Աշխատանքային իրավունքների շուրջ իրադրությունը Մատենադարանում նորովի է զարգանում
07:15 - 13 հուլիսի, 2019

Աշխատանքային իրավունքների շուրջ իրադրությունը Մատենադարանում նորովի է զարգանում

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել հանդիպում Մատենադարանի աշխատակիցների և տնօրինության միջև։ Հանդիպումն ընթացել է Աշխատանքի իրավունքի հաշտարարի հետ միասին, ում տնօրինությունն էր հրավիրել, որպեսզի քննարկվեն աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նշենք, որ մինչ այդ՝ հունիսի 25-ին տեղի էր ունեցել մեկ այլ հանդիպում տնօրինության և արհմիության միջև, որի արդյունքում ձեռք էին բերել համաձայնություն՝ արհմիության կողմից բարձրացված հարցերի շուրջ․ տրամադրել գիտաշխատողներին 2015 թվականի Կառավարության որոշմամաբ նրանց հասանելիք 35 արձակուրդային օրը, գիտաշխատողների հետ կնքել անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրեր և դիմել համապատասխան քայլերի` գիտաշխատողների հաշվառումը կատարելու ոչ թե ստորագրությունների մատյանով, այլ ուրիշ կերպ, ըստ գիտաշխատողների՝ ավելի արժանապատիվ ձեւով։

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչքան էլ հունիսի 25-ի հանդիպումը տհաճ դեպքերով և ծանր անցավ, այնուամենայնիվ, թվում էր, թե իրենք տնօրինության հետ ընդհանուր կոնսենսուսի են եկել, սակայն հուլիսի 4-ի ժողովն այլ բան ցույց տվեց։

«Տնօրինության կողմից հրավիրվել էր իրավաբան, որը փորձում էր իրավական հիմնավորումներ գտնել տեղի ունեցած աշխատանքային իրավունքի խախտումներին: Կար նաև հաշվարկ՝ ընդհանուր ժողովում ճնշումների ենթարկել արհմիության անդամներին, նրանց նկատմամբ կիրառել վարչական ռեսուրս:

Սրա վկայությունն են սադրանքի փորձերը, արհմիութենականների հասցեին հնչեցված վիրավորական խոսքերն ու ժեստիկուլյյացիան՝ համեմված իրավաբանի՝ մեզ ուղղված սպառնալի ակնարկներով։ Կարծում եմ՝ բոլորն էլ ձախողված փորձեր: Մարդիկ շատ լավ են գիտակցում սեղանին դրված հարցերի կարևորությունը և աշխատողի օգտին լինելու հանգամանքը: Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ամենուրեք գործել է բրգաձև համակարգ, և բուրգը մեկ մարդուց չէ բաղկացած, բայց նաև այն փակ համակարգ է, ես հասկանում եմ ճիգերը որպես ամբողջ ներկայանալու և դիրքավորվելու: Պարզապես պետք է զգույշ լինել բարոյալքված վիճակում հայտնվելուց»,- պատմում է նա:

Ըստ Գայանե Այվազյանի՝ հանդիպումը նախատեսված չէր որոշումներ գտնելու համար և ընդհանուր հայտարարի գալու համար։

«Իհարկե, վիճակը վերջում փոքր-ինչ կայունացավ, քանի որ սադրանքների պլանը շատ թույլ էր, իսկ առաջ քաշված մեղադրանքները անհիմն էին, և արհմիության անդամները կարողացան նորից արծարծել մեր առաջ քաշած հարցերը: Վերջապես մենք փակ զնդանում չենք, բարեբախտաբար, հնարավոր է տեսնել տրամաբանված, հիմնավոր խոսքի և հերյուրանքի, աբսուրդի տարբերությունը: Վերջինը պետք է նահանջի:

Արհմիությունը հանդես է գալիս օրինականության, արդարության, հավասար հնարավորությունների դիրքերից: Եվ եթե կա մեկը, որ հանդես կգա դրա դեմ և չի կիսի այս օրակարգը, ուրեմն մենք սոցիալական աղետի հետ գործ ունենք, հասարակական հիվանդության, ախտի հետ գործ ունենք, որի արմատները պետք է բուժել, բայց ոչ երբեք ենթարկվել, հնազանդվել ու տրվել դրան»:

Մատենադարանի տնօրինության և արհմիության հետ հանդիպմանը բանախոսելու հրավիրված հաշտարարը Աշխատանի իրավունքի պաշտպանի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանն է եղել։ Մատենադարանի գիտաշխատող Փիրուզ Մնացականյանի պնդմամբ՝ վերջինս Աշխատանքի իրավունքի պաշտպանի գրասենյակի ղեկավարին և Իրավաբանական գիտությունների դոկտորի հայցորդին ոչ հարիր գիտելիքի, խոսքի, մտքի տեր բանախոս էր։

«Ելույթը զուրկ էր կառուցվածքից, բանախոսը հաճախ արտահայտում էր իրար հակասող մտքեր, խոսում էր վերացական, ակնհայտ կողմնակալություն էր ցուցաբերում: Հանդիպումը տեսաձայնագրվում էր Մատենադարանի համապատասխան բաժնի կողմից, այնպես որ կարելի է դիտել այդ կադրերը և ինքնուրույն կարծիք կազմել: Համոզված եմ, որ մեր երկրում կան միջազգային մակարդակի իրավաբաններ: Կարելի էր բանախոսության համար հրավիրել բարձրակարգ մասնագետի: Ժամանակի անիմաստ վատնում, սա այդ օրվա լավագույն բնութագրումն է:

ՀՀ արդարադատության նախարարության էջին՝ արտոնագրված հաշտարարների ռեեստրում առկա է  Արթուր Սարգսյանի կենսագրությունը, որի համաձայն՝ Արթուր Սարգսյանը տնտեսգիտության թեկնածու է, ավարտել է մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ է:

«Միայն 2005-2007 թթ. Ֆրանսիայում և Գերմանիայում կրթության շնորհիվ պարոն Սարգսյանը դարձել է աշխատանքի իրավունքի մասնագետ: Ես վստահ չեմ, թե արտասահմանում երկամյա կրթությունից հետո արդյո՞ք հնարավոր է ինժեներ-տեխնոլոգից վերածվել իրավունքի մասնագետի, սակայն վստահ եմ, որ հնարավոր չէ արևմտյան Եվրոպայում երկու տարի սովորել առանց համապատասխան օտար լեզվի իմացության:

Ըստ պարոն Սարգսյանի կենսագրության՝ միակ օտար լեզուն, որին նա տիրապետում է, ռուսերենն է: Բառարանի օգնությամբ կարող է ֆրանսերեն կարդալ: Այս իրողությունը բացահայտում է մեր պետության համար մի աղետալի երևույթ, այն է՝ չարժևորելը մասնագիտական կրթության կարևորությունը»,- ասում է Փիրուզ Մնացականյանը։

Մատենադարանի մեկ այլ գիտաշխատող՝ Ալա Խառատյանի խոսքով, պայմանագրերի հետ կապված քննարկումներ այլևս չեն լինի, քանի որ դրանք կատարվել են օրենքի խախտումով։

«Բանավոր համաձայնութոյւնից հետո արհմիությունը գրավոր դիմել է տնօրինությանը՝ պաշտոնապես վավերացնելու բանավոր համաձայնության արդյունքները և 7-օրյա ժամկետում իրավական ակտով գիտաշխատողների աշխատանքային պայմանագրերը ճանաչել անժամկետ»,- ասում է նա։

Տնօրինությունից խոստացել են, որ լուծելու են պայմանագրերի հարցը, սակայն անորոշ է, թե երբ։ Համաձայնության չեն եկել նաև հաշվառման մատյանների շուրջ, որն, ըստ արհմիության անդամների, տնօրինության իրավասությունների շրջանակներում է և ամենից հեշտ լուծվող հարցը։ Փաստացի՝ վերջին հանդիպումից հետո հնարավոր է եղել համաձայնության գալ միայն արձակուրդի օրերի շուրջ։ Մատենադարանի տնօրինությունը պարտավորվել է տրամադրել աշխատողներին օրենքով հասանելի արձակուրդային 35 օրը։

Գիտաշխատողները նաև նշում են, որ առաջիկայում արհմիությունը հետամուտ է լինելու Մատենադարանի կանոնդարության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացին։ Մասնավորապես քննարկման թեմա է դառնալու Հոգաբարձուների խորհրդում Մատենադարանի անդամների ընդգրկման կարգի ու հիմքերի հարցը։

«Մեզ համար պարզ չէր, թե ինչպես է Մատենադարանի աշխատակազմից ձևավորվել խորհրդի կազմը։ Ընտրության հանգամանքները պարզ չեն, բացակայում են չափորոշիչներն ու մեխանիզմները, ավելին՝ խորհրդում Մատենադարանի որոշ անդամների ներկայությունը առաջ է բերում շահերի բախման ռիսկեր, ինչպես նաև բավարար կոմպետենցիաների խնդիր»,- պարզաբանում է Ալա Խառատյանը:

Այս հարցով արհմիությունը մայիսի 22-ին նամակով դիմել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանին՝ խնդրելով պարզաբանել այդ խորհրդում Մատենադարանի անդամների ընդգրկվածության կարգը։

«Մեր մտահոգությունը արտահայտեցինք, որ Կանոնադրությունը թերի է և կառավարման հիմքում փակ խմբային մշակույթը դնելու վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, ոտնահարում է Մատենդարանի աշխատողների իրավունքը՝ ընտրության միջոցով արտահայտելու իրենց նախապատվությունները, ինչպես նաև աշխատակիցներին իրենց աշխատանքային գործընթացին ընդգրկվածությունից օտարելու տխուր նախադեպ ստեղծում։ Իր պատասխան նամակում Լևոն Աբրահամյանը նշեց, որ Մատենադարանի տնօրինությունն է որոշում կայացրել, թե ում պետք է ընդգրկի Մատենադարանի խորհրդի կազմում։ Արդյունքում Մատենադարանի տասնմեկհոգանոց կազմում ընդգրկվել են գիտատեխնիկական մեծ թվակազմ ունեցող բաժինների վարիչներն ու միջազգային բաժնի վարիչը, տնտեսական գծով փոխտնօրենը, կադրերի բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, ինչպես նաև տարեց ու երիտասարդ գիտաշխատողներ»,- նշում է Ալա Խառատյանը։

Ալա Խառատյանը նաև ավելացնում է, որ Լևոն Աբրահամյանը խոստացել է, որ Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստերից մեկում օրակարգ կդարձնի խորհրդի անդամների ընդգրկվածության ու դրանց ընտրության մեխանզիմների հարցերը։

«Այստեղ տարօրինակության առնվազն մեկ կետ կա, որը կուզենայի հատկապես շեշտադրել․ ըստ Կանոնադրության՝ Մատենադարանի տնօրենին ընտրում է Հոգաբարձուների խորհրդի կազմը, իսկ ընտրության մեխանիզմների ու չափորոշիչների բացակայության պարագայում ստացվել է, որ Մատենադարանի տնօրենը ընտրել է Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի կազմում Մատենադարանի ներկայացուցչության այն կազմը, որոնք հետո պետք ընտրեն իրեն/տնօրենին։ Սա պետք է հաշվի առնվի ու վերանայվի»,- եզրափակում է Ալա Խառատյանը։

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել