Խոր Վիրապ-Նոյակերտ-Երևան ուղղությունը սպասարկող միակ ավտոբուսն արդեն 5 օր է` երթուղի դուրս չի գալիս |hetq.am|
23:43 - 06 նոյեմբերի, 2020

Խոր Վիրապ-Նոյակերտ-Երևան ուղղությունը սպասարկող միակ ավտոբուսն արդեն 5 օր է` երթուղի դուրս չի գալիս |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Խոր Վիրապ-Նոյակերտ-Երևան ուղղությունը սպասարկող 467 համարի ավտոբուսն արդեն 5 օր է` երթուղի դուրս չի գալիս։ Այն սպասարկում է 4 գյուղ՝ Նոյակերտ, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի։ Ավտոբուսն այդ ուղղությամբ Երևան հասնող միակ տրանսպորտն է։

Հասմիկ Ասատրյանն ապրում է Եղեգնավան գյուղում, բայց աշխատում է Երևանում, ինչպես տրանսպորտից օգտվող շատ մարդկանց, այնպես էլ իր համար աշխատավայր հասնելը բարդացել է։

Արդեն 5 օր է` օրական մոտ 3000 դրամ է ծախսում աշխատանքի հասնելու համար։ Բացակայելու դեպքում կզրկվի աշխատանքից։ Տաքսիով հասնում է հարևան Այգավան, որտեղից էլ տեղի երթուղայիններով՝ Երեւան։ Հետադարձն էլ նույն ուղղությամբ է։

Նա զանգահարել է երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերություն, ընկերության աշխատակիցը Հասմիկին հայտնել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել Հասմիկի հարցերին, խնդրել է զանգահարել հաջորդ օրը, բայց դրանից հետո Հասմիկի զանգերին ընկերությունը չի պատասխանել։

Մենք ևս փորձեցինք կապ  հասատատել ընկերության հետ, զանգահարեցինք «Գալակտիկա տրանս սերվիս», նաև՝ ՍՊԸ-ի ղեկավար Շուշան Խաչատրյանի անձնական հեռախոսահամարներին։ Մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան։

«Գալակտիկա տրանս սերվիսի» ղեկավար Շուշան Խաչատրյանը նախորդ տարի՝ 2019-ին կառավարության շենքի առաջ երթուղու վարորդների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Արմավիր-Երևան երթուղու ուղղությամբ ապօրինի բացված մի քանի երթուղիների դեմ, որոնք Երևան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադրումներ են իրականացնում։ Բացի այդ, վերջինս բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել խնդրին։ Շուշան Խաչատրյանի ղեկավարած ՍՊԸ-ն սպասարկում է նաև Արագածոտնի ու Արարատի մարզի որոշ երթուղիներ։

«Հետքը» կապ հաստատեց երթուղու վարորդ Սարգիսի հետ։ Վերջինս նշեց, որ երթուղի դուրս չգալու պատճառը մեքենայի անսարքությունն է, մոտ օրերս մեքենան սարքին կլինի, ու, հավանական է, որ երթուղայինը շարունակի իր աշխատանքը։ Ավտոբուսի փոխարեն օրվա մեջ 1-2 անգամ ուղղությունը սպասարկում է Երևան-Երասխավան երթուղային գազելը։

Չնայած նրան, որ մեզ չհաջողվեց պատասախան ստանալ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ից, խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում վերջինիս ցանկությամբ, նշեց, որ երթուղի դուրս չգալու պատճառը սպասարկող ընկերության կողմից ավտոբուսի վարորդից պահանջվելիք գումարի բարձրացումն է, ինչի պատճառով վարորդը հրաժարվել է վարել մեքենան, քանի որ ուղեւորավարձից հավաքագրվող գումարի մեծ մասը պետք է տար երթուղին սպասարկող ընկերությանը։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել