tert.am: Հազարավոր ցուցարարներ Իսրայելում փողոց են դուրս եկել շաբաթ երեկոյան՝ իրենց բողոքը հայտնելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ցուցարարները ողողել են Երուսաղեմի փողոցներն ու հասել վարչապետի նստավայր:
Ոստիկանության համանատարներից մեկի գնահատմամբ՝ մի վայրում շուրջ 17 000 ցուցարար է հավաքված եղել: Իսրայելական ԶԼՄ-ներում ներկայացվող թիվը տատանվում է 15 000-20 000-ի սահմանում:
Նշվում է, որ մեծաթիվ ցույցեր են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում՝ Թել Ավիվում, Հայֆայում, Կեսարիայում ինչպես նաև տասնյակ այլ վայրերում երկրով մեկ:
Ի տարբերություն նախկինում անցկացված բողոքի ցույցերի, որոնց ժամանակ իսրայելցիներն իրենց դժգոհությունն էին հայտնում վարչապետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության և փոքր բիզնեսի վրա դրա ազդեցության դեմ, Երուսաղեմի խոշորագույն ցույցի մասնակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիոն գործով մեղադրանքները:
Ցուցարարների շրջանում իսրայելական դրոշների հետ միասին նկատվում են նաև սև դրոշներ, որոնք հակակոռուպցիոն շարժման խորհրդանիշն են: Ցուցարարները նաև Նեթանյահուի հրաժարականը կամ ազատազրկումը պահանջող պաստառներ և ցուցանակներ էին պատրաստել:
comment.count (0)