armenpress.am: Հանրապետությունում 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով «Հայոց լեզու» առարկայի իմացության մակարդակի անկում չի նկատվում: Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն դիմորդները ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր:
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշել է, որ «Հայոզ լեզու» առարկայի քննությունից ստացված ցածր գնահատականների վերաբերյալ բարձրացված աղմուկը վերաբերում էր երկրորդ փուլին:
«Միայն երկրորդ փուլով ասել, որ հայոց լեզվի իմացության մակարդակն իջել է, ճիշտ չէ: Ընդհանուր արդյունքները դիտարկելով՝ չէի ասի, որ այս տարի հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է: Սովորաբար ցածր են լինում այն քննությունների գնահատականները, երբ դրանք կազմակերպվում են լրացուցիչ փուլում: Տարիներ շարունակ փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ: Նորից եմ կրկնում՝ երկրորդ փուլի մասին է խոսքը, իսկ ընդհանուր գնահատականների համար, անհրաժեշտ է դիտարկել երկու փուլն էլ»,- ասաց Կարո Նասիբյանը: Այս տարի հայոց լեզվից քննություն տվողների 1/3-ը 18 -ից բարձր միավոր է ստացել:
Լրագրողների այն դիտարկմանը, որ անգլերենի գնահատականներն ավելի բարձր են, քան հայոց լեզվինը, Կարո Նասիբյանը նշեց, որ դա նորություն չէ: Տարիներ շարունակ «Անգլերեն»-ից, ընդհանրապես, օտար լեզվից, ավելի բարձր են ստանում, քան «Հայոց լեզու» առարկայից:
«Ի դեպ, ասեմ, որ այս տարի դիմորդները բարձր միավորներ ստացան նաև «Հայոց պատմություն»-ից, և օտար լեզվի հետ միջին միավորները համարյա հավասարվեցին: Միայն պատմությունից 135 հոգի 20 է ստացել: Թեպետ ասեմ այստեղ ինչ խնդիր կա: Դա պայմանավորված էր միջինից թույլ թեստով: Ես կարծում եմ, որ «Հայոց պատմություն» առարկայի հետ կապված քննության հարցում Գնահատման և թեստավորման կենտրոնը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անելիք ունեն: Շտեմարանները 4 տարի է չեն փոխվել, դիմորդների համար դժվար չէ 4 շտեմարանն էլ անգիր անել»,-հավելեց Կարո Նասիբյանը:
comment.count (0)