11։41- Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև այդ գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ [Արա Այվազյանը՝ Զարիֆի հետ զրույցում]

 

11։34- Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: [ԱԺ անկախ պատգամավոր Արման բաբաջանյան]

 

10։01- ՀՀ ՄԻՊ-ի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ ԶՈՒ ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ՝ կրակահերթ արձակելով, սպանել են ՀՀ զինծառայողի: ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը։ [ՀՀ ՄԻՊ]

 

09։43- Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը: [«Հանրապետություն» կուսակցություն]

 

25․05․2021թ․

22։40- Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով։ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով] |tert.am|

 

21։26- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:

 

20։47- Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: [ՀՀ ԱԳՆ]

 

20։15- Հորդորում ենք ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]

 

19։35- Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ։ [Արմեն Սարգսյան]

 

18։55- Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

 

18։35- Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից: Բանաձեւում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։ [Նիդերլանդներում Հայաստանի դեսպանություն]

 

18։27- Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։ [ՀՀ ՊՆ]

 

17։14- Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։ [ՀՀ ՊՆ]

 

16։58- Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ]

 

14։37- ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը»,-նշել է Դևիդ Վալադաոն։ |armenpress.am|

 

13։47- ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հարությունյանը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում ՊՆ դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Քննարկվել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։ [ՊՆ]

 

13։43- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ Այվազյանը մանրամասն ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]

 

11։10- Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու։ [«Իմ քայլը» խմբ․ պատգամավոր Միքայել Զոլյանը՝ սահմանային իրադրության մասին] |tert.am|

 

10։48- Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]

 

24․05․2021թ․

21։45- Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ։ Հարությունյանը Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները, անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։ [ՀՀ ՊՆ]

 

21։41- Կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։ Իսկ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ [ՀՀ ՊՆ]

 

16։29- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին։ Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

 

23․05․2021թ․

21։25- Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են։ [Տեղի համայնքապետարան]

 

13։27- Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։ Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը: Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]

 

22․05․2021թ․

18։05- Եվրախորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրախորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում: Բանաձևը փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ [ՀՀ ԱԳՆ]

 

16։41- ՀՀ ՊՆ-ը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: ՊՆ-ի փոխանցմամբ նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: |armenpress.am|

 

14։32- Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ։Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի։ |tert.am|

 

11։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը: [ՀՀ կառավարություն]

 

10։32- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սև լճին հարակից տարածքի միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին։ Ադրբեջանական զինված անձինք մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում է՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում: ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:

 

21․05․2021

21։17- ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայատարարվել, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ։ [Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ «Պատիվ ունեմ» դաշինքի հանդիպումից] |news.am|

 

20։53- Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկու երկրներին։ Հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը։ [«Հանրապետություն» կուսակցություն]

 

16։57- Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: [ՀՀ զինվորական դատախազություն]

 

16։22- ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն ԱՀ տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս իրավիճակում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16։10- Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։ [«Հայ Ազգային Կոնգրես»]

 

14։47- Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։ Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։ [ՀՀ ՊՆ]

 

14։18- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը․ «Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը: |ria.ru| |tert.am|

 

13։31- Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու։ [Ռուբեն Ռուբինյան]

 

13։29- Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ռազմական կցորդներին ներկայացվել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին: Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը: [ՀՀ ՊՆ]

 

13։24- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։

 

Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։

 

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)