դրանք եւ կհիմնավորի: Պայմանները հետեւյալն են. բոլոր նշանակված պաշտոնյաները պետք է հարգանք վայելեն կամ իրենց աշխատանքի ընթացքում պահպանեն այդ հարգանքի մթնոլորտը, լինեն թափանցիկ, բաց, շփվող եւ իհարկե արհեստավարժ:
comment.count (0)