ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո էլ կառույցը կարող է լուծարվել, Փաշինյանն իր վճիռը կայացրել է. Արա Խուդավերդյան |tert.am|
16:37 - 06 ապրիլի, 2019

ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո էլ կառույցը կարող է լուծարվել, Փաշինյանն իր վճիռը կայացրել է. Արա Խուդավերդյան |tert.am|

tert.am: ԵԿՄ կայանալիք համագումարը ընդունելի չէ, այն իրականացվելու է ազատամարտիկների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ. այս մասին ասել է ԵԿՄ հիմնադիր նախագահ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով ևս ցանկանում էր իր թեկնածությունը առաջադրել ԵԿՄ նախագահի պաշտոնում: Նրա խոսքով՝ ԵԿՄ-ում իրեն և իր կողմնակիցներին զրկել են ընտրության իրավունքից:

«ԵԿՄ-ն չազատվեց «Մանվելիզմի» գաղափարախոսությունից և «մանվելականները», ովքեր խնդիրներ ունեն պետության հետ հարաբերություններում, ամեն ինչ արեցին, որ իմ և իմ համախոհների իրավունքները ոտնահարեն: Իմ թեկնածության հետ կապված մի գրությամբ ինձ պատասխանեցին, որ այժմ ԵԿՄ անդամ չեմ, չնայած ես ԵԿՄ հիմնադիր նախագահն եմ, բացի այդ, իրենց կանոնադրությամբ պատերազմի մասնակցի վկայական ունեցողը արդեն հանդիսանում է ԵԿՄ անդամ, ես ունեմ այդ վկայականը: Մանվելականները, ովքեր որ սկզբում առաջադրեցին Արամ Սարգսյանի, հիմա էլ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, Արա Կետիկյանի դեմքով ինձ պատասխանեցին, որ մեզ մանդատ չեն հանձնելու, որ որպես պատվիրակներ մասնակցենք ԵԿՄ համագումարին, խոսքը 50 մանդատի մասին է: Եթե ԵԿՄ բազան չփոխվի, ապա իր լոբբինգը մինչև վերջ կտանի: ԵԿՄ-ի այդ բազան պատերազմից զերծ է եղել, պատերազմական բազա չունենալով հանդերձ իրենք իրենց համար փորձել են գտնել քաղաքական, իշխանական տանիք և ում ասես կփորձեն առաջադրել, որպեսզի իրենց գործելաոճը չփոխվի: Երկրապահներին ցիրուցան արած գործունեությունը այսպես կարող է շարունակվել:Եթե հայտարարում են՝ ունեն 30 հազար անդամ ու դրա 10 տոկոսը չի ներկայացնում իր շահերը, այլ 350-400 հոգի է մասնակցելու համագումարին, ապա նրանք իրավասու չեն ԵԿՄ վարչության նախագահ ընտրել»,-շեշտել է նա:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի թեկնածությանը՝ ազատամարտիկն ասել է, որ հետագայում պարզ կլինի, թե նա ինչպիսի գործունեություն կարող է իրականացնել ԵԿՄ-ում, ըստ նրա՝ Սասուն Միքայելյանը պետք է աչալուրջ մոտեցում դրսևորի: «ԵԿՄ-ում ոչ միայն կանոնակարգային, այլ համակարգային փոփոխություններ են պետք, «Զապոռոժեցից» «Մերսեդես» չես կերտի:Համագումարից հետո ես հանդես կգամ հայտարարությամբ, ավելի մանրամասն կխոսեմ»,-ասել է նա:

Արա Խուդավերդյանի կարծիքով, չնայած ՔՊ-ական Սասուն Միքաելյանն է ԵԿՄ նախագահի թեկնածուն և նախատեսվում է, որ համագումարին պետք է մասնակցի նաև վարչապետը, Նիկոլ Փաշինյանը հակված է, որ ԵԿՄ-ն ինքնալուծարվի:

«Կամ ԵԿՄ-ն կարող է դասվել այն ուժային կառույցների, ՀԿ-ների շարքին, որոնք ստանում են պետական աննշույլ օժանդակություն, որով դժվար է ասել, թե ԵԿՄ-ն ինչպես կգոյատևի: Որպես պետության վարչապետ, Փաշինյանը կարող է լինել համագումարի մասնակիցը և հետագայում ավելի հաստատուն որոշում կայացնի, բայց չեմ կարծում, որ նա կցանկանա ԵԿՄ-ն պահել իշխանության հովանու ներքո:

Երբ վարչապետը այցելում է որևէ հիմնարկություն, որն իր մեջ կրել և կրում է հանցավոր գործունեություն, որոշակի ժամանակ անց տվյալ կազմակերպությունը լուծարվում է: Անկախ նրանից, որ Սասուն Միքայելյանն է լինելու նախագահ, ԵԿՄ-ի համար հարթ չի լինելու, Նիկոլ Փաշինյանն իր վճիռը կայացրել է»,-ընդգծեց Արա Խուդավերդյանը:

Հիշեցնենք, ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը անցկացվելու է ապրիլի 7 –ին, որի ընթացքում սպասվում է միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, որպես ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջարկվել է ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգմավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել