hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։
Այս փաթեթով նախատեսվում է փոփոխություն կատարել թվով 22 օրենքներում։
Ըստ ներկայացված նախագծերի փաթեթի՝ ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։
Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։
Նախարարության կազմում ստեղծվելիք քննչական դեպարտամենտի ծառայողները ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քննչական դեպարտամենտը չի ներառվելու ոստիկանության կազմում։ Ըստ նախագծի` ՆԳՆ քննչական դեպարտամենտը սկզբնական շրջանում զբաղվելու է միայն ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությամբ։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2019թ․ գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 1667 դեպք։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)