Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
16:06 - 20 սեպտեմբերի, 2024

Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

Թովմասյանի պաշտպանը նշեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը։

Հրայր Թովմասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ։ 

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը նշանակում է մի բան, որ «Հայաստանին ինչ-որ վատ բան է սպասվում, որին մասնակից պիտի լինի Սահմանադրական դատարանը»։

Լրագրողի հարցին, թե ինչ է ակնարկում, Թովմասյանը պատասխանեց․ «Այն, ինչ առաջիկայում կերևա, կտեսնեք, թե Սահմանադրական դատարանն ինչ է անում։ Իմ հետ կապված ամեն ինչ դրանով էր պայմանավորված»։

Թովմասյանը նշեց, որ դատավորի՝ մյուս նիստերը հետաձգելը, այլ հանգամանքներ ևս նշանակում են, որ ինքը թիրախավորված է եղել․ «Այսինքն՝ պետք է ինչ-ոչ կերպ ցանակացած դեպքում մեղավոր ճանաչվեի»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2010-2014թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով արդարադատության նախարար, խոչընդոտել է նոտարների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 1 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին։ Նա նաև հարկադրել է Նոտարական պալատի նախագահին ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել