Պետք է ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. կայացել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի նիստը
19:45 - 21 օգոստոսի, 2020

Պետք է ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. կայացել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի նիստը

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները:

Նիստի սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով խորհրդի անդամների պրոֆեսիոնալիզմն ու հարուստ փորձը ոլորտում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներառական կրթության արդյունավետ կազմակերպմանը, հատուկ դպորցներում կրթության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում դպրոցների վերաբացմանն ու դասերի անցկացմանը:

Արման Թաթոյանը բացման խոսքում, մասնավորապես, նշել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման ոլորտում կան տարիներով կուտակված համակարգային բնույթի խնդիրներ՝ կապված ուսումնական նյութերի, ծրագրերի, դասագրքերի, ֆիզիկական միջավայրի մատչելիության, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների քանակի հետ:

«Երեխաններն ու ծնողները հաճախ հանդիպում են խնդիրների. դրանք և՛ օրենսդրական բացերի, և՛ իրազեկման պակասի արդյունք են: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է երեխաների համար կրթության հավասար և արժանապատիվ պայմանների ապահովումը՝ բացառելով որևէ տեսակի մեկուսացում և խտրականություն: Ոլորտում առկա են կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կրթության վրա»,- նշել է Արման Թաթոյանը:

Խորհրդի հանդիպման օրակարգային հարցերն առավել մանրամասն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը և Երեխաների իրավունքների բաժնի ներկայացուցիչները: Այնուհետև յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հարցադրումներ և իրենց դիտարկումներն են ներկայացրել խորհրդի անդամները՝ կիսվելով սեփական փորձով և հարցերի լուծման իրենց մոտեցումներով:

Քննարկման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև դպրոցներում բուլլինգի (հալածանք) արատավոր երևույթը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ:

Խորհրդի անդամները ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն համագործակցել ոլորտի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել