Այս գործի նպատակն էր ազատվել ՍԴ նախագահից եւ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում. Հրայր Թովմասյանի պաշտպան
 |news.am|
13:33 - 28 օգոստոսի, 2024

Այս գործի նպատակն էր ազատվել ՍԴ նախագահից եւ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում. Հրայր Թովմասյանի պաշտպան |news.am|

news.am: Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապօրինի, որի միակ նպատակը ՀՀ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն էր, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից և հնարավորություն ունենալ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը:

«Նշածս ապացուցվում է դատական նիստում ներկայացված ապացույցներով, այդ թվում մամուլում ներկայացված, այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից տրված հարցազրույցում, որտեղ հստակ մատնանշվել է, որ իրեն հորդորել են, որպեսզի ինքը միջամտի Հրայր Թովմասյանի գործունեությանը՝, որ ինքը գործեր կարի, որ կանչի բարեկամներին եւ դրա շրջանակներում հասնի նրան, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա»:

Նա հավելեց, որ դատավարության ընթացքում դատավարական գործընթացները տեղի են ունեցել, ընդհանուր ռամամբ Քրեական օրենսգրքի շրջանակներում մի շարք խախտումներով։

«Նախագահողը չի կարող համարվել օրինական, քանի դեռ չի քննարկվել  իմ բացարկի միջնորդությունը և դրա վերաբերյալ դիրքորոշում չի ներկայացվել։ Երբ դատավարական գործընթացը տեղի է ուենում օրենքի խախտումներով և դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ՝ տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների 6-րդ հոդվածի խախտում»,- հայտարարեց Օրբելյանը։

Տաթևիկ Գրիգորյանն փաստաբանին հորդորեց պաշտպանական ճառում անդրադառնալ գործում առկա մեղադրանքներին, հակառակ դեպքում ինքը կընդհատի պաշտպանական կողմի ճառը։

Օրբելյանը նաև հայտարարեց, որ ենթադրաբար նկարագրված արարքը չի հաստատում, որ կատարվել է Հրայր Թովմասյանի կողմից, մեղադրանքի մեջ որոևէ արարք նկարագրված չէ։

Նրա խոսքով, գործում մեղադրանքները պասիվ սեռով են նկարագրված, չի նշվում, որ Հրայր Թովմասյանն է արել ենթադրյալ արարքը, այլ նկարագրված է այլ անձանց գործողությունները. «Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ: Մեղադրանքում ընդամենը գրված է, որ կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի տակ արարք նկարագրված չէ։ Բայց հետագայում կներկայացնեմ, որ այն, ինչ նկարագրված է թե ենթադրաբար կարող էր դիտվել օրինախախտում, չի կատարվել Հրայր Թովմասյանի կողմից և չի հաստատվում սույն քրեական գործի շրջանակներում»,- ընդգծեց պաշտպանը:

«Հրայր Թովմասյանը օժտված լինելով ՍԴ դատավորի կարգավիճակով, նրա նկատմամբ կիրառելի են 2005 թվականի Սահմանադրության կարգավորումները, նա չէր կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քրեական գործով որեւէ կարգավիճակ ունենալ առանց ՍԴ համապատասխան որոշման: Այս ողջ ընթացքում չի ներկայացվել ՍԴ համապատասխան որոշումը»,-ասաց Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել