hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը և պարտավորությունները մարելու նպատակով 47 միլիոն դրամ հատկացնել։ Իսկ հիմնադրամի պարտավորությունները մարելուց հետո դրա զբաղեցրած շենքը և հողամասը (Գարեգին Նժդեհի 23/1 հասցե) ամրացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)։
Նման նախագիծ է քննարկման ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ակտերի միասնական կայքում։
Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրությամբ դիմել է՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող շենքը և հողամասը հանձնաժողովի գործառույթների տեղակայման համար տրամադրելու նպատակով։
Կոմիտեն ընդգծել է, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքը կազմավորվել է պետության կողմից փոխանցված միջոցներից, այլ նվիրատուների մասին տեղեկատվություն չկա։
Հատկացված 47 միլիոն դրամից 20 միլիոն դրամը տրամադրվելու է հարկային պարտավորությունների մարմանը, 19 միլիոն դրամը նախատեսվելու է աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների համար, իսկ մնացած գումարը՝ այլ ծախսերի։
comment.count (0)