Հայաստանում սեքս չկա․ Գևորգ Բաբայան #FreeZone
19:39 - 03 մայիսի, 2020

Հայաստանում սեքս չկա․ Գևորգ Բաբայան #FreeZone

Չեմ հիշում, թե երբ է եղել իմ սեռահասունությունը՝ 13-ում, 14-ում, բայց կարծես այդ ժամանակվանից էրեկցիայի, կանացի մարմնի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ կապված որոշ դրվագներ հիշում եմ։

Սեռական ճանաչողության առումով ամենամեծ շոկը եղել է 7 տարեկանում, երբ բացահայտեցի, որ երեխաները ծնվում են սեռական հարաբերությունների արդյունքում։ Ինչու՞ շոկ, որովհետև խիստ հավատացյալ ընտանիքում մեծանալը և սեռական հարաբերությունները որպես մեծ մեղք ընդունելը, սեռական հարաբերությունների՝ միայն ու միայն «աստծո թույլտվությամբ» լինելը, ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ ձեռք բերելու հնարավորությունն այդ տարիքում այդ գործողությունը դարձնում էին  զզվելի(վարակների մասին, պարզվում է, գիտեի): Հիասթափված էի աստծուց, որ, այդքան խելացի լինելով, ավելի խելամիտ երևույթ չէր մտածել վերարտադրության համար։ Ինչպե՞ս է հնարավոր այդ զարհուրելի գործողության միջոցով երեխա ունենալ։

Բայց, ինչ արած, զարգանում էի, մարմինս զարգանում էր ինձանից անկախ, տեղեկատվական հոսքերը տարբեր պատերի տակ ընկերներով գաղտնի քննարկելով էինք ապահովվում։ Արդյունքում մինչև հիմա ակադեմիական գիտելիք չունեմ այս թեմայով։ Որպես գիտակից անձ՝ բնականաբար քչփորել եմ համացանցը, կարդացել շատ ու շատ հոդվածներ, բայց դա արել եմ արդեն հասուն ժամանակ և արդեն այն թեմաներով, որոնք հետաքրքրիր էին այդ ժամանակվա համար։ Չգիտեմ անգամ, թե էլ ի՞նչ չգիտեմ։ Ու՞մ մեղադրեմ՝ ծնողներիս, դպրոցին, կարծում եմ՝ բոլորին, բայց նաև ոչ մեկին, վստահ եմ՝ իրենք էլ չգիտեն։

Բայց զարգացումն, ինչպես նշեցի, անխուսափելի է՝ ոչ միայն ֆիզիական և ֆիզիոլոգիական առումով, այլ նաև մշակութային և աշխարհագրական բացահայտումների։ Այստեղ է, որ պարզում ես աշխարհի գույները, հասկանում, որ տարբեր երկրներ ունեն հատուկ սեռական մշակույթ, վարք ու բարք, շարժուձև։

Եթե ամերկացիները փորձում են ամեն ինչ անել հոլիվուդյան պոռնոգրաֆիկ էսթետիկայով, ապա ռուսները փորձում են կրկնօրինակել նրանց։ Եթե եվրոպական բոլոր երկրները ունեն իրենց ձեռագիրը, ապա կանադացիք շատ հանգիստ են ու իրենց հաճախականության մեջ։ Եթե ավստրալացիք «գիժ» են, ապա երբեք չգիտես, թե ինչ սպասես ասիացիներից։ Այո, այստեղ նույնպես կա հստակ գծանշված քարտեզ՝ սեքսի քարտեզը։

Հայերը․․․ Հայաստանում սեքս չկա, ու ոչ ոք հայերի մասին չգիտի։

Բնականաբար, սա տաբու թեմա է, չի կարելի բարձրաձայն խոսել դրա մասին, ինչպե՞ս ենք հանդգնում։ Ասեմ, թե ինչպես․ երբ Ինստագրամն ի հայտ եկավ, և բոլորը սկսեցին իրենց սնունդը նկարել և տարածել, կարծում եմ՝ այդ պահից սկսած մենք կարող ենք բացիեբաց խոսել սեքսի մասին։ Ի՞նչ կապ կա։ Ամենաուղիղ։ Այո, դա սարկազմ էր, սեռական հարաբերությունների մասին պետք էր խոսել մարդկության առաջացման պահից։

Սեռական պահանջը մեր կյանքի անբաժանելի մասն է, ինչպես սովը, ծարավը, մրսելն ու շոգելը։ Մենք ունենք մեր մարմնի պահանջը բավարարելու պարտավորություն։ Սակայն դա այնքան էլ հեշտ կամ պարզ չէ։ Չէ՞ որ կան մի շարք քայլեր կամ խոչընդոտներ. իսկ հանրային կարծի՞քը, իսկ կրո՞նը, իսկ բարոյականությու՞նը, և այդպես շարունակ։

Հայտնի չէ՝ պատմականորեն երբ է ի հայտ եկել առաջին խրատականը, որ սեռական պահանջ բավարարելը բարոյական չէ, բայց հստակ է, որ մենք գիտենք, թե երբ է մարդու մարմնի վրա կրոնի մոնոպոլիան տարածվել։ Այսպիսով, կրոնն է թույլ տալիս մեզ բավարարել մեր պահանջմունքը` միայն և միայն մեկ զուգընկերոջ հետ, այն էլ` միայն կղերականի օրհնության դեպքում։ Եթե հանկարծ նայեք մեկ այլ անձի և անգամ մտքում ցանկանաք նրան, դուք կայրվեք գեհենի կրակներում։

Կարծում եք՝ «աբսու՞րդ է»։ Ոչ, դա մեր իրականությունն է։ Սա հակակրոնական շարադրանք չէ, բայց այն փաստը, որ ինչ-որ անձինք կամ ուժեր կարող են թույլ տալ կամ չտալ, որ դուք բավարարեք ձեր բնական պահանջը, դա «աբսուրդ» է։ Մարդը բնությունից սերված բանական կենդանի է, և միակ տարբերությունը, որ մենք ունենք կենդանիներից, դա գերզարգացած ուղեղն է, բայց ոչ ոք չի ասել, որ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ կանոն պետք է մեզ հետ պահի բավարարելու մեր բնական պահանջմունքը։

Սակայն դրա համար որոշակի գիտելիք և տեղեկատվություն է պետք։ Միայն ինքդ քո պահանջը բավարարելով՝ բավարավածության չես հասնում․ պետք է կարողանաս զուգընկերոջդ մարմինն էլ բավարարել։ Սրանք հմտություններ են, հետազոտությունների և կրթության առարկաներ, որոնք, ցավոք, մենք չունենք, մարդկության մեծամասնությունը չունի։ Եվ քանի որ մոնոպոլ կազմակերպությունները անիծում են բազմաթիվ հարաբերությունները կամ այդ մասին տեղեկատվության տարածումը, մենք մնում ենք քարայրում՝ մինչև մեր կյանքի կեսօրն անցը։ Իսկ ու՞մ է պետք այդ գիտելիքը այն ժամանակ, երբ արդեն սեռական ակտիվությունդ նվազել է։ Փակ շղթա է, որը կոտրելու համար մեծ ջանքեր են հարկավոր։

Ես երբեք չէի ճանաչի իմ մարմինը, չէի ճանաչի զուգընկերոջս մարմինը, եթե բախտի բերմամբ չճանապարհորդեի։ Ազատ հանրություններում մարդիկ ազատ են իրենց ցանկությունների արտահայտմամբ և պահանջների բավարարմամբ։

Դա շոկային էր։ Որքան էլ ես ազատ և բաց մտածելակերպի տեր եմ եղել, բայց այլ բան է, երբ ողջ շրջապատդ է այդպիսին, երբ մարդիկ նաև գիտակցական ու ակադեմիական մակարդակով գիտեն իրենց պահանջմունքների մասին, կարողանում են հաղորդակցվել և քննարկել դրանք։ Ամեն նոր զուգընկերոջ հետ դու բացահայտում ես ինքդ քեզ․ նոր մոտեցումներ, դիրքեր, շարժումներ, շփումներ, համեր, հոտեր և այլն։

Ամեն գործողությունից հետո քննարկումը, թե ի՞նչը դուրդ եկավ կամ չեկավ, հաջորդ անգամ ինչպե՞ս կարելի է անել, այս դիրքը ո՞ր հարթության վրա է ավելի հարմարավետ, ավելի խորը ներթափանցում ապահովում, ինչպիսի՞ն է սեքսը գինի կամ օղի, գարեջուր կամ վիսկի խմած, մարիխուանա ծխած, ինքնաճանաչողության, ինքնազարգացման մեծ թռիչք է։

Աշխարհը փոխվում է, բարոյականության նորմերն են փոխվում։ The Guradian-ը գրում է ազատ հարաբերություններով ընտանիքների մասին, աշխարհում բանավեճը չի ավարտվում մոնոգամ կամ պոլիգամ հարաբերությունների թեմայով, բայց Հայաստանում դեռևս բաշիքյարթմա են անում, կարմիր խնձոր տանում, կուսության առկայության կամ բացակայության մասին քննարկում: Մենք վաղուց բաց ենք թողել քաղաքակրթության գնացքը։

Երազում եմ տեսնել, որ մի օր Հայաստանում երիտասարդներն ազատ կարող են արտահայտվել, դպրոցներում դասավանդում են, թե ի՞նչ են սեռականությունն ու սեռական հարաբերությունները, անկախ կողմնորոշումից՝ մենք չենք մտցնում մեր քիթն այլոց մահճակալը, պարզապես ապրում ենք ինքներս մեզ համար և ոչ երբեք ինչ-որ մեկին մեր բարոյականությունն ու առաքինությունը ապացուցելու։ Երազում եմ տեսնել, որ երիտասարդներն ապրում են առանձին, ապրում են զույգերով, երբ դեռ ամուսնացած չեն, մինչ կորոշեն՝ ցանկանու՞մ են ամուսնանալ, թե՞ ոչ։ 

Այո, գիտեմ, որ ինձ դատափետելու են։ Ակտիվ սեռական կյանքով ապրողը երբեք քար չի նետի նրա վրա, ով խոսում է այդ մասին․ եթե ապրում ես այդպես, նշանակում է՝ հասկանում և գնահատում ես դրա կարևորությունը, հաճույքը, հմայքը։

Մտածեք ինչ-որ մի հայտնի քաղաքի մասին, որի մասին լսել եք, բայց չեք եղել։ Արդյո՞ք կարող եք ասել, որ այդ քաղաքը լավը չէ, կեղտոտ է, այսպիսին կամ այնպիսին է։ Այո, անաչառությունն ու օբյեկտիվությունը խիստ չափելի է։

Գևորգ Բաբայան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել