Ըստ Գոգյանի՝ գիտության զարգացման համար պետք է լինի առնվազն տասնամյակի պլան |armenpress.am|
16:48 - 01 փետրվարի, 2021

Ըստ Գոգյանի՝ գիտության զարգացման համար պետք է լինի առնվազն տասնամյակի պլան |armenpress.am|

armenpress.am։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը վստահ է, որ գիտության զարգացման պլանը պետք է լինի առնվազն  տասնամյակի համար, իսկ ներկայումս Հայաստանում գիտությունը, կրթությունը պատրաստ չէ դիմակայել աշխարհում, նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին:  Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր կրթական համակարգն այնպիսին է, որ կարող է սպասարկել անվտանգության համակարգին:

«Այսօրվա մեր կրթության և գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում և տարածաշրջանում եղած մարտահրավերներին դիմակայելու: Բայց նախադրյալներ միշտ կան»,-ասաց Գոգյանը:

Անդրադառնալով պատերազմից հետո նախարարների, այդ թվում ԿԳՄՍ նախարարի փոփոխությանը՝ Գոգյանն ասաց. «Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր պաշտոնից, այդ ժամանակ ես ասացի, որ այդ փոփոխությունը, կարծում եմ, տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը: Մենք ունենք ավելի խորը խնդիրներ են: Մենք պետք է գրենք այն խնդիրները, որ ունենք, և դրա հիման վրա նշանակենք նախարար, որը կկարողանա այդ խնդիրները առաջ տանել»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ ցավոք ներկայումս կառավարությունում հստակ ձևակերպում չկա, թե կրթությունից, գիտությունից, հանրային կրթությունից, բարձրագույն կրթությունից ինչ է ակնկալվում:

Խոսելով ԱԺ-ում ընթացող «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»  թեմայով խորհրդարանական լսումներին՝ նա ասաց, որ գիտությունը երկարատև ու ծանր պրոցես պետք է լինի, որ արդյունք ունենա: «Եթե 2000-ականների կեսերին այս թեմայով քննարկում լիներ և ճիշտ ուղղությամբ գնայինք, ապա հիմա անվտանգություն կունենայինք: Սակայն այն, որ վաղը կարող է Սյունիքի մարզի սահմանը հատեն և մենք չունենք այնտեղ անվտանգության համակարգ, դա մի խնդիր է: Բայց դա այսօրվա մեր ունեցած գիտական ներուժով լուծելն անհնար է, քանի որ գիտություն զարգացնելը պետք է առնվազն տասնամյակի պլան լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով որոշ գիտնականների՝ Նիկոլ Փաշինյանի, կառավարության հրաժարականի պահանջին՝ Գոգյանն ասաց. «Գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինել-չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի: Կարող ենք նաև ստորագրահավաք անել, թե որ գիտնականները չեն պահանջում: Բայց եկեք պառակտում չմտցնենք գիտնականների մեջ»,-ասաց Գոգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել