Մատենադարանի տնօրինությունն այսօր «հաշտարար» է հրավիրել՝ աշխատակիցների հետ աշխատանքային վեճերը հարթելու համար
04:45 - 04 հուլիսի, 2019

Մատենադարանի տնօրինությունն այսօր «հաշտարար» է հրավիրել՝ աշխատակիցների հետ աշխատանքային վեճերը հարթելու համար

Մատենադարանի աշխատողների արհմիությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում , որ տնօրինությունը էլեկտրոնային նամակ է հղել Մատենադարանի աշխատակիցներին և այսօր հրավիրել Աշխատանքի իրավունքի հաշտարարի հետ քննարկելու աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցեր:

«Համաձայն հաշտարարության մասին ՀՀ օրենքի՝ «հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն»: Տեղեկացնում ենք, որ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը տեղյակ չի եղել և իր համաձայնությունը չի տվել հաշտարար հրավիրելու գործընթացին»,- ասված է արհմիության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ արհմիությունը հաև հիշեցնում է, որ  ս.թ. հունիսի 25-ին Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության ու տնօրինության միջև տեղի ունեցած բանակցություններում որոշվել էր՝

— Փոփոխել գիտաշխատողների հետ կնքված ժամկետային պայմանագրերը անժամկետի,

— Իրագործել 2015 թ. Կառավարության որոշումը և տրամադրել գիտաշխատողներին ամենամյա երկարացված արձակուրդ` 35 օր գոյություն ունեցող 20֊ի փոխարեն:

Ս.թ. հունիսի 28-ին Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը տնօրինությանը նոր դիմում է ուղարկել՝ պահանջելով հավատարիմ մնալ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանավոր համաձայնությանը և

—յոթօրյա ժամկետում ընդունել իրավական ակտ, որով պայմանագրերը կճանաչվեն անժամկետ,
—մեկամսյա ժամկետում կնքել համաձայնագրեր և իրագործել Կառավարության 2015 թ. սեպտեմբերի 25-ի N 1106-Ն որոշումը՝ գիտական աշխատողների ամենամյա երկարացված արձակուրդը սահմանելու 35 օր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել