24news.am: Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու հետ կապված հարցեր:
Լավրովը Մնացականյանին մանրամասնորեն տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծվող Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով մեղմել հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրությունն ու պահպանել կրոնական և մշակութային օբյեկտները:
ՀՀ ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ նախարար Մնացականյանն ընդգծել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
comment.count (0)