Բանակցությունների գնալիս չենք վախենալու՝ ոչ ներսիններից, ոչ դրսիններից. Փաշինյան |armenpress.am|
18:52 - 06 մայիսի, 2020

Բանակցությունների գնալիս չենք վախենալու՝ ոչ ներսիններից, ոչ դրսիններից. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում իշխանությունները բանակցում են այնքան, որքան ունեն լիազորություն, պատասխան կարող է պահանջել ժողովուրդը:  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը:

Արման Աբովյանը նշեց՝ ԲՀԿ-ն կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններ հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լիգիտմիացումը։

Նիկոլ Փաշինյանը զարմանացավ, թե ինչու է Աբովյանը համարում, որ Արցախի միջազգային ճանաչումը ԲՀԿ-ի դիրքորոշումն է։

«Իսկ հանրության շրջանում որևէ մեկ կա՞, որն այլ դիրքորոշում ունի, ես լավ չեմ պատկերացնում դա: Մենք միշտ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին,  հայ ժողովրդի շրջանում մարդ կա՞, որն այլ դիրքորոշում ունի»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հաստատեց՝ դա ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլորին դիրքորոշումն է:

«Չի լինելու, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու մեր ձեռքերը դողան, որ հանկարծ սխալ «չփռշտանք», որ դա պատմություն չդառնա։ Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ: Եվ մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները,  բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Թող ոչ մեկ մեզ չասի, թե ինչ ենք բանակցում: Ինչ-որ պետք է,  դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: Ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, որ գնանք, բանակցենք: Երբ կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում ունենք բանաձև, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, ԱԺ-ին, ժողովրդին և հանրությանը, կգանք, կներկայացնենք: Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝ իշխանություններն ինչքան լիազորություն ունեն, բանակցում են, բանակցությունների գնալիս չեն վախենալու՝ ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից։

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել