Հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է  149 ապօրինի շինարարության իրականցման դեպք, որից 50-ը քանդվել են․ քաղաքապետարան
12:53 - 12 հուլիսի, 2021

Հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է 149 ապօրինի շինարարության իրականցման դեպք, որից 50-ը քանդվել են․ քաղաքապետարան

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով այն հարցին, որ Աջափնյակ վարչական շրջանում օրեցօր ավելանում են ապօրինի կրպակներն ու շինությունները, նշեց՝ Աջափնյակում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, և այնտեղ ներգրավված են պետական մարմիններից, դատական համակարգից բազմաթիվ մարդիկ, թաղային հեղինակություններ։ Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանը դիմել է ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն։

Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից մեկն Infocom-ին հայտնել է, որ իրենք նամակով դիմել են պատկան մարմիններին՝ ներկայացնելով առաջ եկած խնդիրը։ Նամակում բնակիչները պատմել են, որ հունիսի 21-ի դրությամբ Աջափնյակի Հալաբյան-Մարգարյան փողոցների՝ հանրային տարածք հանդիսացող հատվածներում վերջին մեկ ամսում տեղադրվել է շուրջ 20 ապօրինի շինություն։ Շինությունները տեղադրվել են գիշերը։

Իրենց դիմումով բնակիչները պահանջում են հեռացնել այս ապօրինի կառույցները, գտնել ու պատասխանատվության ենթարկել հանրային տարածքների զավթմամբ զբաղվող անձանց, ոստիկանական վերահսկողություն սահմանել նշված փողոցներում՝ ընթացիկ և հնարավոր նոր զավթումը կանգնեցնելու ու կանխելու նպատակով։

Հղում անելով քաղաքապետի այն խոսքին, թե Աջափնյակում բանդա է գործում, բնակիչները նշել են՝ սա ահազանգ է այն մասին, որ իրենք պաշտպանված չեն և գտնվում են զինված խմբակների հարձակման ներքո։

«ՀՀ կառավարությունը և ոստիկանությունը պետք է անհապաղ կարգի հրավիրեն նշված խմաբկենրին և մեկուսացնեն հանրությունից՝ հնարավոր վտանգը կանխելու նպատակով»,- ասված է բնակչների նամակում։

Հունիսի 23-ից Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում սկսեցին ապամոնտաժվել ապօրինի շինություններ: Նույն օրը ինքնակամ կառուցված կրպակներ քանդվեցին նաև Շենգավիթ վարչական շրջանում: 

Infocom.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ցանկացած ինքնակամ շինություն օրենքով սահմանված ընթացակարգով ենթակա է քանդման, քաղաքապետարանն այդ հարցում վճռական է և առաջնորդվելու է օրենքով: Իսկ դատական գործընթացի ծավալման դեպքում շինության ճակատագիրը որոշվելու է կայացված վճռի հիման վրա։

«Իրավապահ մարմինների հետ համագործակցությունը մշտական է: Վերջիններս քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ ապահովում են հասարակական կարգը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, համագործակցում են այլ ուղղություններով: Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումները իրենց լիազորությունների շրջանակում իրականացնում են օրենքով նախատեսված բոլոր գործառույթները, այդ թվում ՝ վարչական տուգանքների կիրառումը: Առանձին դեպքերում, այո՛, հարուցվել են քրեական գործեր, որոնց մասին այլ տեղեկություն հնարավոր չէ փոխանցել»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 149 ապօրինի շինարարության իրականցման դեպքեր, որից թվով 34 դեպք նույն ժամանակահատվածում արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում։ Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ընդհանուր դեպքերի քանակը կազմում է թվով 50 դեպք, այդ թվում՝ միայն Աջափնյակ վարչական շրջանում թվով 33 դեպք։ 

Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի տրամադրած թվային տվյալները՝ վերջին եռամսյակում (փետրվարի 28-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում)  Երևանի վարչական շրջաններում հայտնաբերված ապօրինի շինությունների կառուցման ու հողազավթումների և դրանց քանդման վերաբերյալ։ Յուրքանաչյուր գրաֆիկի ներքին հատվածում նշված է, թե որ ժամանակահատվածին են վերաբերում տվյալները։

 
Ասպրամ Փարսադանյան
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել