Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՄԱՍԿ կուսակցությունից առաջարկ է ստացել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ՄԱՍԿ-ի նախաձեռնած գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն։
Նա նշեց՝ քննարկումների արդյունքում տվել է համաձայնությունը։ Մարուքյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ կնախաձեռնի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին։
Հիշեցնենք, որ գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն։ Ավելի վաղ՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնած անվստահության գործընթացի շրջանակում «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց որեւէ նախապայմանի կքննարկեն թեկնածուի հարցը ու կնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցությունն ունի 6 պատգամավոր։
«Հայաստան» խմբակցությունն էլ նշել էր, որ կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
comment.count (0)