Կենսաթոշակներին և նպաստներին առնչվող որոշ գործառույթների ժամկետները հետաձգվել են մինչև սեպտեմբեր |armenpress.am|
18:13 - 26 հունիսի, 2020

Կենսաթոշակներին և նպաստներին առնչվող որոշ գործառույթների ժամկետները հետաձգվել են մինչև սեպտեմբեր |armenpress.am|

armenpress.am: Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները կանխելու նպատակով կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Այդ ժամկետները փոփոխվել են՝ հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը: Այսպիսով, քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու),  կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա քաղաքացիները նոր դիմումը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի  1-ը»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ նույնը տեղի է ունենալու նաև հաշմանդամության սահմանման դեպքում:

Նրա խոսքով՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, նույնպես կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի  1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:

«Միևնույն ժամանակ, կցանկանամ հայտնել և հիշեցնել մեր քաղաքացիներին, որ հունիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Մեր քաղաքացիներն առանձին ծրագրերով կարող են դիմում ուղարկել առցանց եղականով՝ online.ssa.am կայքին, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումները»,- տեղեկացրեց Սոնա Մարտիրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել