Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։ «Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի փաթեթ։ Ծառայողների կողմից արձանագրվել է փոխանցման պահը և կասեցվել այն։ Տվյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են առանձնացված փաթեթներ և սրվակներ, որոնց մեջ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող նյութեր։  Բացի այդ, 2 դատապարտյալները և տեսակցության եկած 2 քաղաքացիները ծառայողների կողմից ենթարկվել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալ Ա․Հ․-ի տաբատի գրպանից հայտնաբերվել են բաժանորդային քարտ, 2 սպիտակ դեղահաբ և կանեփի սերմին նմանվող 2 հատիկ։   Ամբողջական նյութերն ուղարկվել են ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
12:38 - 14 մայիսի, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։ Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում են: Դիտարկվել է ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող երկու ցմահ դատապարտյալի ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ մյուս դատապարտյալների համար ծրագրավորման դասընթացներ կազմակերպելու նպատակով: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև երկարատև տեսակցությունների` վերջերս վերանորոգված սենյակներին, և կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակին:
22:19 - 13 մայիսի, 2025
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցը ապօրինի ձեռք բերված 3 առանձին թափանցիկ պոլիէթիլենային փաթեթներում փաթեթավորված 2,16 գրամ «Մարիխուանա» տեսակի և 0,47 գրամ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցները մի քանի դատապարտյալների փոխանցելու դիտավորությամբ ապօրինի տեղափոխել է ՔԿՀ, որտեղ նույն օրը կատարված անձնական զննության ժամանակ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված հիշյալ թմրամիջոցները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:03 - 13 մայիսի, 2025
ԶԼՄ-ին կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ. Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել |hetq.am|

ԶԼՄ-ին կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ. Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել |hetq.am|

hetq.am: Զանգվածային լրատվության միջոցներին, բացի հերքման և պատասխանի իրավունքի պահանջ ներկայացնելուց, Արդարադատության նախարարության առաջարկով կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Արդարադատության նախարարությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում։ Նախարարության առաջարկով լրատվամիջոցին տեղեկատվության հեռացման պահանջ կարող է ներկայացվել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութի մասով։ Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը:  Հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման։ Լրատվամիջոցը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին: Տեղեկատվության հեռացումը պետք է կատարվի դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ։ Եթե լրատվամիջոցը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ հեռացնել հրապարակումը, խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու կամ հրապարակումը հեռացնելու հայցով: Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում նաև «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում, ըստ որի նախատեսվել է վիրավորանք կամ զրպարտություն համարվող տվյալների հեռացման գործիքակազմի ներդրում, ինչը նախկին կարգավորումների պարագայում բացակայել է։
20:39 - 08 մայիսի, 2025
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների ու դիտարկումների հասցեական անդրադարձի և լրամշակման նպատակով Արդարադատության նախարարության կողմից մայիսի 5-8-ը կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներգրավմամբ: Քննարկումներին մասնակցել են պետական կառավարման համակարգի մարմիններից և անկախ մարմիններից ներկայացուցիչներ, դատավորներ, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, սնանկության գործով կառավարիչներ և փաստաբաններ:Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ անձանց մասնակցությունը նախագծերի բարելավման գործընթացում և նախատեսում է մինչև նախագծի ներկայացումը Կառավարություն շարունակել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ տարբեր ձևաչափերով:
18:16 - 08 մայիսի, 2025
Դեռ չենք քննարկել սահմանադրության հանրաքվեի ժամկետները․ նախարար |civilnet.am|

Դեռ չենք քննարկել սահմանադրության հանրաքվեի ժամկետները․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Դեռ չենք քննարկել, թե սահմանադրության նոր տեքստը երբ կդրվի հանրաքվեի։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Տասն ամսվա ընթացքում պատրաստ կլինի սահմանադրության նոր տեքստը, այն մշակման փուլում է դեռ»,- ասել է Գալյանը։ Նախարարի խոսքով, սահմանադրության տեքստի մշակումն իրականացվում է արդարադատության նախարարության ներքին ռեսուրսի հաշվին։ «Երբ տեքստը պատրաստ լինի մենք հայեցակարգային առանձին դրույթներ հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն, կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա»,- ասել է նախարարը։ Սրբուհի Գալյանը վստահեցրել է, որ սահմանադրության նոր տեքստը հանրաքվեի դնելուց առաջ բավարար ժամանակ կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա կարծիք ձևավորել։ «Վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրությանը»,- ասել է Գալյանը։
15:20 - 07 մայիսի, 2025
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել |azatutyun.am|

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 28-ին մահացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, ինչպես հաղորդում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ հայտնել են Արդարադատության նախարարությունից: Նշվում է, որ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնություն է կանչվել, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: «Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապ օգնություն, և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն», - հայտնել են գերատեսչությունից: Այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն 11-րդ մահն է բանտերում:Լուսանկարը՝ Giles Clarke/Getty Images։
19:32 - 29 ապրիլի, 2025
Երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է արդյունավետ լինել առանձնապես ծանր հանցագործությունների գործերով․ Սրբուհի Գալյան |armenpress.am|

Երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է արդյունավետ լինել առանձնապես ծանր հանցագործությունների գործերով․ Սրբուհի Գալյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսեց Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավոր ներդրման հնարավորության մասին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ անհրաժեշտ է նախ բացահայտել ինստիտուտի հնարավոր դրական և բացասական կողմերը։ Ըստ Գալյանի՝ միայն այդ վերլուծությունից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել՝ արդյոք Հայաստանը պետք է ներդնի երդվյալ ատենակալների համակարգ, թե ոչ։ «Առաջին հայացքից կարող եմ ասել, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը որոշակի կոնկրետ դեպքերում կարող է օգտակար լինել։ Այսինքն՝ անհրաժեշտ է այդ ինստիտուտը ինտեգրել ոչ թե բոլոր գործերի պարագայում, այլ միայն որոշակի դեպքերում, օրինակ՝ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ժամանակ։ Կարծում եմ՝ այս տարբերակը կարող է լինել արդյունավետ՝ որպես պրոֆեսիոնալ դատավորին օժանդակող լրացուցիչ միջոց»,- ասաց Գալյանը։  Նախարարը ընդգծեց, որ քննարկումները կանցկացվեն նաև նոր Սահմանադրության տեքստի մշակման շրջանակներում, հաշվի առնելով նոր Սահմանադրությամբ սահմանվող դատական իշխանության ձևավորման և Բարձրագույն դատական խորհրդի կազմակերպման սկզբունքները։  
18:16 - 28 ապրիլի, 2025
Արդարադատության նախարարն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ ՍԴ որոշմանը |armenpress.am|

Արդարադատության նախարարն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ ՍԴ որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։ Լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց, որ ՍԴ որոշմամբ կանխատեսվում է, որ գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի:  «Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձին, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար: Այսինքն՝ պաշտոնատար անձանց պարագայում հանցագործության կատարման և գույքի ապօրինի ծագման միջև կապի առկայությունը սահմանափակված չի լինելու»,– պարզաբանեց նա: Ըստ Գալյանի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում է, որ պետք է լինի ապօրինի գույքի և կոնկրետ հանցագործության միջև ուղղակի կամ անուղղակի կապ: Նա նաև ընդգծեց, որ մանիպուլատիվ փորձեր են արվում ապօրինի գույքի բռնագանձման գործերի մեկնաբանության ժամանակ՝ առանց հաշվի առնելու անձի կարգավիճակը։ «Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես գրված է, ապա գործերի շրջանակների էական սահմանափակում չի լինի: Սակայն կարիք կլինի, որպեսզի արդեն իսկ ներկայացված հայցադիմումները վերանայվեն և տեղի ունենա վերահաշվարկ՝ առավել ճշգրիտ և հիմնավորված ընթացակարգ ապահովելու համար»,– ասաց արդարադատության նախարարը։ Սահմանադրական դատարանը ավելի քան երկու տարի քննել էր՝ արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։ ՍԴ-ն վերջերս կայացրած որոշմամբ սահմանադրական ճանաչեց ընդդիմադիրների կողմից վիճարկված օրենքը, որով դատախազությունը կարող է ապօրինի ճանաչված գույքի բռնագանձման պահանջով դիմել դատարան՝ ի նպաստ պետության։ Միաժամանակ, բարձր դատարանը երկու կարևոր մեկնաբանություն է տվել օրենքի 5-րդ և 24-րդ հոդվածների վերաբերյալ՝ հստակեցնելով, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնատար անձը ձեռք է բերել պաշտոնի ստանձնումից հետո, ինչպես նաև այն գույքը, որը կապ ունի հանցավոր գործունեության հետ։ Մնացած բոլոր դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխան։   Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1218379
17:49 - 28 ապրիլի, 2025
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։  Արդյունքում՝ սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 wi-fi սարք, 2 բաժանորդային քարտ և բջջային հեռախոսի 4 պաշտպանիչ: Նախապատրաստվում են նյութեր: Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:
21:27 - 23 ապրիլի, 2025
Տնային կալանքի պայմաններում աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ աշխատել հեռավար․ նախագիծը հավանություն է ստացել ԱԺ հանձնաժողովում

Տնային կալանքի պայմաններում աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ աշխատել հեռավար․ նախագիծը հավանություն է ստացել ԱԺ հանձնաժողովում

Արադարադատության նախարարի տեղակալ Տիգրանը Դադունցն Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ դատարանը կիրառում է տնային կալանք և տնային կալանքով չեն սահմանվում աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, ապա աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Ներկայացվել են նաև տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղի (պաշտոնի), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի և աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում՝ նաև վարձատրության պահպանմանը վերաբերող կարգավորումները: Տիգրան Դադունցն իր զեկուցմամբ անդրադարձել Նախագծի երկրորդ ընթերցմանն ընդառաջ Կառավարության գրավոր առաջարկներին: Մասնավորապես, նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը գործատուին ուղարկելու փոխարեն նախատեսել, որ քննիչը տեղեկացնելու է գործատուին որոշման մասին: Նախագծով առաջարկվում է նաև, որ տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը: Տիգրան Դադունցի նշմամբ այդպիսով հստակ կսահմանվեն դրույթներ, որոնցից պարզ կդառնա, թե ինչպես է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի գործատուն իրազեկվելու վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառված լինելու, կիրառված սահմանափակումների բնույթի և ծավալի մասին: Օրենքի նախագիծը հանձնաժողվում ստացել է դրական եզրակացություն:
10:59 - 23 ապրիլի, 2025
Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը |armenpress.am|

Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը հնարավոր կլինի կողմերի համաձայնությամբ շարունակել նույն կետից՝ բացառելով գործընթացի մեկնարկը զրոյից։ Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը բերում է այն նրան, որ նույն գործով դատական գործընթացը ստիպված սկսվում է նորից։ «Օրինակ՝ Գորիսում ունենք նման խնդիր, երբ գործերի քննությունը անընդհատ սկսվում է զրոյից։ Մեր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ դատավորի փոփոխության պարագայում գործի քննությունը զրոյից չսկսվի, այլ կողմերի համաձայնության պարագայում նոր դատավորը հնարավորություն ունենա գործը շարունակել այն կետից, որտեղ այն թողել էր նախորդ դատավորը», – ընդգծեց արդարադատության նախարարը։  
19:02 - 21 ապրիլի, 2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին, ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը, փորձաքննությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ դատախազական պատշաճ հսկողություն ապահովելու հանձնարարականին, դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջամիտ ժամկետների պահպանմանը և այլն: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ 2022-2024 թվականներին նախաքննության փուլում ավարտված քրեական վարույթների մոտ 66,7 տոկոսը քննվել է մինչև 4 ամիս ժամկետում: Այս ելակետը հիմք ընդունելով՝ Դատախազության բոլոր ստորաբաժանումներին տրվել է գրավոր հանձնարարական՝ անմիջական դատախազական հսկողության ներքո գտնվող քրեական վարույթներով ոչ ուշ, քան չորս ամիսը մեկ պարբերականությամբ վարույթի նյութերը պահանջել վարույթն իրականացնող մարմնից, ստուգել իրականացվող նախաքննության պատշաճությունը, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել դատախազական ներգործության միջոցներ: Նշված ժամկետների պահպանումը մարդկային գործոնից զերծ պահելու նպատակով՝ մշակվել և ներդրվում է «Դատախազի աշխատանքի հաշվետվության» թվայնացված վիճակագրական ծրագիրը: Այս ծրագիրը գործիք է՝ առցանց ռեժիմով ստուգելու Դատախազության յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր դատախազի աշխատանքի ծավալները, անմիջական հսկողության ներքո գտնվող վարույթների թիվը, կայացված վարութային ակտերի քանակը և որ ամենակարևորն է՝ այս ծրագիրն ապահովում է ինքնաշխատ հիշեցումներ (այդ թվում՝ վերադասներին)՝ իմ կողմից նշված հանձնարարականով սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ»: Պանելային քննարկման երկրորդ հատվածում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անդրադարձել է խափանման միջոցների ընտրության գործընթացին՝ տեղեկացնելով, որ 2023 թվականին անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթների համամասնությամբ հաշվարկելու պարագայում՝ քրեական վարույթների 4.02%-ով, 2024 թվականին՝ 3.87%-ով: Անդրադառնալով արդարացման դատական ակտերին՝ Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2023 և 2024 թվականներին արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քրեական վարույթների քննության, դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակը, թույլ ապացուցողական բազայով քրեական վարույթները մեծամասամբ չեն հանձնվում դատարան՝ այս առումով մեծապես կարևորելով նաև Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած դատական պրակտիկան:
17:35 - 21 ապրիլի, 2025
ՀՀ-ում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի, միջև կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի, միջև կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին: Պանելային քննարկման առաջին մասում անդրադարձ է կատարվել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությունն արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությունը դատական քննության ժամկետների հետ, դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությունը դատավարական չարաշահումների համատեքստում: Վարչապետը պատասխանել է մոդերատորի այն հարցին, թե որը պետք է լինի ՀՀ Կառավարության դերակատարությունը և դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը՝ ՀՀ քաղաքացիներին ժամանակին և արդյունավետ արդարադատություն տրամադրելու հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քննարկումը և այն մի փոքր ուշացած համարել. «Այսինքն՝ լավ կլիներ այս ընթացքում մի քանի անգամ քննարկած լինեինք այս հարցերը: Կարծում եմ՝ հարցադրման հիմքում ընկած պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև, այնուամենայնիվ, որոշակի խզում կա, ընդ որում՝ և՛ կառուցակարգային, և՛ բովանդակային: Ինչո՞ւ ենք մենք ասում կամ ինչո՞ւ կա այս հարցադրումը՝ արդյոք արդարադատությունը և արդարությունը նույն բանն են, կամ արդյոք պիտի լինեն նույնը։ Մեծ հաշվով, երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին»։ Վարչապետի դիտարկմամբ՝ հանրության շրջանում առկա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր. իրավաբանական հանրությունն ինչ-որ պահից սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը քաղաքացիների մեծամասնությանը հասանելի և հասկանալի չէ: «Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում: Ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում: Առկա են նաև ներքին՝ իրավաբանական խոսույթներ. օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ և պատկերացումներ կան, քննչական օղակում՝ առանձին պատկերացումներ, դատախազական օղակում՝ առանձին, դատավորական օղակում՝ առանձին», - նշել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է և հետևաբար՝ ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպե՞ս են այդ ինստիտուտներն աշխատում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ արդյունք են գեներացնում: Վարչապետի կարծիքով՝ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև առկա է օրգանական կապի խնդիր: «Իմ գնահատականը եղել և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է և կապված է նաև նրա հետ, որ, ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ, հիմա տարբեր տեղերում՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, և նման շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ երկրում այդ առումով դեռ ցանկալի կետին չենք հասել: Համաժողովի պանելային քննարկման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել խափանման միջոցների կիրառման և արդարացման վերաբերյալ դատական ակտերի ազդեցությունը դատական համակարգի անկախության ընկալման վրա, մեղադրանքների և խափանման միջոցների ընտրության գործընթացներում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռմանը վարույթների հանրային վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում քաղաքացիական հասարակության դերին: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
16:54 - 21 ապրիլի, 2025
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․ Մ․-ին։ Խուզարկության ընթացքում Ա․ Մ․-ն դրսևորել է կասկածելի վարքագիծ. չի ցանկացել ենթարկվել խուզարկության, ցուցաբերել է դիմադրություն։ «Քրեակատարողական ծառայողները, այդուհանդերձ շարունակելով խուզարկությունը, Ա․ Մ․-ի մոտից հայտնաբերել են սև կտորից տոպրակ՝  մեջը 2 փաթեթ։ Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3, 4 և 1,4 գրամ քաշերով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,5 և 1,7 գրամ քաշերով, դեղնականաչավուն զանգվածներ և հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,8 գրամ քաշով, շագանակագույն զանգված։  Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:11 - 16 ապրիլի, 2025