Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց
 |armeniasputnik.am|
12:15 - 14 մարտի, 2024

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ 2020 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 9 464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ` 1530-ը` միանվագ դրամական աջակցության ծրագրով, 2 769-ը` կանխավճարի ապահովագրության ծրագրով, 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։

Փոխնախարարի խոսքով` ծրագրերի իրականացման 4 տարվա ընթացքում արձանագրվել է դիմումների թվի աննախադեպ աճ։

«Նախագծով նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, որոնք անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել կամ կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա»,– նշեց Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ 2024 թ. ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետական բյուջեով, իսկ 675 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության շահառուն այս դեպքում երեխան է. երեխան ծնվեց` նա պետք է ստանա ՀՀ կառավարության աջակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել