Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան
14:05 - 23 մայիսի, 2021

Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Այս համագումարը պետք է կայանար մեկ շաբաթ առաջ, սակայն երբ թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, «Լուսավոր Հայաստան»-ը այն չեղարկեց։ Հետո մենք տեսանք, որ համագումարը համագումարի հետևից տեղի են ունենում երկրում, և հասկացանք, որ ոչ մի գործընթաց, ըստ էության, կանգ չի առնում։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ, արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ հասկացան՝ ընտրությունների գնացքն այլևս շարժվել է։

«Մենք առաջինը կոչ արեցինք, որ թշնամու դեմ բոլորով լինենք համախմբված, առաջինը կոչ արեցինք լուծումնր գտնել, բանակցությունների միջոցով թշնամուն դուրս հրավիրել ՀՀ սուվերեն տարածքից։ Մինչ օրս այս ճգնաժամը շարունակում է խորանալ, որովհետև օր օրի մենք տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին իր զորքերն ավելացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից»,- ասաց Մարությանն ու ավելացրեց, որ ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո՛, դրանք կարող են քննարկվել ապագայում, սական ոչ մի դեպքում չեն կարող քննարկվել բռնության, զենքի, ուժի սպառնալիքի ներքո։

Նա նշեց՝ միջազգային հանրության և մեր դիվանագիտության միջոցով պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ «Կրակե՞լ։ Այս հարցի պատասխանը տվել ենք, կրակելը միշտ էլ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։


ԼՀԿ ղեկավարի խոսքերով՝ մեր թշնամուն մենք լավ գիտենք, բայց կա էլի մի թշնամի, որի մասին կարծես չենք ուզում խոսել, և դա, ըստ նրա, ատելությունն է։ «Երկիրը բաժան-բաժան է արված, երկար ժամանակ ատելությունն անդադար քարոզվում է, որը մենք մերժել ենք ու մերժում ենք։ Այս ընտրական պրոցեսը գնում է նորից նույն հունով՝ իրար ատել, իրար թուլացնել ու թշնամու դեմ կանգնել թուլացած, իրարից մասնատված։ Եվ դրա համար էինք մենք ասում, որ երբ թշնամին մտել է ՀՀ տարածք, մեր թշնամին մեկն է, նա, ով մտել է Հայաստանի տարածք»,- ընդգծեց նա։

Խոսելով վերջին օրերին քննարկվող փաստաթղթի մասին, Մարուքյանը նշեց․ «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, որ հիմա վերջնական գնահատական կարողանամ տալ, բայց մի բան հստակ գիտեմ, որ պրոսեցներ են ընթացել առանց մեր իմացության։ Նկատի ունեմ՝ առանց ժողովրդի իմացության։ Մենք արտահերթ նիստ հրավիրեցինք, հայտարարություն առաջարկեցինք, որը խորհրդարանում տապալվեց, բայց մեզ հաջողվեց գոնե տեղեկություններ ստանալ, սակայն դրանք իրավիճակն ավելի մտահոգիչ դարձրին մեզ համար ու ավելի շատ հարցեր առաջացրին։ Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի ղեկավարն իր խոսքում ասի, որ Ադրբեջանի տարածքում կան Սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են։ Մենք դա լսում ենք մեր ղեկավարությունից։ Անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք խոսում դրա մասին, ինչու՞ ենք բարձրաձայնում դա»։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրավիճակն այս մասով շատ ծանր է, և եթե այս վիճակը խորանալու է, նա չի բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա։ «Եթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է իր քանակով ավելանա ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ինչի՞ց ենք խոսելու այդ ժամանակ։ Հիմա էլ համագումարում չունենք ընտրական տրամադրություն, լավ օրից չէ, որ այսպես ենք հավաքված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։


Նա անդրադարձավ նաև սպասվող մրցավազքին․ «Այն տեղի է ունենում հետևյալ տրամաբանությամբ․ իշխանության քարոզչամեքենան ասում է․ «Ժողովուրդ ջան, նախկինները հետ են գալիս, դրա համար եկեք մեզ ընտրեք, մենք մնանք, հանկարծ նախկինները չգան»։ Նախկիններն էլ ասում են, որ հեղափոխությունը շատ վատ բան էր, Արցախը կորցրինք, դրա համար թող այս իշխանությունները գնան։ Բայց կա շատ կարևոր հանգամանք․ մեր ժողովրդի իրականացրած հեղափոխությունը, որ տեղի է ունեցել 2018 թվականին, դրա և այսօրվա իրականության միջև ոչ մի կապ չկա։ Ոչ մի կապ չկա, որ հեղափոխություն է եղել, դրա համար էսօր վատ է ամեն ինչ։ Մի բան, որ ժողովուրդն աներկբա որոշում է անել ու անում է, չի կարող սխալ լինել, սխալն այլ տեղ է եղել։ Սխալն այնտեղ է եղել, որ երբ ժողովուրդը դա արել է, դրա կապիտալիզացիան վստահել է մարդկանց մի խմբի, որոնք դրա շնորհքը, կոմպետենտությունը չեն ունեցել։ Եվ բոլոր հույսերը հօդս են ցնդել»։

Մարուքյանը նշեց, որ տպավորություն ունի, թե մարդկանց մի մասը պատրաստ է ներելու այսօրվա իշխանություններին, սակայն շեշտեց, որ կարելի է ներել այն մարդկանց, որոնք սխալ են արել, բայց հասկացել են դա ու սկսել են ճիշտ գործել, իսկ եթե սխալից հետո էլ շարունակում են նույնը, ի՞նչը և ո՞նց պետք է ներել։

Նա նաև հիշեցրեց, որ ճգնաժամի հաղթահարման համար Ազգային ժողովի ամբիոնից առաջարկել է բոլոր նախկին նախագահներին, որոնք ունեն շատ մեծ ռեսուրսներ, մի կողմ քաշվել, չմասնակցել այս պրոցեսներին, քանի որ, ըստ Մարուքյանի, նրանց մասնակցությամբ իշխանությունը միս ու արյուն է ստանում։ «Նրանց հակառեյտինգի շնորհիվ իշխանությունը ուժ է ստանում։ Ամենայն անկեղծությամբ նրանց ասում եմ՝ եթե դուք մասնակցում եք, դուք վերարտադրելու եք Նիկոլին։ Կաք դուք, կա Նիկոլը, չկաք դուք, չկա Նիկոլը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ երկրում բարոյականության ճգնաժամ կա, նայում է՝ ինչ ուժեր, ինչ մարդիկ են իրար հետ դաշինք կազմում, ուղղակի ապշում է։ Մարուքյանը հիշեցրեց նաև իրենց կարգախոսը՝ «Կա այլընտրանք, քվեարկի՛ր»։

«Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք, որպես փոփոխություններ բերող ուժ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել