7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը |armtimes.com|
17:08 - 27 հունիսի, 2019

7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեռեւս 2017 թվականին՝ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

2017 թվականի հունիսի 5-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Թովմասյանն ունի 2 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 ավտոտնակ: Նրա դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 47 հազար դոլար եւ 80 մլն դրամ:

2018-ի մարտի 30-ին Թովմասյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այդ ընթացքում նա ձեռք է բերել 3 հողամաս՝ ըստ ներկայացվածի՝ յուրաքանչյուրը՝ 700 հազար դրամով:

2017-ի տարեսկզբում Թովմասյանն ունեցել է 85 մլն դրամ եւ 50 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 70 մլն դրամ եւ 45 հազար դոլար:

2017-ին Թովմասյանն ունեցել է 7 մլն 75 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

2019 թվականի մայիսի 6-ին արդեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը, ինչից պարզ է դառնում, որ նա հարկային տարում 82 հազար դոլար է հանձնել փոխառության, որից 22 հազար դոլարը հարկային տարում վերադարձվել է եւ արդյունքում փոխառության գումարը մնացել է 60 հազար դոլար:

Տարեսկզբում Թովմասյանի ունեցած 70 մլն դրամն ու 45 հազար դոլարը տարեվերջում դարձել է 25 մլն դրամ եւ 65 հազար դոլար:

2018-ին Հրայր Թովմասյանն ունեցել է 8 մլն 809 հազար 967 դրամի չափով եկամուտ, որից 222 հազար 994 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, 1 մլն 141 հազար 140 դրամն ու 7 մլն 445 հազար 733 դրամը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, ամուսնուն զուգահեռ 2018-ի մարտին ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Խուդավերդյանն ունեցել է 20 հազար դոլար, իսկ տարեվերջում՝ 8 մլն 500 հազար դրամ: Եթե տարեվերջում Խուդավերդյանի դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ՝ ինչպես ներկայացված է հայտարարագրում, ապա 2019-ին ներկայացված նախորդ տարվա (2018) հայտարարագրի տարեսկզբում նրա դրամական միջոցները պետք է դարձյալ նույնչափ լինեին, սակայն այս դեպքում այդպես չէ: 2018-ի տարեկսբզում Խուդավերդյանն ունեցել է 7 մլն 500 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 7 մլն 100 հազար դրամ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, երբ Թովմասյանն առաջին անգամ ստանձնեց բարձր պաշտոն՝ նշանակվելով արդարադատության նախարար, իշխանական շրջանակներում դասվում էր ամենահամեստ կարողություն ունեցող հաշված թվով (3-5) պաշտոնյաների շարքը: Այդ ժամանակ, ինչպես նշում էին իշխանական կուլիսներում, նա ընդամենը մի տուն ուներ: Այդ տարիներին, սակայն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ ձեւավորված չէր եւ հնարավոր չէ պաշտոնական պատկերացում կազմել Թովմասյանի՝ այդ շրջանի ունեցվածքի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել