Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի չորրորդ ալիք տանող ճանապարհին, որի հիմնական պատճառը պատվաստումների ցածր տեսակարար կշիռն է․ Դավիթ Մելիք-Նուբարյան
12:37 - 15 հուլիսի, 2021

Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի չորրորդ ալիք տանող ճանապարհին, որի հիմնական պատճառը պատվաստումների ցածր տեսակարար կշիռն է․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կորոնավիրուսային իրավիճակը բարդացել է հարևան Վրաստանում։ Վերջին օրերին այդ երկրում կորանավիրուսով վարակման օրական դեպքերը անցել են 1000-ից։ Համաճարակային իրավիճակի սրում կա նաև Իրանում․ հուլիսի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել էր կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկման հավանականության մասին։ Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել նաև Ռուսաստանի Դաշնությունում։ 

Ինչու՞ է COVID-19-ը շարունակում տարածվել և ինչպիսի՞ն է համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է, որ կորոնավիրուսի տարածումը 2 գործոնով է պայմանավորված։ «Այն երկրներում, որտեղ կորոնավիրուսը ակտիվ տարածվում է, պատվաստումների քանակը 75-80%-ից ցածր է։ Ինչ-որ առումով նորմալ է, որ պետք է տարածվի, հատկապես այն դեպքում, երբ սահմանափակող միջոցառումները կա՛մ մեղմացվել են, կա՛մ այդքան էլ լավ չեն պահպանվում»։

Երկրորդ գործոնն էլ, ըստ հանրային առողջության մասնագետի, կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկվելն է։ «Այսպես կոչված «դելտա» շտամը ավելի արագ տարածման հատկություն ունի՝ մոտավորապես 40-60%-ով ավելի, քան «ալֆա» շտամը։ Շտամերը փոխվում են և նոր շտամերը, որպես կանոն, դուրս են մղում հները»։

Հանրային առողջության մասնագետն ասում է, որ ցանկացած միկրոօրգանիզմ մուտացիայի է ենթարկվում, և դա հատկապես  բնորոշ է վիրուսներին։ «Վիրուսները, որպես այդպիսին, կենդանի օրգանիզմներ չեն, բայց ինչ-որ միջանկյալ դիրք են զբաղեցնում և ավելի արագ են մուտացվում, քան, օրինակ, այլ օրգանիզմներ։ Ինչպես ցանկացած երևույթ, այդպես էլ կորոնավիրուսը «ուզում է» վերարտադրվել, և փորձում է դառնալ «ավելի լավը», որ ավելի հեշտ վերարտադրվի»,-ասում  է նա և հավելում, որ, ըստ կանխատեսումների՝ եվրոպական երկրներում օգոստոս ամսին հիվանդացության 90 և ավելի տոկոսի դեպքում գրանցվելու է կորոնավիրուսի «դելտա» շտամը։

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ հիվանդության դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է։ «Որքան շատ է վիրուսը տարածվում մարդկանց շրջանում, այնքան դրա մուտացիայի ենթարկվելու հավանականությունը մեծանում է, իսկ եթե մենք շատ ենք պատվաստվում, դրանով կրճատում ենք վիրուսի տարածման հավանակաությունը, և, հետևաբար, կրճատում ենք իր՝ մուտացիայի ենթարկվելու հավանականությունը։ Այսինքն՝ մեր պայքարի հիմնական միջոցը վիրուսի տարածումը հնարավորինս դադարեցնելը, ընդհուպ կանգնեցնելն է»,-ասում է նա՝ հավելելով, որ մինչ այս ստեղծված պատվաստանյութերը կարող են պայքարել նաև հնդկական «դելտա» շտամի դեմ։

Անդրադառնալով Հայաստանում առկա համաճարակային իրավիճակին՝ Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծում է, որ իրավիճակը լարված է ու շարունակելու է լարված մնալ։ «Մենք հիմա գտնվում ենք կորոնավիրուսի չորրորդ ալիք տանող ճանապարհին, որի հիմնական պատճառը մեր երկրում պատվաստումների աննկարագրելի ցածր տեսակարար կշիռն է՝ համեմատած այլ երկրների։ Մի քանի շաբաթ հետո մենք պետք է սպասենք բարձր թվերի, հիվանդանոցներում տեղ չլինելուն՝ իր բոլոր հետևանքներով»։

Նա նաև նշում է, որ եթե Հայաստանում չապահովվի բնակչության 75-80 տոկոսի պատվաստումը, անընդհատ լինելու են կորոնավիրուսի նոր ալիքներ։ «Անընդհատ ունենալու ենք նոր կորուստներ, անընդհատ ունենալու ենք ճգնաժամային իրավիճակներ, անընդհատ շարունակելու ենք կրել շոշափելի ֆինանսաական կորուստներ։ Դա աքսիոմատիկ է և քննարկման ենթակա չէ»։

Ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է՝ հավելելով, սակայն, որ նկատվում է վերարտադրման ցուցանիշի աճ։ «Այս պահին մենք պահպանում ենք օրական թեստավորման մեջ դրական դեպքերի 4%-ի ցուցանիշը, որը բավական լավ և կարևոր է, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ։ Եթե ընդհանուր թվերը համեմատենք մեկ երկու շաբաթ առաջվա հետ, մենք մի փոքր ավելի նվազ թվեր ունեինք»։

Նա նաև նշել էր, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրանքային հետազոտություններ, և «Դելտա» շտամի հայտնաբերման դեպքում հանրությունը կտեղեկացվի այդ մասին։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել