1 մլրդ 66 մլն դրամի շրջանակում 82 փախստական ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր
13:02 - 25 հունիսի, 2020

1 մլրդ 66 մլն դրամի շրջանակում 82 փախստական ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր

ՀՀ միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Ընդհանուր թվով ԲԳՎ-ներ են հանձնվել արդեն 82 ընտանիքների՝ 1,66 մլրդ դրամի շրջանակում։

Առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից դեռևս վկայագրեր չստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են։ Այս նպատակով ձևավոևված միջգերատեսչական հանձնաժողովը շաբաթական պարբերականությամբ նիստեր է անցկացնում։

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։

Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝ մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել