Երեկվա ձյունն անոմալիա է՝ հազվադեպ դիտվող երեւույթ. Սուրենյանը մանրամասնում է՝ ինչ եղանակ սպասել մայիսին |armtimes.com|
12:51 - 10 մայիսի, 2021

Երեկվա ձյունն անոմալիա է՝ հազվադեպ դիտվող երեւույթ. Սուրենյանը մանրամասնում է՝ ինչ եղանակ սպասել մայիսին |armtimes.com|

armtimes.com: Շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ գիշերվա ձյունն աննախադեպ երեւույթ չէ, ու այնպես չէ, որ սա առաջին դեպքն էր մեր երկրի տարածքում: Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաեւ ձեւավորվել է ձնածածկույթ։ Ըստ hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ այս երեւույթի պատճառը Սեւ ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։

«Անոմալիա է բնականաբար՝ հազվադեպ դիտվող երեւույթ, բայց աննախադեպ չէ: Եթե վերցնենք 10 տարվա կտրվածքով, ապա 10 տարին մեկ անգամ կարող է լինել նման բան: Մենք ունեցել ենք տարիներ, որ նման երեւույթ եղել է տարվա այս ժամանակահատվածում: Ավելին՝ 1985 թվականի հունիսի 20-ին հանրապետության բոլոր լեռնային շրջաններում տեղումներ են եղել, շատ ավելի ուժեղ, քան այս գիշեր տեղացած ձյունն էր»,- ասաց Սուրենյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի էլ մոտավորապես այս ժամանակահատվածում լեռնային շրջաններում ձյուն էր տեղացել, բայց պրոցեսը շատ ավելի թույլ էր, պարզապես այս տարի ավելի մասշտաբային է: «Անցած տարվանը շատ ավելի լոկալ էր, իսկ այս տարի ավելի մասշտաբային: Գրեթե բոլոր մարզերի այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա, ձյուն է տեղացել»,-ասաց նա:

Հարցին, թե ընդհանուր առմամբ մայիսն ինչպիսին է լինելու, մասնագետը պատասխանեց. «Այսօրվանից տեղումները դադարում են, առաջիկա 4-5 օրերին կունենանք կայուն եղանակ, բայց դրանից հետո, մինչեւ ամսվա վերջ, ժամանակ առ ժամանակ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ կլինեն: Մայիսը խոնավ ամիս է: Անկայուն եղանակը դեռեւս կպահպանվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել