Ամեն ինչում մեղադրում են ուսուցչին, հարմար քավության նոխազ են գտել․ Վահրամ Թոքմաջյան
10:33 - 05 հուլիսի, 2019

Ամեն ինչում մեղադրում են ուսուցչին, հարմար քավության նոխազ են գտել․ Վահրամ Թոքմաջյան

Ապրիլ ամսին ստեղծվել է «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը, որտեղ միավորվել են  կրթության ոլորտի աշխատողները։  Արհեստակցական միությունը նպատակ ունի վեր հանել կրթության ոլորտի խնդիրները, օրենսդրական բացերը՝ փորձելով մշակել իրավակարգավորման մեխանիզմներ: 

Արհմիության առաջիկա խնդիրների և նպատակների մասին խոսել ենք նախաձեռնող խմբի անդամ, արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանի հետ։

Ինչպե՞ս և ի՞նչ պահանջներից ելնելով ստեղծվեց «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը։

Գաղափարը շատ վաղուց կար, դեռևս մինչև անցած տարվա ապրիլ-մայիսի գործընթացները։ Հայաստանում ներկայումս գործող արհմիությունները, որոնք այս կամ այն կերպ ձգտում են աշխատողի շահերը ներկայացնել, խորհրդային մեխանիկայով են շարժվում։ Ամենայն հարգանքով՝ բայց ունեն ձևական բնույթ։ Կար անհրաժեշտություն նոր իշխանության օրոք ստեղծել մի կառույց, որը կլինի կրթության ոլորտի աշխատողների շահերը և իրավունքները պաշտպանող։

Գաղափարակից մարդկանցով միավորվեցինք և ստեղծեցինք այս կառույցը, որը բացարձակ անկախ է, չի կապվում որևէ կոնֆեդերացիայի կամ որևէ միջազգային կառույցի հետ: Մենք մեր առաջ ունենք դրված կոնկրետ խնդիրներ և նպատակներ։

Դպրոցներում և այլ հաստատություններում կան բազմաթիվ արհմիություններ, արդյո՞ք նրանց աշխատանքը արդյունավետ չի եղել այս ոլորտում։

Եկեք 25-30 տարվա մեջ հիշենք մի դեպք, երբ արհեստակցական միությունը դպրոցից սկսած բուհով վերջացրած կանգել է իր աշխատողի աշխատանքային իրավունքների կողքին։ Իսկ այն, որ կրթության ոլորտի աշխատողների աշխատանքային իրավունքները միշտ ոտնահարված են եղել, փաստ է, դա անգամ ապացուցման կարիք չունի։Այն, որ դպրոցների, բուհերի մեծ մասում ռեկտորներն իրենց զգացել են բդեշխներ, ամբիոնի վարիչները՝ իշխանիկներ, փոխտնօրենները չգիտեմ ինչեր, նորություն չէ, և ամեն ինչի թիրախում հայտնվել է աշխատողը։

Գումարած սրան այդ մարդիկ վճարել են անդամավճարներ, որոնցից կուտակվել են գումարներ։ Իսկ թե ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները, գոնե թափանցիկ չեն։ Ամեն աշխատող, հատկապես պետական հիմնարկներում, որտեղ կան արհմիություններ, պարտադիր իր ամսական աշխատավարձից վճարում է արհմիությանը։ Դե իհարկե, կան հիմնարկներ, որտեղ մարտի 8 կամ ապրիլի 7 են կազմակերպում։ Կան հիմնարկներ որտեղ դժբախտ դեպքերի կամ ուրախ դեպքերի հետ կապված ինչ-ինչ սոցիալական օգնություն են տրամադրում, սա չուրանանք, ինչ խոսք, կա նման բան։Բայց նպատակային չեն այդ բոլորը, միտված չեն աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, աշխատողների՝ կառավարման համակարգի մասնակցայնությանը և այլն։

Այդ խնդիրները արհմիությունները չեն կարողացել լուծել մինչ օրս։ Մենք հիմա նկատում ենք, որ կա ակտիվություն, ձևավորվում են տարբեր արհմիություններ, նախաձեռնություններ, որոնք սահմանում են տարբեր քաղաքացիական պահանջներ։ Անընդհատ կուտակված խնդիրներ են դուրս գալիս ջրի երես, որոնք նախկինում չեն բարձրաձայնվել։

Այս պահին կոնկրետ ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել ձեր արհմիությունը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում։

Մեր առջև դրված խնդիրներից  է ամառը  շատ ռացիոնալ օգտագործել և մարզերում իրազեկել։ Շատ կարևոր է, որ մեր կազմակերպությունը ապակենտրոն է, այսինքն՝ երևանակենտրոն չէ։ Ունենք մասնակիցներ Սյունիքի մարզից, Լոռու մարզից, Արագածոտնի մարզից, և անընդհատ սա մեծանալու միտում ունի։ Սա կարճաժամկետ կտրվածքով։

Իսկ եթե երկարաժամկետ կտրվածքով ասենք, ապա մեր առջև են Աշխատանքային օրենսգրքի բացերը, կրթական ոլորտի աշխատակիցների իրավունքները։ Մեր առաջնահերթություններից է նաև անցյալ համակարգին գնահատական տալը, խնդիրների քարտեզագրումը և դրանց լուծումների առաջարկները։

Եթե մասնավորեցնենք, ի՞նչ խնդիրներ ունեն կրթության ոլորտի աշխատողները և ինչպե՞ս են ոտնահարվում նրանց իրավունքները։

Մենք տեսնում ենք, որ կրթության ոլորտի աշխատողը արհամարհված է։ Սովոր ենք, չէ՞,  ասել, որ ուսուցիչը այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի։ Բայց անցել են այդ ժամանակները։ Չի կարող 40-50 հազար դրամ ստացող մարդը օրվա հոգսերի տակ, վարկերի, կոմունալների, երեխու շոր ու կոշիկի մասին մտածելով՝ մտնել դասարան ու արդյունք տալ։ Ու վերջում էլ դառնա բոլորի քավության նոխազը։

Հիմա ընդունված է, չէ՞, որ ամեն ինչում մեղադրում են ուսուցչին, դասախոսին, դայակին, դաստիարակին։ Ոչ ոք չի նայում, թե այդ ուսուցիչը կամ դասախոսը ինչ սոցիալական միջավայրում և ինչ կենցաղում է ապրում։ Այսինքն՝ շատ հարմար քավության նոխազ են գտել։

Իհարկե, ես չեմ ասում, որ չկան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում իրենց պաշտոնին, իհարկե, կան, բայց դա առկա է բոլոր ոլորտներում։ Հայաստանում չկա մի ոլորտ, որը հագեցած է միայն պրոֆեսիոնալ մասնագետներով։ Ի վերջո դասախոսը, ուսուցիչը, դայակը, դաստիրարակը պետք է ունենա սոցիալական պաշտպանություն, իրավական պաշտպանվածություն և որևէ կերպ չպետք է ենթարկվի ոտնահարման, խտրականության։ Գումարած սրան պետք է ունենա բավարար պայմաններ աշխատելու համար։

Հիմա մենք ինչ վիճակում ենք․ դպրոցներում շատ դեպքերում մարդկանց զոռով պահում ժամ են ավելացնում։ Այսինքն՝ հունիս ամսին մարդկանց կանչում են գործի առանց լուրջ խնդիր դնելու, նպատակ դնելու։ Կամ սկսում են իրենց հայեցողությամբ արձակուրդ տալ։

Մյուսը աշխատանքային պայմանագրերի խնդիրն է, անժամկետ պայմանագրեր և այլն։ Շատ դեպքերում տնօրենները բերում են իրենց ծանոթին և աշխատող ուսուցչի դրույքը պակասեցնում են։ Այդ ուսուցիչը չգիտի, որ, ունենալով օրինակ 30 տարվա ստաժ, ինքն ունի իրավունքներ։ Այս և այլ մասնագիտական խնդիրներ կան և սրանք լուրջ խնդիրներ են։

Այս փուլում ինչպիսին պետք է լինեն ուսուցիչների կամ դասախոսների քայլերը։ Բողոքի ակցիանե՞ր կազմակերպեն, թե՞ այլ եղանակ կա խնդիրներին լուծում տալու։ 

Բողոքելու կարիք չկա այս փուլում։ Հիմա ավելի շատ կա իրազեկման կարիք, մարդկանց՝ իրենց իրավունքների մասին տեղեկացնելու կարիք, համագործակցության կարիք։ Հիմա բողոքելու և բոյկոտելու ժամանակը չէ դեռ, բայց եթե կարիք լինի, իհարկե, կանենք։ Բայց մենք ավելի շուտ ցանկանում ենք գնալ կառուցողական ուղիով, ամեն ինչի մասին տեղեկացնելով և առաջ շարժվելով։

Մյուսը՝ ոլորտի մասնագետների մասնակցայնության մեծացումն է բոլոր գործընթացներին և այդ թվում՝ կրթության բովանդակության մեջ։ Չլինի այնպես, որ ինչ-որ պաշտոնյաներ կամ «գիտնականներ» իրենց կաբինետներում նստած որոշեն չափորոշիչներ՝ թե բուհում ու դպրոցում ինչպես պետք է դասավանդել, որ արդյունավետ լինի։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են արդյունքի համար, նրանք պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ հարցերում։ Իսկ այդ երևութական փորձագետները թող գնան իրենց արկածախնդրությամբ զբաղվեն։

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքը այս ոլորտում։ Մասնավորապես աշխատողների իրավունքների և շահերի պաշտպանության մասով ի՞նչ քայլեր են տարվում։

Գոնե այն, որ վերջերս Կառավարությունը հավանություն տվեց աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծին, որը վերաբերում էր անժամկետ պայմանագրերին, սա լավ է։ Բայց մյուս կողմից կրթության և գիտության ոլորտում ես տեսնում եմ հապաղում։ Սա մի կողմից բացատրելի է, քանի որ այս ոլորտը ամենահեշտ մանիպուլացվող ոլորտներից մեկն է, քանի որ Հայաստանում մի գերակշիռ զանգված իրեն համարում է կրթության փորձագետ։

Բայց մյուս կողմից այդ հապաղումը լավ չէ, որովհետև այս փուլում մենք արդեն պետք է ունենայինք կոնկրետ հայտարարություններ՝ կապված նախորդից թողած ժառանգության վերաբերյալ, որ հասկանանք, թե ո՞ր ուղղություններում են  պետք առաջնային կարգավորումներ։

Կրթության ոլորտը նման է մի վթարային շենքի, որտեղ դուռն ես փոխում, պատուհանն է պոկվում, պատուհան ես դնում, դուռն է քանդվում և այլն։ Կա՛մ պետք է փլուզել ու նորից կառուցել, բայց այստեղ վտանգն այն է, որ կարող ես փլատակների տակ մնալ, կա՛մ պետք է գնալ վերանորոգման աշխատանքներով։ Կարծում եմ՝ ներկայիս պատասխանատուները ընտրել են երկրորդ ճանապարհը։ 

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել