ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում բարձրաձայնել է հանրապետության դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19 համավարակի տարածման հնարավոր վտանգի մասին: Նամակում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ և նախարար,
Որպես Հանրային խորհրդի նախագահի՝ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ բժիշկներ, որոնք երեխաներ ունեն հանրակրթական դպրոցներում։ Նրանք հայտնել են, որ իրենց երեխաների դպրոցներից (կամ միգուցե բոլոր դպրոցներից) խնդրել են, որպեսզի վաղվանից ծնողները ներկայանան՝ աշակերտների դասագրքերի հանձնման նպատակով: Հաշվի առնելով COVID-19 համավարակը և նրա տարածման տեմպերը վերջին շրջանում՝ ծնողները, որոնցից ոմանք մասնագիտությամբ բժիշկներ են, խնդրում և հորդորում են ինձ օգտագործել իմ բոլոր կապերը և հնարավորությունները՝ տեղեկացնելու համար, որ դա կարող է լինել վարակը տարածելու ևս մեկ ճանապարհ։
Ծնողները կարծում են, որ դպրոցներում դասագրքերի հանձնման պրոցեսը կարող է կատարվել, օրինակ, մեկ ամսից կամ օգոստոսին, երբ իրավիճակը չի լինի մտահոգիչ կամ վերահսկելի կլինի:
Գրությունս ավարտում եմ նամակներից մեկից մեջբերմամբ․ «Նորից խնդրում եմ՝ որպես բժիշկ, ով անմիջապես մասնակցում է COVID-19-ով հիվանդների բուժմանը. ջուրը մի գցեք մեր ջանքերը՝ թեկուզև մեկ վարակակիր ավելացնելով: Ենթադրում եմ՝ դա թյուրիմացություն է, որը միգուցե Ձեր մասնակցությամբ կանխվի, քանի դեռ ուշ չէ»:
Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ճշգրտել, թե որքան համատարած է նման խնդիրը։ Իսկ ընդհանուր վերցրած՝ վերին աստիճանի ցանկալի կլինի, որպեսզի բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների համակարգման ոլորտում մարդկային շփումներ ենթադրող միջոցառման կամ միջոցառումների թույլատրումը լինի միջգերատեսչական մակարդակում ծայրահեղ համակարգվածության ներքո, որպեսզի կոնկրետ նախարարության կամ գերատեսչության իրավասության ներքո գտնվող բնագավառում տեղի չունենան միջոցառումներ, որոնք հակասում են ընդհանուր հակաճգնաժամային ռազմավարությանը և կարող են ռիսկեր ստեղծել։
Հարգանոք՝
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ»:
comment.count (0)