Ճանապարհը երկար ժամանակ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղ ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել. Նիկոլ Փաշինյան |aysor.am|
09:29 - 04 ապրիլի, 2019

Ճանապարհը երկար ժամանակ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղ ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհների խնդիրներին։

«Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք», - ասաց վարչապետը։

Նա նշեց, թե անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են։

«Նրանք իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, թե խոսքը, մասնավորապես, վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածին։

«Մենք չեն ընդունել աշխատանքները բացարձակ անորակ լինելու պատճառով և հիմա նախարարությունը պարտավորեցրել է աշխատանքը սկսեն», - ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե այդ մարդիկ պետք է պատժվեն։

«Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը», - ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով ՀՀ գլխավոր դատախազից, թե ի՞նչ կարող են անել։

«Առաջին հայացքից, այո, դրանք պայմանագրային հարաբերություն է, ուղղակի պետք է նայել, թե պայմանագիրը ինչ կարգավորումներ է նախատեսել։ Որպես կանոն՝ այդ տեսակ պայմանագրերը նախատեսում են տույժ-տուգանքներ։ Որպեսզի քրեական գործի հասնի, մենք պետք է բովանդակությունն ու ծավալը ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք հանցակազմ կա», - ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այդ մարդիկ դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել։ «Մենք շատ լուրջ ֆինանասկան վնասներ ենք կրել ու այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Ճանապարհը երկար ժամանակ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղ ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք »,- ընդգծեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել