Մեր օրենսդրությամբ արհմիությունը լուրջ լծակներ չունի, ինչի պատճառով էլ մարդիկ չեն ուզում անդամ դառնալ․ Նարեկ Ներսիսյան
10:59 - 21 մարտի, 2019

Մեր օրենսդրությամբ արհմիությունը լուրջ լծակներ չունի, ինչի պատճառով էլ մարդիկ չեն ուզում անդամ դառնալ․ Նարեկ Ներսիսյան

Հայաստանում գործող արհեստակցական կազմակերպությունների աշխատանքը կարգավորող օրենսդրության, դրա բացերի, ոլորտի խնդիրների շուրջ զրուցել ենք իրավաբան, արհմիությունների գծով փորձագետ Նարեկ Ներսիսյանի հետ։

-Կներկայացնե՞ք արհեստակցական կազմակերպությունների ձևավորման ընթացակարգը:

-«Արհեստակցական միությունների մասին» օրենքով մի գործատուի մոտ աշխատող երեք աշխատակից կարող են միավորվել և արհմիություն ստեղծել: Նրանք պետք է որոշում կայացնեն, համապատասխան կանոնադրություն գրեն, տասը հազար դրամ մուծեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և դառնան արհեստակցական կազմակերպություն: Սա սկզբի համար: Հետո օրենքը ենթադրում է, որ, օրինակ, այս սրճարանի արհմիությունը միանում է հարևան սրճարանի արհմիությանը, hետո դրանք միանում են երրորդին, չորրորդին, ու ստացվում է Երևանի տարածքային արհմիութենությունը։ Սա էլ նորից, պետռեգիստրում գրանցվելով, դառնում է առանձին իրավաբանական անձ: Ապա ենթադրվում է, որ Երևանը պիտի միանա Գյումրուն, Գյումրին՝ Վանաձորին․․․ ու ստացվի ճյուղային հանրապետական արհմիություն: Այնուհետև, սրանք էլ միավորվում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մեջ:

-Պարտադի՞ր պայման է կոնֆեդերացիային միանալը, թե՞ արհմիությունը կարող է լրիվ անկախ գործել:

-Կարող են լրիվ անկախ գործել: Միանալը և դուրս գալը թե՛ աշխատողների, թե՛ արհմիութենական կազմակերպության ցանկացած մակարդակի համար կամավոր է: Դա սահմանված է միջազգային նորմերով: Խորհրդային միության ժամանակ էր, որ «պարտադիր կամավոր» սկզբունքն էր գործում։

- Գործատուն չի կարող ընտրվել արհմիության ղեկավար մարմնի կազմում, բայց փաստորեն, սովորական անդամ կարող է դառնալ։ Անկախության վտանգման խնդիր չի՞ առաջանում։

-Այո, ըստ էության՝ առաջանում է։ Այստեղ ուղղակի հակասություն կա արհմիության և տնօրենի միջև, հետևաբար՝ պետք է սահմանափակում մտցվի, որովհետև շահերի բախում է լինում:

-Ի՞նչ դեպքեր են եղել, երբ արհմիությունը կարողացել է ռեալ խնդիրներ լուծել։

Խնդիր է լուծել, օրինակ, Ագրոարդյունաբերական համակարգի ճյուղային արհմիությունը։ Գործատուն աշխատավարձ չէր վճարում: Երբ հանդիպեցինք հետը, հետաքրքիր բան ասաց՝ իմ փողն ա, ուզում եմ, տալիս եմ, չեմ ուզում, չեմ տալիս: Մեծ դժվարությամբ հասանք նրան, որ այդ գործատուին բացատրեցինք՝ դա իր փողը չէ, աշխատողի փողն է։
Դեպք եղավ՝ իմացանք, որ վնասակար նյութերի հետ աշխատող լաբորատորիայի աշխատակիցները համապատասխան դիմակներ չունեն։ Բացի այդ, օրենքը նախատեսում է, որ գործատուն նրանց կաթնամթերք՝ կաթ, մածուն պիտի տա, բայց չէին տալիս։ Ուղղակի երկու օր կանգնեցրինք լաբորատորիայի աշխատանքը, արդյունքում գործատուն կաթնամթերքը տվեց, մենք էլ՝ արհմիության բյուջեից՝ դիմակները: Բայց սրանք եզակի դեպքեր են:

-Այս դեպքում ո՞ր մարմինն է վերահսկում՝ գործատուն կատարում է արհմիությունների խելամիտ պահանջները թե ոչ:

-Շատ գլոբալ հարց եք բարձրացնում: Մեր օրենսդրությամբ արհմիությունը լուրջ լծակ, որպես այդպիսին, չունի, ինչն էլ հիմնական գործոններից է, որ մարդիկ չեն ուզում արհմիություն ստեղծել կամ անդամ դառնալ: Աշխատանքային օրենսգիրքը ասում է՝ աշխատանքային իրավահարաբերությունների, գործատուի իրավական ակտերի, գործատուի գործողությունների նկատմամբ ոչ պետական վերահսկողություն, որովհետև պետականը այն ժամանակ ենթադրում էր, որ պետք է դա կատարի աշխատանքի պետական տեսչությունը, որն այսօր լրիվ այլ ֆունկցիա է կատարում, ու կարելի է ասել՝ գոյություն չունի: Առողջապահության նախարարության ենթակայության տակ է ու խիստ սահմանափակ լիազորություններ ունի: Հիմա որոշակի վերահսկողություն է սահմանվում կոլեկտիվ պայմանագրերի դեպքում, ընդ որում՝ կոլեկտիվ պայմանագիրը հետաքրքիր է նրանով, որ սրա կնքման դեպքում պայմանագրի նորմերը պիտի ավելի բարելավվեն, քան ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերն են, որովհետև աշխատանքային օրենսգիրքը տալիս է մինիմումը, իսկ կոլեկտիվը պիտի ավելի լայն հնարավորություններ ու իրավունքներ տա: Բայց այստեղ էլ օրենքը բավական խուճուճ է։ Կոլեկտիվ բանակցություններից գործատուն միակողմանի հրաժարվելու հնարավորություն ունի, ու այս դեպքում ի՞նչ է մնում աշխատողին: Դատարան դիմելու, պարտավորեցնելու իրավունք չկա, մնում է գործադուլը: Դա էլ այնքան բարդ է գրված, որ վերացական է դարձնում գործադուլ հայտարարելը:

-Իսկ արհմիությունների աշխատանքը վերահսկող կառույց կա՞։

-Չկա ու չի էլ կարող լինել: Հայաստանում գործող արհմիությունների եզակի դրական կողմերից է, որ իրենք իրոք ազատ են, այլ հարց է, թե ինչու չեն աշխատում: Բայց արհմիություններին վերահսկելը նույնը կլիներ, ինչ եթե կուսակցություններին վերահսկող մարմին լիներ: Որոշ մարդիկ միավորվում, կուսակցություն են ստեղծում, մյուսները՝ արհմիություն, երկուսն էլ միավորման ազատության հետ է կապված:

-Հայաստանում եղե՞լ են նախադեպեր, երբ աշխատողների իրավունքները սահմանափակվել են՝ կապված նրանց՝ արհմիության անդամ լինելու հանգամանքի հետ։

-Շատ են եղել նման դեպքեր, հատկապես նոր ստեղծված արհմիություններում։ Եղել է՝ ուղիղ խնդիր են դրել աշխատողի առջև, որ դուրս արի արհմիությունից: Քրեական օրենսգրքով հանցակազմ կա արհմիությունների աշխատանքը խոչընդոտելու համար, բայց արի ու տես՝ մարդիկ կարողանում են խոչընդոտել, հանել աշխատողներին արհմիությունից կամ թույլ չտալ, որ դրանք կազմավորվեն:

-Ինչպե՞ս եք վերաբերվում «Բարգավաճ Հայաստանի»-ի՝ վերջերս առաջարկած օրինագծին, ըստ որի՝ տարբեր ոլորտնորում աշխատողները կարող են միավորվել մեկ արհմիության մեջ։

- Օրինագիծն առաջին հայացքից շատ լավն էր թվում, բայց երբ սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ այստեղ ուրիշ բան կա թաքնված: Բացատրեմ։ Ենթադրենք՝ ունենք մեկ խոշոր գործատուի պատկանող մի քանի տարբեր գործարաններ, որտեղ ընդհանուր քանակով աշխատում է հինգ-տասը հազար աշխատող: Գործող օրենքով՝ ամեն գործարան իր արհմիությունը կարող է ունենալ, բայց սրանք չեն կարող իրար միանալ, որովհետև տնտեսության նույն ճուղում չեն: Իսկ այս օրինագծով կստացվեր, որ նույն գործատուն միանգամից մի մեծ արհմիություն կունենար: Եվ պատկերացրեք՝ այդ հսկայական արհմիությունում ձևական ինչ-որ խնդիր է առաջանում, գործատուն պահանջները չի կատարում, բայց իրականում ուրիշ նպատակ ունի, ու մեկ էլ այդ արհմիությունը գործադուլ է հայտարարում։ Ստացվում է՝ մի հոգին վայրկենական կարող է օրինական ճանապարհով պարալիզացնել պետությունը: Ոչ կարող ես ասել գործադուլ մի արեք, ոչ կարող ես ուժ կիրառել, ստիպված պիտի հաշվի նստես արհմիության ղեկավարի հետ, այս պարագայում՝ սեփականատիրոջ հետ: Այսպիսով՝ մի երեք սեփականատեր կարող են միավորվել ու շատ հետաքրքիր ձևով ամբողջ տնտեսական, սոցիալական կյանքը կառավարել, Կատավարությանն էլ անելիք չթողնել։ Ոչ մի այլ երկրում չկա նման օրենք։

-Օրենսդրական ի՞նչ բացեր կան արհեսակցական կազմակերպությունների ոլորտում։

-Միջազգային պրակտիկայում լայն տարածում ունի, որ ոչ միայն տվյալ գործատուի մոտ աշխատողները կարող են արհմիություն ստեղծել, այլև՝ նույն մասնագիտությունն ունեցողները: Մեր օրենքը սա չի կարգավորում, բայց քանի որ նաև չի արգելում, դրանից օգտվելով՝ վերջերս ստեղծեցինք լրագրողների անկախ արհմիություն, որն այս պահին 35 անդամ ունի, ու հիմա հայտնի չէ, թե մեծանալու դեպքում ինչ կարգավիճակ պիտի ունենա։ 
Կամ ագրոարդյունաբերական համակարգը վերցնենք։ Եթե չեմ սխալվում, ՀՀ-ի զբաղված զանգվածի 48%-ը՝ մոտ 250 հազար մարդ, գյուղացիական ոլորտում աշխատողներն են, բայց երբ գյուղացին իրավական կարգավիճակ չունի, ֆորմալ աշխատող չէ, հարց է ծագում՝ ինչպես նրան դարձնել արհմիության անդամ: Կամ այդ գյուղացու 12 տարեկան երեխան, որ աշխատում է նույն գյուղացու սեփական տնտեսությունում, և ես ուզում եմ իր շահերը, իրավունքները պաշտպանել, ինչպե՞ս անեմ, ծնողները կասեն՝ դու ո՞վ ես: Իսկ զարգացած երկրներում զարգացած են ֆերմային տնտեսությունները, գյուղացին իրավական կարգավիճակ ունի, կարողանում է հարցեր լուծել։ Գերմանիայի գյուղացիական արհմիությունները այնքան հզոր են, որ երբ գործադուլ են անում, ամբողջ Եվրոմիությունն է պարալիզացվում:
Բացի դա, պիտի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն մտցվի, արհմիությունների գրանցումը դարձվի անվճար։ Շատ են օրենսդրական բացերը։

-Ի՞նչ դեր պետք է ստանձնի պետությունը՝ արհմիությունների զարգացման գործընթացում։

Պետությունը պետք է զբաղվի օրենսդրական նախաձեռնությունների, իրավական ակտերի ընդունմամբ։ Նրան այստեղ մեկ հիմնական գործառույթ է մնում՝ ստանձնել արբիտրի դեր, եթե, իհարկե, սոցիալական պետություն է։ Իսկ եթե «իզմ»-եր չունեցող պետություն է, սա էլ է խնդիր:

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել