Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման |armenpress.am|
15:31 - 20 մայիսի, 2021

Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։

Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։

«Մայիսի 12-ին առավոտյան ժամը 7-ի դրությամբ նկատվել է ադրբեջանական զինված ուժերի զինվորականների տեղաշարժը Սև լճի տեղամաս։ Եվ իրադրության գնահատման արդյունքում պարզվել է, որ Սև լճի թիկունքային մասում առկա են փոքր ստորաբաժանումներ, որոնք, ըստ երևույթին, անցում են կատարել գիշերը։ Մինչև մայիսի 12-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները գտնվել են պետական սահմանի մոտակայքում և իրականացրել պետական սահմանի պահպանությունը։ Հակառակ կողմում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողներն են իրականացրել մարտական հերթապահություն։ 2020 թվականին դեկտեմբեր ամսին Ադրբեջանի և Հայաստան Հանրապետության զինվորականները  պետական սահմանի ճշգրտման ընթացքում տեղադրել են դրոշներ երկու կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ենք տեղադրել, Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանի զինվորականները»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 12-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն հատել են պետական սահմանը և 3-3,5 կմ խորացել Հայաստանի Հանրապետության տարածք։

«Նշված խորքում հայտնաբերվել են 200-250 զինծառայողներ տարբեր զորատեսակներից՝ և սահմանապահ զորքերից, և Ադրբեջանական Հանրապետության հատուկ զորքերի ստորաբաժանումներից»,- նշեց Մինասյանը։

Կորպուսի հրամանատարի խոսքով՝ այս պահի դրությամբ իրադրությունը վերահսկվում է։ «Մեր ստորաբաժանումները գտնվում են ելման դիրքերում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժումների հետ անմիջական շփման պայմաններում։  Մոտակայքում գտնվում են նաև բնակավայրեր, բնակավայրերում խուճապային իրավիճակ չկա, բոլորին հասկանալի է, որ իրադրությունը շտկման փուլում է»,- ասաց Մինասյանը։

Դեսպանները կորպուսի հրամանատարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ արդյոք Ադրբեջանի կողմից սահմանին կոտակումներ կա՞ն: Կորպուսի հրամանատարը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին նկատվել են կուտակումներ։ «Հետախուզական անօդաչու թռչող սարքեր նույնպես նկատվել են»,- հավելեց նա։

Միջոցառման ավարտից հետո դեսպաննեն ուղևորվեցին Սև լճի տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել