Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում |tert.am|
13:52 - 15 մարտի, 2019

Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում |tert.am|

Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Tert.am-ի հարցմանն այսպես են պատասխանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցմանը, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է նոր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ Իրանի հետ համագործակցություն ունենալու պատճառով: Դեսպանատունը մատնանշում է սակայն, որ ԱՄՆ-ն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ իր բոլոր գործընկերներին նույն ուղերձն է հղում՝ ակնկալելով, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները որպես Միավորված ազգերի կազմակերպության ու միջազգային հանրության անդամ:
Պատասխանն ամբողջությամբ՝ ներքևում.

«Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Առավելագույն ճնշումների մեր արշավը փաստացի ծավալվում է աշխարհով մեկ:

Մենք հասկանում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական հարաբերություններ իր հարավային հարևանի հետ, սակայն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ մեր բոլոր գործընկերներին մենք նույն ուղերձն ենք հղում՝ ակնկալելով, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները որպես Միավորված ազգերի կազմակերպության ու միջազգային հանրության անդամ: Նաև մենք Հայաստանը դիտարկում ենք որպես Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր տարածաշրջանում:

Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չպետք է կառուցվեն այնպիսի կառույցների շուրջ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը և Միջին Արևելքի ապակայունացմանը: Այս նկատառումների հիման վրա ԱՄՆ կառավարությունը 2011թ.  պատժամիջոցների ցանկում է ներառել Մահան Էյր ավիաընկերությանը, որը շարունակաբար աջակցում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, լիբանանյան Հիզբոլային և Ասադի ռեժիմին՝ Սիրիայում: Գործողությունների համատեղ համապարփակ  ծրագրի շրջանակում այս պատժամիջոցը չէր հանվել. Մահան Էյրի անազնիվ գործունեությանը մենք ջանում ենք հակազդել ամբողջ աշխարհում, և ոչ բացառապես Հայաստանում:

2018թ. նոյեմբերին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Երևանում գործող Մելլաթ բանկին՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Բասիժ դիմադրության ուժերին աջակցող կառույցների ցանցում ընդգրկված ընկերություն:  ԱՄՆ կառավարությունը 2019թ. հունվարին Մահան Էյրին աջակցելու համար պատժամիջոցների ցանկում է ներառել նաև Մահան Էյրի վաճառքի գործակալ հանդիսացող Ֆլայթ թրավել ՍՊԸ-ին:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել